Երեւանում կառուցւում է «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի եւ
զվարճանքի կենտրոնը
26-10-2009 16:32:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 26-ին
«Էրեբունի» հիւրանոցում տեղի ունեցաւ «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի
եւ զվարճանքի կենտրոնի նախագծի շնորհանդէսը: Ինչպէս նշեց նախագծի
ղեկավար Ալեքսանդր Յարութիւնեյանը, 46 հազ. քմ տարածք ընդգրկող
կենտրոնը կտեղակայուի «Դալմայի այգիներ» միկրոշրջանում: Կենտրոնի
շինաշխատանքները սկսուել են 2008թ.-ին:
Նրա խօսքերով, շինարարութեան արժէքը 40 մլն ԱՄՆ դոլար է:
Ֆինանսավորումը կատարում է «Դալմա Ինվեստ» ՍՊԸ-ն, որը ռուսական
«Տաշիր» մայր ընկերութեան դուստր ձեռնարկութիւնն է:
Ըստ Ա.Յարութիւնեանի, Հայաստանում առաջին բազմաֆունկցիոնալ
երկհարկանի առեւտրի եւ ժամանցի կենտրոնի բացումը նախատեսւում է
2010թ.-ի երրորդ կիսամեակում: «Դալմա Գարդեն Մոլ»-ը միախմբելու է
մթերային հիպերմարկետներ, վաճառասրահներ, ռեստորաններ, արագ սննդի
կէտեր, բանկեր, տուրիստական գործակալութիւններ, շինանիւթի
խանութներ, կահոյքի սրահներ, կինոթատրոն, ժամանցի գօտի երեխաների
համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը նշեց, որ զվարճանքի,
առեւտրի եւ ծառայութիւնների միատեղումը աշխարհում տարածուած մոդել
է, ինչը թոյլ է տալիս էապէս աւելացնել ծառայութիւնների,
ապրանքների մատչելիութիւնը: «Շինարարական ծաւալները եւս վկայում
են, որ դա միջազգային մակարդակի առեւտրային կենտրոն է լինելու»,-
ասաց Ն.Երիցյանը: Ըստ նախարարի, դա հիմնականում սոցիալական տարածք
է լինելու, որտեղ մարդիկ յարմարաւետ միջավայրում կարող են իրենց
օրն անցկացնել: Նա միաժամանակ նշեց, որ նման կենտրոններից կարող են
օգտուել տարբեր խաւերի մարդիկ: