Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակոյթի կենտրոնի նորանշանակ տնօրէնին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակոյթի կենտրոնի նորանշանակ տնօրէնին

  • 06-10-2017 12:41:27   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատան պատուիրակութեանը` գլխաւորութեամբ Իրանի Իսլամական կապերի եւ մշակոյթի կազմակերպութեան միջազգային գծով տեղակալ պրն. Աբբաս Խամեյարի: 
Պրն. Աբբաս Խամեյարը Նորին Սրբութեանը ներկայացրեց դեսպանատան մշակոյթի նորանշանակ տնօրէն Խեյեդ Մուհամմադ Ռեզայ Հէյդարին: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետին հրաժեշտ տուեց իր առաքելութիւնն աւարտող տնօրէն Մաջիդ Մեշքին` շնորհակալութիւն յայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուշադրութեան, իր պաշտօնավարման ընթացքում Մայր Աթոռի հետ ունեցած արդիւնաւէտ համագործակցութեան ու ջերմ կապերի համար:
Նորին Սրբութիւնը գուհունակութեամբ անդրադարձաւ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում արձանագրուած սերտ համագործակցութեանը: Գարեգին Բ. Հայրապետը մասնաւորապէս խօսեց մշակոյթի կենտրոնի հետ Մայր Աթոռի սերտ կապերի եւ համատեղ իրականացրած միջոցառումների մասին` այդ կապակցութեամբ իր գնահատանքը փոխանցելով պրն. Մեշքիին եւ յոյս յայտնելով, որ գործակցութիւնը մշակոյթի կենտրոնի հետ կը շարունակուի: 
Զրոյցի ընթացքում կարեւորուեց մշակոյթների եւ կրօնների միջեւ երկխօսութեան խթանումը, ինչը նպաստում է ժողովուրդների փոխճանաչողութեանը եւ համերաշխութեան, հանդուրժողականութեան ու խաղաղ համակեցութեան մթնոլորտի ձեւաւորմանը: Զրուցակիցները հաստատեցին, որ կրօնները խաղաղասիրական առաքելութիւն ունեն` դատապարտելի նկատելով ծայրահեղական ուժերի կողմից կրօնի շահարկումները եւ կրօնական քօղի ներքոյ աշխարհում տեղ գտնող բռնութիւններն ու ահաբեկչութիւնները: 
Այս առնչութեամբ Վեհափառ Հայրապետն ընդգծեց Մայր Աթոռի պատրաստակամութիւնը` շարունակելու սատարել կրօնական երկխսութեանը եւ ակտիւ մասնակցութիւն բերել այդ գործընթացում:
Պրն. Աբբաս Խամեյարը, իբրեւ կրօնական համայնքների համերաշխ կեցութեան օրինակ, նկատեց հայկական համայնքների առկայութիւնը Իրանում: Այս առիթով Նորին Սրբութիւնն իր երախտագիտութիւնը յայտնեց ԻԻՀ իշխանութիւններին հայկական համայնքների եւ հոգեւոր-մշակութային արժէքների հանդէպ դրսեւորուող հոգատար վերաբերմունքի համար:
Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշակոյթի կենտրոնի նորանշանակ տնօրէնին մաղթեց արգասաբեր գործունէութիւն  Հայաստանում: 
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:
  -   Մամլո հաղորդագրություն