Ներկայումս Հայաստանի տնտեսութիւնը կառավարելի է եւ<br /> կանխատեսելի,- ասում է ֆինանսների նախարար<br />


Ներկայումս Հայաստանի տնտեսութիւնը կառավարելի է եւ
կանխատեսելի,- ասում է ֆինանսների նախարար

  • 28-09-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «2009թ.-ը բարդ տարի էր, եւ տնտեսությունն իր ողջ ծաւալով զգաց ճգնաժամի ազդեցութիւնը: ՀՀ կառավարութիւնն աշխատել եւ աշխատում է ճգնաժամային պայմաններում, ինչն էականօրէն ազդել է թէ կառավարութեան քաղաքականութեան, թէ բիւջէի ձեւաւորման վրայ»: Այս մասին Հայաստանի կառավարութեան սեպտեմբերի 28-ի արտահերթ նիստում 2010թ.-ի պետական բիւջէի նախագծի քննարկման ժամանակ նշեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը: Նրա խօսքերով, 2010թ.-ի բիւջէն կազմուել է այս տարուայ ընթացքում արդէն արձանագրուած տնտեսական ցուցանիշերի, այս տարուայ մնացած ժամանակահատուածի եւ եկող տարուայ համար կանխատեսումների հիման վրայ: Ըստ Տ.Դաւթեանի, ակնկալւում է, որ ՀՆԱ-ի այս պահի դրութեամբ արձանագրուած 18,5% անկումը տարեվերջին կլինի 15%-ի սահմաններում, քանի որ տնտեսութեան մէջ կայունացման որոշակի միտումներ նկատւում են արդէն օգոստոսից, եւ հոյս կայ, որ դրանք կշարունակուեն եւ առաւել ակնառու կդառնան տարեվերջին: Նշուեց նաեւ, որ տարեվերջին ՀՆԱ-ն, ըստ կանխատեսումների, կկազմի շուրջ 3 տրլն 116 մլրդ դրամ, ինչը 2008թ.-ի նոյն ցուցանիշից մօտ 15%-ով պակաս է: Զգալիօրէն կրճատուել են հարկերի եւ պետական տուրքերի ծաւալները. դրանք տարեվերջին կկազմեն 510-530 մլրդ դրամ` նախատեսուած 727 մլրդ-ի դիմաց: Ըստ Տ.Դաւթեանի, ընթացիկ տարուայ համար նախատեսուած բիւջէտային ծախսերը ծրագրուած 945 մլրդ դրամի դիմաց կկազմեն 900-910 մլրդ: Դրանք կիրականացուեն հիմնականում բիւջէի եկամուտների եւ միջազգային կառոյցներից ներգրաւուած վարկային միջոցներով (այս տարի Հայաստանը վարկեր է ներգրաւել 60 մլն դոլարի չափով` Համաշխարհային բանկից, 155 մլն դոլարի չափով` Արժոյթի միջազգային հիմնադրամից, 80 մլն դոլարի չափով` Ասիական զարգացման բանկից, եւս 500 մլն դոլար` Ռուսաստանից): Տարուայ ընթացքում որոշ ծախսերի կասեցումները նախարարը բացատրեց բիւջէտային գործընթացներն առաւել կառավարելի դարձնելու նպատակադրմամբ, որով փորձ է արւում նաեւ որոշակիօրէն հաւասարակշռել եկամուտների հաւաքագրման ծաւալների կրճատումը: Տնտեսվել կամ կասեցուել են այնպիսի ծախսերը, որոնք էական նշանակութիւն չունեն տնտեսութեան համար: Անփոփոխ են մնացել սոցիալական, ազգային անվտանգութեանն ուղղուած, պետական կառավարման ծախսերի իրականացումը եւ դոտացիաների տրամադրումը. դրանք համարւում են կարեւորագոյն ծախսեր: Նախարարը տեղեկացրեց, որ ըստ կանխատեսումների, այս տարեվերջին բիւջէի դեֆիցիտը կլինի մինչեւ 7%: ՀՀ Ազգային ժողովի ընդունած օրէնքով Հայաստանի բիւջէի դեֆիցիտի վերին շեմը որոշակիօրէն բարձրացուել է` հասցվելով 7,5%-ի: Տ.Դավթեանը վստահեցրեց, որ ամէն ինչ արւում է դեֆիցիտը նախատեսուած մակարդակի վրայ պահելու համար:
  -   Տնտեսութիւն