«Մեծ Մերձաւոր Արեւելք» ծրագրի նոր զարգացումները. քրդերի հանրաքուեն Իրաքում եւ Հայկական Հարցը


«Մեծ Մերձաւոր Արեւելք» ծրագրի նոր զարգացումները. քրդերի հանրաքուեն Իրաքում եւ Հայկական Հարցը

  • 05-12-2017 04:32:48   | Հայաստան  |  Քաղաքական

Շուրջ 30 տարի է ինչ արեւմուտքի կողմից գործողութեան մէջ է դրուած «մեծ Մերձաւոր Արեւելքէ քաղաքական ծրագիրը: Դրա վերաբերեալ հրապարակումները, քարտէզներն ու յօդուածները հնարաւորութիւն են տալիս պատկերացում կազմելու այն մասին, որ ծրագրի իրականացման հետեւանքում, տարածաշրջանում գոյութիւն ունեցող պետութիւնների մասնատման հեռանկարում, առաջանալու են ազգային, կրօնական, պետական նոր միաւորումներ:
 
Ըստ այդմ, բնականաբար, շատ է խօսւում տարածաշրջանի բնիկների, ազգային — կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների մասին: Աւելին, քայլեր են արւում այդ իրաւունքները կեանքի կոչելու, ինչպէս նաեւ դրանց իրաւաչափութիւն հաղորդելու ուղղութեամբ: Այդ քայլերից է 2017 թ. սեպտեմբերի 25-ին Իրաքի հիւսիսում քրդերի անկախութեան վերաբերեալ կազմակերպուած հանրաքուէի անցկացումը:
Այդ հանրաքուեն, ինչպէս նաեւ տարածաշրջանի ժողովուրդների, բնիկների ու ազգային – կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների խնդիրը միայն լոկալ նշանակութեան հարցեր չեն, դրանք վերաբերում են բոլորին:
 
Ուստի բնական հարցադրում է առաջանում, թէ ինչպէս է կարգաւորուելու օրինակ հայերի, քրդերի, ասորիների, ալեւիների, թուրքերի… ապագան վերոնշեալ ծրագրի եւ տարածաշրջանի խնդիրների վերջնական կարգաւորման ենթատեքստում, եթէ այդպիսի մի հանգուցալուծում հնարաւոր է առաջիկայում:
 
Այդ իմաստով անմիջապէս տեսանելի է երկու երեւոյթի գործարկում.
 
ա/ իրաւունքների ձեւակերպում ու իրաւաչափութեան հաղորդում դրանց տարածաշրջանի մի քանի ժողովուրդների համար,
բ/ հայ ժողովրդին տրուած իրաւունքների շրջանցում, անտեսում:
 
Տեղին է յիշել, որ հայ ժողովրդի իրաւունքները ճանաչուել են 1918 – 20 թթ. ընթացքում, ճանաչուել են սակայն չեն իրականացուել:
Դրանցից յիշենք 1918 թ. Ռուսաստանի Կառավարութեան դեկրետը «թուրքահայաստանի մասինէ, Սեւրի խաղաղութեան պայմանագրի Հայաստանին վերաբերող յօդուածները, ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրոյ Վիլսոնի Իրաւարար վճիռը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի վերաբերեալ:
 
Սեւրի խաղաղութեան պայմանագրով Քրդստանին տրւում էր ինքնավարութիւն, պայմանագրի 62-րդ յօդուածում նշուած էր. «կոստանդնուպոլսում գտնուող եւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի կողմից նշանակուած երեք հոգուց բաղկացած յանձնաժողովը վեց ամսուայ ընթացքում կպատրաստի մի կանոնակարգ գերակշիռ քուրդ բնակչութիւն ունեցող այն շրջանների ինքնավարութեան վերաբերեալ, որոնք ընկած են Եփրատից արեւելք եւ Հայաստանի հարաւային սահմանից հարաւէ:
 
Ուստի բնական կը լինէր, եթէ շրջանառուող այլ թեմաներին զուգահեռ խօսուէր, արծարծուէր նաեւ հայ ժողովրդին տրուած իրաւունքների խնդիրը, որն այս պահին արծարծել է Թուրքիայի Հանրապետութիւնում հրատարակուող «Cumhuriyetէ պարբերականը: Վերջինս նշում է. «երկարաշունչ տեսանելի հեռանկարում Անկարան չունի այլ ընտրութիւն, քան ճանաչելու Քրդստանի անկախութիւնը, անցնելու Հայկական Հարցի լուծմանը, իսկ Ադրբեջանը` ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախութիւնըէ:
 
Հետեւաբար կարելի հաստատագրել, որ հայ ժողովրդի ապագան Հայկական Հարցի վերջնական եւ ամբողջական կարգաւորման հետ է կապուած, այդ թւում, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան հաստատմամբ` Արեւմտեան Հայաստանում: Քրդերի ապագան Քրդական Հարցի վերջնական կարգաւորման, Սեւրի խաղաղութեան պայմանագրի յօդուածների իրականացման մէջ է: Ժամանակակից Թուրքիայի Հանրապետութեան ապագան, ուղղակիօրէն կապուած է վերոնշեալ երկու խնդիրների վերջնական կարգաւորման հետ: Թուրքիայի Հանրապետութեան համար Հայկական Հարցի լուծման եւ քրդերի իրաւունքի, ըստ Սեւրի խաղաղութեան պայմանագրի, իրականացման գործընթացներն անկասելի են, որոնք անկասկած բերելու են քաղաքակրթական հանգուցալուծման` ի օգուտ տարածաշրջանում ապրող բոլոր ազգերի ու ժողովուրդների:
 
Քեմալականները 1920-ական թթ. Թուրքիայի համար ընտրելով զարգացման դեմոկրատական ուղին, ձեռք բերեցին տնտեսական ու քաղաքական որոշակի յաջողութիւններ պետութեան զարգացման համար: Այդ ընտրութիւնը, սակայն, այլեւս չի կարող ինքնաբաւ աշխատել ու զարգանալ, քանի որ անմիջականօրէն մի կողմից առնչւում է պետութեան մէջ քաղաքական ու քաղաքացիական նոր գործընթացներին, միւս կողմից` երկրում ու տարածաշրջանում առկայ մի քանի հարիւրամեակ պարբերաբար չկարգաւորուած Հայկական Հարցին ու դրան զուգահեռ ընթացող Քրդական Հարցին:
 
Ստացւում է Թուրքիայի Հանրապետութիւնը, նոյնիսկ երկկողմանի ուժգին ցանկութեան դէպքում, չի կարող մաս կազմել ոչ եւրոպական ինտէգրման գործընթացներին եւ ոչ էլ եւրասիական, որովհետեւ երկու դէպքում էլ վճռական դերակատարութիւն են ձեռք բերելու չկարգաւորուած վերոնշեալ երկու հարցերը: Այնպէս որ, այդ երկու խնդիրները շրջանցելու ձգտումն ու ծրագրերը` իրականում Թուրքիայի Հանրապետութեան զարգացումը խոչընդոտելու ծրագրեր են: Մենք արդէն նշել ենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը ճիշտ նոյն կերպ վարուեց, երբ խոչընդոտեց Հայերի ցեղասպանութեան ժխտողականութեան քրէականացման օրինագծի հաստատումը Ֆրանսիայի Սենատում, դրանով խոչընդոտելով Թուրքիայի Հանրապետութեան զարգացման եւս մէկ հնարաւորութիւն:
Քաղաքակրթական զարգացմանը այլընտրանք չկայ:
 
Այդպէս է եւ՛ Հայաստանի, եւ՛ քրդերի, եւ՛ Թուրքիայի Հանրապետութեան պարագային: Որքան արագ ընդդիմադիր կողմերը հասկանան եւ ընկալեն հիմնախնդրի բուն էութիւնը, այդքան քիչ կը տառապեն տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդները:
 
Արմէն Տէր-սարգսեան
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
  -   Քաղաքական