Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի եւ Հարաւային Կովկասի Աւետարանական-Լիւթերական եկեղեցու եպիսկոպոսին
12-12-2017 15:00:20 | | Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի եւ Հարաւային Կովկասի Աւետարանական-Լիւթերական եկեղեցու եպիսկոպոս Մարկուս Շոխին:
Նորին Սրբութիւնը ողջունեց եպիսկոպոս Շոխին` արդիւնաւէտ գործունէութիւն մաղթելով նրան նոր հանգամանքում: Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց Հայաստանեայց Առաքելական եւ Աւետարանական եկեղեցիների միջեւ առկայ կապերին եւ գործակցութեանը Էկումենիկ կազմակերպութիւնների հարթակներում եւ տարբեր սոցիալական ու կրթական ծրագրերի շրջանակներում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ գոհունակութիւն յայտնեց Վիրահայոց թեմի եւ Աւետարանական-Լիւթերական եկեղեցու միջեւ ձեւաւորուած համագործակցութեան առիթով:
Զրոյցի ընթացքում եպիսկոպոս Մարկուս Շոխը, շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար, նշեց, որ առաջին անգամ է այցելում Հայաստան, սակայն Երուսաղէմում իր ուսումնառութեան տարիներին առիթ է ունեցել ծանօթանալու Հայ Եկեղեցու սրբազան ժառանգութեանը եւ հայ ժողովրդի պատմութեանը: Աւետարանական-Լիւթերական եկեղեցու առաջնորդը Հայոց Հովուապետին տեղեկութիւններ փոխանցեց տարածաշրջանում իր առաքելութեան վերաբերեալ:
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը: