Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորել է Մայր Աթոռի պաշտօնէութեանը
09-01-2018 11:40:05 | | Մամլո հաղորդագրություն
Յունուարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարանում Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով հանդիպում ունեցաւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գտնուող բաժինների պաշտօնէութեան հետ:
Տէրունական աղօթքից յետոյ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը ներկաների անունից շնորհաւորեց Նորին Սրբութեանը բերկրալի տօների առիթով` վստահեցնելով, որ Մայր Աթոռի պաշտօնէութիւնը պիտի շարունակի լծակից լինել Հայոց Հայրապետին ազգանպաստ եւ եկեղեցաշէն ծրագրերի իրականացման գործում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտօնէութեան անունից Վեհափառ Հայրապետին շնորհաւորական խօսք ուղղեց նաեւ Մայր Աթոռի Համակարգչային եւ ինժիներատեխնիկական սպասարկման բաժնի տնօրէն տիար Սմբատ Մարգարեանը:
Այնուհետեւ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով ներկաներին շնորհաւորեց եւ իր հայրապետական օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նորին Սրբութիւնը, ուրախութիւն յայտնելով տարեսկզբի օրերին այս հանդիպման առիթով, իր շնորհակալութիւնն ու գնահատանքը յայտնեց Մայր Աթոռի աշխատակազմին այն աշխատանքի համար, որ իրականացւում է սիրով, նուիրումով ու նախանձախնդրութեամբ:
Գարեգին Բ Վեհափառն անդրադարձ կատարեց առաջիկայ ծրագրերին, խօսեց մասնաւորապէս տարուայ ընթացքում տօնախմբուելիք յոբելեաններին` Հայաստանի առաջին Հանրապետութեան եւ մայիսեան հերոսամարտերի 100-ամեակին նուիրուած տօնակատարութիւնների եւ նախատեսուող միջոցառումներին Մայր Աթոռի կարեւոր մասնակցութեան մասին: Նորին Սրբութիւնը տեղեկացրեց նաեւ 2018 թուականը Երիտասարդութեան տարի հռչակելու առիթով Սփիւռքի թեմերից դէպի Հայաստան ծրագրուող բազմաթիւ երիտասարդական ուխտագնացութիւնների եւ այլ միջոցառումների մասին:
Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Հայրապետը Մայր Աթոռի աշխատակիցներին մաղթեց քաջառողջութիւն եւ ընտանեկան երջանկութիւն՝ հայցելով Երկնաւորին` Իր օրհնութիւնն ու շնորհները հեղել նրանց օջախներից ներս, որպէսզի ուրախութեան զգացումով կարողանան իրենց ամբողջանուէր ծառայութիւնը բերել Սուրբ Եկեղեցուն: