Արաբական յեղափոխութիւնների սուբյեկտիւ եւ օբյեկտիւ գործօննեհոյ


Արաբական յեղափոխութիւնների սուբյեկտիւ եւ օբյեկտիւ գործօննեհոյ

  • 27-04-2011 11:37:27   | Հայաստան  |  Յօդուածներ
Միջազգային հանրութեան ուշադրութիւնն արդէն մի քանի ամիս սեւեռուած է արաբական աշխարհում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վրայ: Հայաստանում, ինչպէս ամբողջ աշխարհում, Հիւսիսային Աֆրիկայի եւ Մերձաւոր Արեւելքի երկրների սոցիալ-քաղաքական վերափոխումների պատճառների վերաբերեալ շրջանառւում են տարբեր կարծիքներ ու եզրահանգումներ: Դրանց հանրագումարն ի վերջոյ յանգում է տեղի ունեցող իրադարձութիւններն օբյեկտիւ կամ սուբյեկտիւ գործօնների ազդեցութեան հետեւանք դիտարկելու խնդրին: Ընդ որում, արտայայտուող դիրքորոշումների համատեքստում խնդիրը շարունակում է նաեւ դիտարկուել շատ ծայրայեղացուած ձեւով` որպէս ,սեւի ու սպիտակիէ յարաբերակցութիւն: Այստեղ մի դէպքում սուբյեկտիւ գործօններն են լրացնում դոմինանտ օբյեկտիւ գործօններին, միւս դէպքում` օբյեկտիւ գործօնները սուբյեկտիւ գործօններին: Հասարակական ու քաղաքական շերտերի տարընկալումները յատկապէս պտտւում են այն հարցի շուրջ, թէ Թունիսում, Եգիպտոսում եւ միւս երկրներում տեղ գտած ներքին օբյեկտիւ խնդիրներն էին (յատկապէս` սոցիալ-տնտեսական եւ արժեհամակարգի ճգնաժամին առնչուող) այն շարժիչ ուժը, որոնք ստիպեցին արաբական հասարակութիւններին ոտքի կանգնել եւ իրենց երկրների վարչախմբերի առջեւ սոցիալ-քաղաքական պահանջներ դնել, թէ ի վերջոյ դրանք միջոց էին Արեւմուտքի ձեռքին` իրենց աշխարհաքաղաքական շահերն ու ծրագրերը առաջ մղելու համար: Արաբական աշխարհում տեղի ունեցող քաղաքական լրջագոյն գործընթացների այդ երկու մեկնաբանութիւնները` մտնելով հասարակական լայն քննարկումների դաշտ, ի վերջոյ յանգում են նրան, որ մի կողմից բացարձականացւում է երկրի ներսում կուտակուած խնդիրների դերը, իսկ միւս կողմից` արտաքին ուժերի ներգրաւման: Ինչ խօսք, արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացներում կոռուպցիայի, գործազրկութեան, գնաճի, խօսքի ազատութեան եւ նման կարգի այլ խնդիրների ու տեղի ունեցող հասարակական հզօր ընդվզումների միջեւ չնկատել պատճառահետեւանքային կապը` նշանակում է տուրք տալ ամէն ինչ դաւադրութիւնների տեսութեամբ բացատրող իռացիոնալ մտայնութիւններին: Միաժամանակ Մերձաւոր Արեւելքի պետութիւնների ներքաղաքական զարգացումներում չնկատել Արեւմտեան տէրութիւնների քաղաքական ու տնտեսական որոշակի շահը` նոյնպէս նշանակում է տուրք տալ ,գերռացիոնալականացնողէ մտայնութիւններին: Կարելի է արձանագրել, որ յատկապէս հայաստանեան հասարակական քննարկումների տիրոյթում օբյեկտիւ ու սուբյեկտիւ գործօնների գերբեւեռացուած ներկայացումը վերածուել է իւրովի մրցութեան: Այն դիտարկւում է որպէս մի տեսակ ոտնձգութիւն սեփական ,սրբազնացուածէ աշխարհայեացքի ու արժեհամակարգի դէմ: Ժողովրդավարների համար արաբական յեղափոխութիւնների գործում արեւմտեան տէրութիւնների ուղղակի միջամտութիւնների ճանաչումը դիտարկւում է որպէս ոտնձգութիւն ժողովրդավարական արժէքների հաստատման գործի նկատմամբ: Նոյնը նաեւ ներկայիս ռուսական ,պահպանողականէ աշխարհայեացքով առաջնորդուող հայաստանեան տեսաբանների մօտ է: Վերջիններս արաբական յեղափոխութիւնների գործում Արեւմուտքի ,դաւադիրէ գործողութիւններն այլոց կողմից չնկատելը դիտում են մի տեսակ ոտնձգութիւն հանրութեան աւանդական կենսակերպի եւ քաղաքական համակարգի դէմ: Ըստ այդ տեսաբանների, ներքին սոցիալ-քաղաքական խնդիրները երկրորդային` ոչ էական կամ օժանդակ նշանակութիւն ունեն: Խնդիրն իրականում մի հարցի պատասխանի մէջ է: Յեղափոխական գործընթացները միայն սուբյեկտիւ կամ միայն օբյեկտիւ գործօնների ազդեցութեամբ զարգանալու դէպքում կարո՞ղ էին բերել մերօրեայ պատկերին, որի արդիւնքում արաբական երկրների քաղաքական վերնախաւերը մէկը միւսի յետեւից զրկւում են իշխանութիւնից կամ հասարակական աջակցութիւնից: Կարծում եմ` ոչ մի վերլուծութիւն չի կարող համոզել, որ Եգիպտոսում, Թունիսում, Եմենում, Լիբիայում, Սիրիայում զանգուածները ոտքի կանգնելով ու սոցիալ-քաղաքական պահանջներ առաջ քաշելով` կարող էին (կամ` են) արդիւնքների հասնել, առանց ստանալու Արեւմտեան տէրութիւնների կոնկրէտ կամ միջնորդաւորուած աջակցութիւնը: Միաժամանակ անհնար է հաւատալ, որ առանց տուեալ երկրների հասարակութիւնների աջակցութեան Արեւմտեան տէրութիւնները կարող էին ինչ-որ յեղափոխական ծրագրեր կեանքի կոչել արաբական աշխարհում: Ուստի յարկ է նկատել, որ արաբական աշխարհում տեղի ունեցող գործողութիւններն ըստ էութեան լուռ դաշինք են Արեւմուտքի եւ արաբական տարբեր երկրների հասարակութիւնների միջեւ, որտեղ կողմերը գիտակցում ու ընդունում են միմեանց շահերն ու պատրաստ են համագործակցել իշխող վարչախմբերի տապալման գործում: Խնդիր է դառնում պարզել միայն կողմերի հետապնդած շահերի շրջանակը: Սակայն այստեղ էլ ամէն ինչ շատ աւելի պարզ է, քան թւում է: Արաբական հասարակութեան համար դրանք սոցիալական երաշխիքներն են, քաղաքական ու քաղաքացիական ազատութիւնները, իսկ Արեւմուտքի համար` առաւել կանխատեսելի ու կախեալ նոր ձեւաւորուող վերնախաւերը, որոնք կ'օգնեն կամ կը խթանեն արեւմտեան տնտեսական նոր ծրագրերի կենսակոչմանը: Այս ամէնը բերում է մի եզրահանգման, որ տեղի ունեցող գործընթացների հիմքում ոչ մի դաւադրութիւն չի կարող լինել, քանի որ հասարակութիւններն իրենք են բարձրացնում իրենց իշխող վերնախաւերի լեգիտիմութեան խնդիրը: Ուստի նոյն այդ վերնախաւերը` եթէ մտահոգուած են իրենց երկրների քաղաքական շահերի մասին, ապա քաղաքական հասունութիւնը պահանջում է, որ կառչած չմնան իշխանութիւնից եւ, ի շահ իրենց պետութիւնների, իշխանութիւնը զիջեն հասարակական առաւել վստահութիւն վայելող քաղաքական ուժերին: Այդ դէպքում նոր քաղաքական ուժերն արտաքին յարաբերութիւններում առաւել անկախ դիրքերից կը ներկայացնեն իրենց երկրները: Ասուածը հիմք է տալիս գալ նախ այն եզրահանգման, որ ,դաւադրութիւնների տեսութիւնըէ ընդամէնը մի փրկօղակ է, որի միջոցով փորձ է արւում հիմնաւորել իշխող քաղաքական վերնախաւերի իշխանութեան ղեկին գտնուելու իրաւունքը: Այս դէպքում աւելորդ չէ նշել, որ բոլոր ժամանակներում մեծ տէրութիւններն իրենց քաղաքական ու տնտեսական շահերին են ծառայեցրել այլ պետութիւնների լարուած ու ցնցումային ներքին իրավիճակները: Ու յարկ չկայ որպէս մեծ յայտնագործութիւն ներկայացնել արտաքին ուժերի ներգրաւուածութիւնն արաբական յեղափոխութիւնների գործում: Միւս եզրահանգմամբ յարկ է նկատել, որ արաբական երկրներում տեղի ունեցող գործընթացներում, միմեանց շահերով փոխպայմանաւորուած, լուռ դաշինքի մէջ են Արեւմուտքը ներկայացնող տէրութիւններն ու արաբական հասարակութիւնները: Եւ, հետեւաբար, սուբյեկտիւ ու օբյեկտիւ գործօնները հաւասար դերակատարութիւն ունեն Հիւսիսային Աֆրիկայի եւ Մերձաւոր Արեւելքի երկրների յեղափոխական գործընթացներում: Սարօ Սարոյեան Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագէտ
  -   Յօդուածներ