Մարդու իրաւունքների պաշտպանը եւ լրագրողները միմեանց փոխադարձ մեղադրանքներ ներկայացրեցին


Մարդու իրաւունքների պաշտպանը եւ լրագրողները միմեանց փոխադարձ մեղադրանքներ ներկայացրեցին

  • 26-04-2011 20:13:36   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպան Կարէն Անդրէասեանը յոյս ունի, որ Հայ Ազգային Կոնգրէսի պաշտօնական արձագանքն իր առաջարկութեանը՝ միջնորդ լինել իշխանութիւնների եւ Հակ-ի միջեւ երկխօսութեան կազմակերպման հարցում, կը լինի դրական։ Պաշտօնավարման 50 օրուայ կապակցութեամբ կազմակերպուած ապրիլի 26-ի առաջին ասուլիսում այս մասին յայտարարելով, պաշտպան կարեւորեց, որ գործընթացի իրագործման դէպքում հնարաւոր կը լինի գոնէ որոշ հարցերում մերձեցնել հակադիր կողմերի դիրքորոշումներն, սկսել երկխօսութիւն եւ համաձայնութեան։ Կ.Անդրէասեանը տեղին է համարում իր նախաձեռնութիւնը, քանի որ մարդու իրաւունքների պաշտպանութիւնը գոնէ մարտի 1-ի առումով իրաւական տեսանկիւնից յայտնուել է փակուղում, եւ «իրաւական ռեսուրսի սպառման պարագայում լաւագոյնն է օգտուել քաղաքական երկխօսութեան ռեսուրսից»։ Եթէ յաջողուի կողմերին հրաւիրել մէկ սեղանի շուրջ, սկսել կոնկրէտ խնդրի քննարկումից եւ հասնել այդ հարցի շուրջ կ'ոնսենսուսի, ապա դա, նրա գնահատմամբ, կը լինի «մեծ քայլ» ու «հասարակութեան յաղթանակը»։ Պատասխանելով այն հարցին, թէ Հայաստանում կան քաղբանտարկեալներ, Պաշտպանն ասաց, որ «Հայաստանում կան ազատազրկուած անձինք, ովքեր համոզուած են, որ իրենք քաղբանտարկեալ են, միայն իրենց համոզմունքն արդէն բացասական է»։ Դիմելով լրատուամիջոցների ներկայացուցիչներին, Կ.Անդրէասեանը կոչ արեց. «Եթէ չէք ուզում մեզ օգնել, աջակցել, խնդրում եմ մի խանգարէք, մի փորձէք ոչնչացնել Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակը, որը միտուած է օգնելու իսկապէս հազարաւոր մարդկանց»։ Միաժամանակ նա խոստովանեց, որ «կոնկրէտ դէպքով որեւէ լրագրող, որեւէ անգամ չի խոչընդոտել»։ Լրագրողներն իրենց հերթին նշեցին, որ Կ.Անդրէասեանի նախաձեռնութեան շնորհիւ է, որ վիրաւորանքի ու զրպարտութեան ապաքրէականացման արդիւնքում զարկ է տրուել լրատուամիջոցների ֆինանսական ոչնչացմանը։ Ի պատասխան Պաշտպանն ընդգծեց, որ իրեն մեղաւոր չի համարում նախաձեռնութեան օրէնսդրական հետեւանքների համար՝ դրանց ինքը չի մասնակցել, սակայն մտահոգուած է օրէնսդրական նախաձեռնութիւնից յետոյ ստեղծուած իրավիճակի կապակցութեամբ։ Դատաւորներին ուղղուած իր ուղերձը մտահոգութեան առաջին արդիւնքն է, իսկ երկրորդը կը լինի մայիսի 1-ին կազմակերպուելիք խօսքի ազատութեան ֆորումը, որտեղ Պաշտպանը առաջարկելու է նման գործերով «հանրային վերահսկողութեան կոնկրէտ մեխանիզմ»։ Միաժամանակ նա գտնում է, որ յիշեալ յօդուածների ապաքրէականացման արդիւնքում նուազել են լրագրողների հանդէպ բռնութիւնները։ «Ինձ համար կարեւոր է, որպէսզի չլինի քրէական պատասխանատուութեան հարց, լրագրողները չլինեն բանտերում, չլինեն ծեծուած, չլինեն հիւանդանոցներում. սակայն դա չի նշանակում, որ լրագրողները պէտք է սնանկանան»,- ասաց Կ.Անդրէասեանը։
  -   Մարդու իրաւունքներ