Հայաստանը շահագրգռուած է Չինաստանի հետ բոլոր ուղղութիւններով յարաբերութիւնների խորացմամբ<br />


Հայաստանը շահագրգռուած է Չինաստանի հետ բոլոր ուղղութիւններով յարաբերութիւնների խորացմամբ

  • 01-10-2010 14:44:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գեւորգեանը հոկտեմբերի 1-ին ընդունել է չինացի գործարարների պատուիրակութեանը` Չինաստանի հաղորդակցութեան ծառայութեան փոխնախագահ Գոու Յաջինի գլխաւորութեամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Զարգացման հայկական գործակալութեան գլխաւոր տնօրէն Ռոբերտ Յարութիւնեյանը: Ըստ «ՆՏ»-ին տրամադրած մամլոյ հաղորդագրութեան, չինացի գործարարները հետաքրքրուած են «Մասիս, Սիս եւ նոր Հայաստան» զբոսաշրջային զարգացման ծրագրով եւ Հայաստան այցի ընթացում արդէն ծանօթացել են նախագծին, քննարկել ներդրումներ կատարելու հնարաւորութիւնները: Նրանք ՀՀ փոխվարչապետին տեղեկացրել են, որ իրականացուած նախնական ուսումնասիրությունները կքննարկեն իրենց գործընկերների հետ, եւ հոյս յայտնել, որ կոնկրետ արդիւնքներով կվերադառնան Հայաստան: Ա.Գեւորգեանը ողջունել է չինացի գործարարների Հայաստանում ներդրումային ծրագրերին մասնակցելու մտադրութիւնը, նշելով, որ Հայաստանը շահագրգռուած է Չինաստանի հետ բոլոր ուղղութիւններով յարաբերութիւնների խորացմամբ: Փոխշահավետ ծրագրերի իրականացման հարցում փոխվարչապետը կառավարութեան անունից աջակցութեան պատրաստակամութիւն է յայտնել: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստան-Չինաստան ուղիղ օդային հաղորդակցութեան հաստատման հնարաւորութիւններին` երկուստեք արձանագրելով, որ դրա առկայութիւնը կխթանի երկու երկրների միջեւ փոխադարձ շփումներն ու նոր որակ կհաղորդի առեւտրատնտեսական յարաբերութիւններին:
  -   Տնտեսութիւն