Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայ է գտնուել համահայկական երիտասարդական հաւաքի բացմանը
05-07-2018 16:59:03 | | Մամլո հաղորդագրություն
Յուլիսի 5-ի երեկոյեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկաձորում ներկայ գտնուեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միաւորման (ՀԵՀԵՄ) «Դէպի Հայրենիք, դէպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հաւաքի բացմանը։
Արարողութեան ընթացքում Նորին Սրբութիւնը հայրապետական իր պատգամն ուղղեց Հայաստանի եւ Սփիւռքի տարբեր թեմերից եկեղեցականների առաջնորդութեամբ ժամանած շուրջ չորս հարիւր երիտասարդներին։
Ուրախութիւն յայտնելով եկեղեցասէր երիտասարդների հաւաքի առիթով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնաւորապէս ասաց․
«Մեզ համար խորին գոհունակութիւն էր այսօր առաւօտեան ողջունելու ձեզ հայոց հոգեւոր կենտրոնում եւ Մեր օրհնութիւնները վերստին բերելու ամէնքիդ: «Դէպի հայրենիք, դէպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» խորագիրը կրող այս ուխտագնացութեան բոլոր մասնակիցներիդ համախմբումը Հայաստանում, աղօթքների մէկտեղումը եւ մեր նուիրական սրբավայրեր այցելութիւնները պիտի լինեն ձեզ համար հոգու նորոգութեան, երկնային օրհնութիւնների առատութեան աստուածապարգեւ շնորհ: Դուք հայրենի երկրում համախմբուելով վկայում էք ձեր միասնութիւնը հաւատքով, ձեր հայրենասիրութիւնը, ձեր ազգանուէր ու եկեղեցասէր ոգին, որ երիտասարդներիդ առաջնորդում է ձեռքբերումների ու յաջողութիւնների: 100-ամեայ հերոսական պատմութիւն ունեցող Սարդարապատից, մայիսեան ազատամարտերից մինչեւ օրս հայ երիտասարդի անմնացորդ նուիրումով է նաեւ, որ մեր ազգը ձեռքբերումներ է կերտել, ազգային գիտակցութիւնն ու ոգին բարձրացրել:
Երիտասարդութիւնը ամուր է պահել հարազատ մեր բնօրրանը, պաշտպանել եւ այսօր էլ պաշտպանում է Մայր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, ուր դարեր ի վեր, աւետարանական խօսքին համահունչ, մեր նախնիներն ամբարել են բիւրաւոր հոգեւոր գանձեր` իրենց սրտերը նորոգելով հաւատքի ու սիրոյ գործերով: Դուք էք, սիրելիներ, մեր ազգի ու
Եկեղեցու ապագան, այլեւ ներկայի կերտողները, ձեր ջանքերով հայրենական եւ հոգեւոր մեր կեանքում յաճախ անհնարինը դառնում է հնարաւոր, եւ արձանագրւում են նորանոր իրագործումներ ու յաղթանակներ ազգային ու եկեղեցական մեր անդաստանում:
Իսկապէս, հայ լինելը առաքելութիւն է: Այդ առաքելութիւնը թէ՛ այստեղ՝ հայրենիքում, եւ թէ՛ սփիւռքում ենթադրում է հոգեւոր ու ազգային արժեհամակարգի պահպանութիւն ու զօրացում: Զանազան համայնքների եկեղեցասիրաց եւ այլ կառոյցներին անդամակցելով` դուք գովելի նպաստ էք բերելու երիտասարդութեան շրջանակներում մեր հաւատքի, մշակոյթի ու լեզուի պահպանութիւնը կարեւորելու, ազգային կեանքում ձեր դերակատարութիւնը յստակեցնելու եւ գովարժան յանձնառութիւններ ստանձնելու համար: Այդ առաքելութիւնը չի կարող ամբողջական լինել հայրենիքից կտրուած ու հայրենական կեանքին անհաղորդ լինելով: Այստեղ են մեր նուիրական սրբութիւնները, յիշատակները, մեր ժողովրդի հաւատաւոր հոգու վկայութիւնները: Հայրենիքում է մեր բարեփոխուող ներկան՝ լուսաւոր նոր գալիքի վճռականութեամբ ու տեսլականով: Այսօր, երբ Հայաստանի առջեւ բացուած են նոր հեռանկարներ, դուք նորովի էք առնչուելու հայրենական կեանքին՝ ամրանալով մեր հարազատ երկրին ու պետութեանը ձեր ներուժը բերելու կամքի մէջ: Հայրենիքն է մեր մեծագոյն գանձը, եւ այստեղ պիտի լինեն նաեւ ձեր սրտերը՝ սէրը, նուիրումն ու նախանձախնդրութիւնը առ հայրենին, ըստ աւետարանական խօսքի. «Ուր ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն»»:
Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը նաեւ անդրադարձաւ հայ հասարակութեան առջեւ ծառացած զանազան մարտահրաւէրներին։ Այս կապակցութեամբ Նորին Սրբութիւնը նշեց․ «Սիրելիներ, դարեր ի վեր, հայոց մեծ դարձից մինչեւ գրերի գիւտ ու մինչեւ Սարդարապատ, Արցախեան հերոսամարտ ու մեր օրեր, հայը չի պատկերացրել իր կեանքն ու գոյութիւնն առանց քրիստոնէական իր հաւատքի, առանց ազգային իր ինքնութեան: Պատմութեան տարբեր ժամանակահատուածներում մարտահրաւէրներ են առաջ եկել ուղղուած թէ՛ մեր հաւատքի եւ թէ՛ ազգային արժեհամակարգի դէմ: Սուրբ Պօղոս առաքեալն ասում է. «Բայց հաւատարիմ է Աստուած, որ ձեզ աւելի փորձութեան մէջ չի գցելու, քան կարող էք տանել. այլ՝ փորձութեան հետ փրկութեան ելք էլ է ցոյց տալու, որպէսզի կարողանաք համբերել» (Ա Կորնթ. Ժ 13): Այսօր էլ բազում են խնդիրները, որ ծառացած են մեր ազգի առջեւ Հայաստանում եւ սփիւռքում: Սիրելիներ, միասնական համախմբող ոգին, որ առկայ է ձեր մէջ, պիտի դառնայ թթխմոր համազգային մեր կեանքի զարթօնքի: Ճշմարիտ քրիստոնեան գիտի, որ իր իւրաքանչիւր օրը պարգեւ է իր Արարչից, եւ որ այդ պարգեւն առաւել պայծառազարդւում է առ Աստուած հաւատքից ճառագող սիրով, հաւատաւոր գործերով:
Մեր մաղթանքն ու յորդորն է ձեզ, որպէսզի ձեր բնակավայրերում, ընկերային ձեր շրջապատում եւ ձեր ընտանիքներում մշտապէս լինէք Աստծոյ պատգամաբերներ, Քրիստոսի սիրոյ երաշխաւորներ, մեր Սուրբ Եկեղեցու եւ հայրենիքի հարազատ զաւակներ, որպէսզի ձեր բարի հաւատքից բխող հայրենանուէր ու ազգաշէն գործերով, իւրաքանչիւրդ ձեր կարողութիւնների չափով ներդրում բերէք Հայաստանում եւ սփիւռքում հայ կեանքի բարօրութեանն ու բարգաւաճմանը, նոր ձեքբերումների ու յաջողութիւնների կերտմանը»:
Հայոց Հայրապետը մաղթեց, որ Տիրոջ կողմից երիտասարդաց հոգիներում ցանուած սերմերը առատապէս պտղաբերեն ազնիւ, նուիրեալ գործերով:
Վերջում Նորին Սրբութիւնը պատասխանեց հաւաքի մասնակից երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրաւէրներին եւ դրանց յաղթահարմանն ուղղուած ջանքերին, Եկեղեցու քարոզչական եւ հովուական առաքելութեանը եւ դրանում երիտասարդութեան դերակատարութեանը։ Ի պատասխան երիտասարդների հարցումների Գարեգին Բ Հայրապետն անդրադարձաւ նաեւ իր հոգեւոր փորձառութեանը եւ կեանքի ուղուն։