Հայաստանի արտգործնախարարը ելոյթ է ունեցել Ֆլեթչերի իրաւունքի եւ դիւանագիտութեան դպրոցում<br />


Հայաստանի արտգործնախարարը ելոյթ է ունեցել Ֆլեթչերի իրաւունքի եւ դիւանագիտութեան դպրոցում

  • 28-09-2010 20:32:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ԲՈՍՏՈՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ այցի շրջանակներում Բոստոն ժամանելուն պես Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է քաղաքի կենտրոնում գտնուող «Հայկական ժառանգութեան պուրակ» կոչւող վայր, որտեղ յաջորդ տարի կաւարտուեն Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած յուշակոթողի կառուցման աշխատանքները: Յուշակոթողի կառուցման նախաձեռնող խմբի անդամները Է.Նալբանդեանին բացատրութիւններ են տուել նախագծի վերաբերեալ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, սեպտեմբերի 27-ին Է.Նալբանդեանը Հայաստանի արտաքին քաղաքականութեան վերաբերեալ ծաւալուն ելոյթ է ունեցել Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրաւունքի եւ դիւանագիտութեան դպրոցում: Իր խօսքում Է.Նալբանդեանը նշել է, որ արդէն 11 տարի է Տավիտյան հիմնադրամի շնորհիւ Հայաստանի շուրջ 150 դիւանագէտներ, պաշտոնեաներ, հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ հնարաւորութիւն են ունեցել դասընթացներ անցնել Ֆլեթչերի դպրոցում: Նախարարը շնորհակալութիւն է յայտնել Ֆլետչերի դպրոցի ղեկավարութեանը շարունակական համագործակցութեան համար: Այնուհետեւ ՀՀ արտգործնախարարը անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականութեան խնդիրներին եւ դրանց լուծման ուղղութեամբ ձեռնարկւող քայլերին, արցախեան հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ բանակցութիւններին, ինչպէս նաեւ հայ-թուրքական յարաբերութիւններին: Հայաստանի ԱԳ նախարարի ելոյթին հետեւել են ՀՀ արտաքին քաղաքականութեան վերաբերեալ ներկաների բազմաթիւ հարցերը: Անդրադառնալով Խորհրդային Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի յայտնուելուն, Հայաստանի արտգործնախարարն ասել է. «Այսօր խոսում են Երկրորդ աշխարհամարտից առաջ Ստալինի եւ Հիտլերի միջեւ պայմանավորվածություններից, կասկածի տակ դնում Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը: Մինչդեռ լռութեան են մատնուել անցեալ դարասկզբին Լենին-Քեմալ պայմանավորվածությունները, Ստալինի եւ Քաղբյուրոյի որոշումները, որոնք հիմք հանդիսացան Հարաւային Կովկասում մի շարք խնդիրների, որոնք մինչ այսօր լուծումներ չեն գտել»: Պատասխանելով այն հարցին, թէ ադրբեջանցիները պնդում են, որ իրենք մադրիդյան առաջարկութիւնների ինչ-որ տարբերակի են համաձայնուել, իսկ Հայաստանը` ոչ, Է.Նալբանդյանն ասել է. «Իրականութիւնն այն է, որ եռանախագահները 2007թ.-ի նոյեմբերին կողմերին ներկայացրեցին Մադրիդյան փաստաթուղթը եւ այն, իբրեւ պաշտօնական առաջարկ, ի պահ յանձնուեց Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարությանը: Դրանից յետոյ եղել են երկու տասնեակից աւելի աշխատանքային առաջարկներ` Մադրիդյան փաստաթղթի հիման վրայ: Վերջին մի քանի ամիսների ինտենսիվ բանակցութիւնների արդիւնքում կողմերին մադրիդյան առաջարկութիւնների վերջին տարբերակը ներկայացուեց այս տարուայ յունիսին Սանկտ-Պետերբուրգում եւ մեր կողմից յայտարարուեց, որ դա ընդունվում է որպէս բանակցութիւնների հիմք, ինչպէս որ դա արուել էր 2007թ.-ի նոյեմբերին ներկայացուած փաստաթղթի առաջին տարբերակի կապակցութեամբ: Ադրբեջանցիները մերժում են թէ' առաջինը, թէ' վերջինը: Աշխատանքային տարբերակներից մէկի առնչութեամբ Ադրբեջանը յայտարարեց, որ կարող է այն ընդունել որպէս բանակցութիւնների հիմք, բայց որոշ բացառութիւններով: Սակայն պարզուֆեց, որ բացառություններն աւելի շատ են, քան ընդունվածը: Յետոյ, ի՞նչ է նշանակում ընդունել բացառութիւններով: Դա փաստացի նշանակում է չընդունել: Ի՞նչ է սպասում Ադրբեջանը, որ իրենց այսպէս կոչուած ընդունվածը` բացառութիւններով հանդերձ, պէտք է ընդունվի Հայաստանի եւ Արցախի կողմից: Եվ իրենց այդ կեցուածքն էլ համարում են կառուցողական մօտեցում: Բայց եթէ այդ կառուցողականությունը իրենցից բացի ոչ ոք չի հասկանում, ուրեմն մեղաւորին պէտք է փնտրեն հենց իրենց մէջ: Տպաւորութիւն է ստեղծւում, որ ադրբեջանցիները ականջների մէջ խցան են դրել եւ չեն ուզում լսել` ինչի մասին է միջնորդ երկրների միջոցով ասում միջազգային հանրութիւնը»: Անդրադառնալով վերջին շրջանում հրադադարի ռեժիմի հաճախակիացած խախտումներին, Հայաստանի արտգործնախարարն ասել է. «Ադրբեջանն արդէն 15 տարուց աւելի խախտում է իր իսկ կողմից ստանձնած պարտաւորութիւնները հրադադարի պահպանման եւ ամրապնդման վերաբերեալ` ոչ միայն 1994թ.-ի մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հաստատուած հրադադարի պայմանները, այլ նաեւ 1995թ.-ի փետրուարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերեալ նոյն եռակողմ ձեւաչափով համաձայնութիւնը, որով Բաքուն ի շարս այլոց պարտաւորուել էր ձեռնպահ մնալ սադրիչ յայտարարութիւններից եւ գործողութիւններից: Մինչ այսօր միջազգային հանրութիւնը շարունակում է կոչեր անել այդ կապակցութեամբ, իսկ Ադրբեջանը համառօրէն շարունակում է իր սադրիչ կեցուածքը: Բաքուն տասնեակ տարիներ խախտում է այդ պարտաւորութիւնները: Ադրբեջանը այսօր էլ մերժում է եռանախագահների, ԵԱՀԿ-ի, եւ անգամ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի կողմից արուող կոչերը հրադադարի ամրապնդման, դիպուկահարներին շփման գծից հետ բերման վերաբերեալ: Պարզ է, որ այսպիսի կեցուածքը չի կարող բարենպաստ մթնոլորտ ստեղծել խաղաղ կարգաւորման գործընթացի համար»: Ելոյթից յետոյ Է.Նալբանդեանը հանդիպել է Ֆլեթչերի դպրոցի տնօրէն Ստեֆեն Բոսվորթին, որի հետ քննարկել է ԱԳՆ եւ հաստատութեան միջեւ համագործակցութեան յետագայ զարգացմանն առնչուող հարցեր: Բոստոնում Է.Նալբանդեանը մասնակցել է Բոստոնի հայ համայնքի կողմից Հայաստանի արտգործնախարարի պատուին կազմակերպած ընդունելութեանը, ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը եւ պատասխանել ներկաներին յուզող հարցերին:
  -   Քաղաքական