Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան 19-րդ տարեդարձին նուիրուած միջոցառումներ են կազմակերպուել Հնդկաստանում եւ Քուվեյթում<br />


Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան 19-րդ տարեդարձին նուիրուած միջոցառումներ են կազմակերպուել Հնդկաստանում եւ Քուվեյթում

  • 27-09-2010 13:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 23-ին Քուվեյթի «Մարինա» հիւրանոցի «Six Palms» սրահում առաջին անգամ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան 19-րդ տարեդարձին նուիրուած պետական ընդունելություն: Հանդիսութեանը ներկայ էին տեղական իշխանութիւնների, Քուվեյթի արտաքին գործերի նախարարութեան, հայ համայնքի, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, երկրում հաւատարմագրուած դիւանագիտական առաքելութիւնների ղեկավարներ, ինչպէս նաեւ յայտնի գործարարներ եւ քաղաքական գործիչներ: Հայաստանի եւ Քուվեյթի պետական օրհներգները հնչելուց յետոյ բացման խօսքով հանդէս եկաւ Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլեանը: Նա անդրադարձել է հայ-քուվեյթյան յարաբերութիւնների ներկայ վիճակին եւ միջպետական համագործակցութիւնը խթանելու յետագայ ծրագրերին` Հայաստանի կառավարութեան անունից շնորհակալութիւն յայտնելով Քուվեյթի իշխանութիւններին եւ քուվեյթահայ համայնքին Հայաստանի դեսպանութեան հիմնադրման գործում ցուցաբերած զգալի աջակցութեան եւ մեծ աւանդի համար: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, սեպտեմբերի 21-ին Կալկաթայի (Հնդկաստան) Հայոց մարդասիրական ճեմարանի շէնքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 19-ամեայ տարեդարձին նուիրուած երեկո, որին մասնակցել են` Հայր Խորէն Յովհաննիսեանը, եկեղեցական խորհրդի անդամները, Հայաստանի դեսպան Արա Յակոբեանը, ճեմարանի սաները, հնդկահայոց համայնքի անդամները եւ տեղական մամուլի ներկայացուցիչները: Երեկոն մեկնարկել է ճեմարանի սաների հեղինակած նկարների ցուցահանդեսով, որին յաջորդել է Հայաստանին նուիրուած վաւերագրական ֆիլմի ցուցադրում: Այնուհետեւ իր ելոյթում դեսպանը շնորհաւորել է ներկաներին Հայաստանի Անկախութեան օրուայ կապակցութեամբ, երախտագիտության խօսքեր յայտնել հնդկահայոց համայնքին Հայաստանին ցուցաբերված աջակցութեան համար եւ համոզմունք յայտնել, որ Հայաստան-Սփիռք համագործակցութեան յետագայ խորացումը կշարունակի իր նպաստը բերել Մայր Հայրենիքի եւ հայոց անկախ պետականութեան յետագայ հզօրացմանը եւ սփիւռքահայ գաղթօջախների պահպանմանն ու զարգացմանը: Սեպտեմբերի 22-ին հնդկահայոց հոգեւոր հովիւը եւ ՀՀ դեսպանը ուխտագնացութիւն են կատարել 1695թ. Չինսուրա քաղաքում հիմնադրուած Սուրբ Յովհաննէս հայկական եկեղեցի: Սուրբ Յովհաննէս եկեղեցուն կից գերեզմանատանը գտնւում են Արցախի վերջին մելիքներից Ֆրիդոն Մելիք Բեգլարեանի եւ նրա հետնորդների գերեզմանները:
  -   Քաղաքական