Որբացած լեռ, սրբացած մարդիկ


Որբացած լեռ, սրբացած մարդիկ

  • 23-09-2010 16:44:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«…իսկ ինչպիսի~ տառապանքներով ու մաքառումներով է լցուած, ինչպիսի~ պայքարով ու վերածնունդներով պսակուած լեռան որդիների կեանքի ուղին: Եւ լե'ռը, լե'ռն է եղել պատուարն ու ուղեկիցը բոլոր յաղթահարումների եւ յաղթանակների, այն հսկայ լեռը, որը զարմանալիօրէն տեղաւորւում է մարդու փոքրիկ ու բռնցքաչափ սրտի մէջ եւ շարունակ շշննջում հոգու ականջին, թէ` «Ձախորդ օրերը ձմռան նման կ'ուգան ու կերթան…»: Չէ, լեռան վրայ Ջիւանի չէին երգել, գրողի հնարանքն է դա, նրանք «Զարթնիր, մուսալեռցի, զարթնիր» էին երգում ու «Մայր, արթնացրու ինձ»…»: Եւ այդ սուրբ ու անկոտրում լեռն իրենց սրտերում` հազարաւոր մարդիկ տեղափոխուեցին մայր հայրենիք, ի նշան սիրոյ, հաւատարմութեան, կարօտի, հայրենասիրութեան, յաղթանակի, միասնութեան, հպարտութեան, կամքի, անմահութեան, երազանքի…, հիմնեցին Մուսալեռ աւանը, կառուցեցին Մուսալեռան հերոսամարտին, նրա քաջորդիներին եւ նահատակներին նուիրուած յուշարձանը, ամենամեայ տօնախմբութիւններ կազմակերպեցին Արարատ եւ Արագած լեռների հովանու տակ…»,- սա մի հատուած է արձակագիր Դաւիթ Սարգսեանի «Որբացած լեռ, սրբացած մարդիկ» էսսէից: Իսկ հերթական տօնախմբութեան կազմակերպիչը էսսէի հեղինակն է` ՀԱԳ տնօրէն Դաւիթ Սարգսեանը: Գրադարանի նիստերի սրահում հաւաքուել էին ազգագրագէտներ, մուսալեռցիներ, հայրենակցական միութիւնների ներկայացուցիչներ` նշելու Մուսայ լեռան հերոսամարտի 95-ամեակը: Օրուայ բանախօսների ելոյթներին զուգահեռ էկրանին ցուցադրւում էին կադրեր` Մուսայ լեռան հերոսամարտին նուիրուած ֆիլմերից, հերոս մուսալեռցիների նկարներ, հնչում էին խրոխտ երգեր: Իսկ գրադարանի ցուցափեղկերում ներկայացուած էին հայաստանեան եւ սփիւռքի պարբերականներում տպագրուած` հերոսամարտին նուիրուած յօդուածներ, առանձին ցուցափեղկով ցուցադրուած էր գրքեր, որոնցից էին Պօղոս Արմէնակ Լագիսէանի «Մուսայ լերան ողջոյն», Գրիգոր Գեօզալեանի «Մուսայ լեռան ազգագրութիւնը», Վերժինէ Սվազլեանի «Հայ ազգագրութիւն եւ բանահիւսութիւն, Մուսայ լեռ» գրքերը, Ֆրանց Վերֆելի «Մուսայ լեռան 40 օրը» վէպի տարբեր լեզուներով թարգմանութիւնները: Մուսայ լեռան կազմաւորման ու նրա բնակիչների անցեալի մասին մատենագրական հաւաստի աղբիւրներ մեզ գրեթէ չեն հասել: Յատկապէս 1375թ. Հայկական Կիլիկիայի թագաւորութեան անկումից յետոյ հայերն աւելի են ստուարացել եւ բնակութիւն հաստատել Մուսայ լեռան շուրջը` հիմնելով Բիթիաս, Հաջիհաբիբլի, Եօղոնօլուք, Խըդըր-բեկ, Վագըֆ եւ Քաբուսիէ գիւղերը,-իր խօսքում նշեց ազգագրագէտ, բանահաւաք Վերժինէ Սվազլեանը, ով հաւաքել է եւ հրատարակել Եղեռնի վերապրողների վկայութիւնները ջարդերի մասին, այդ թւում նաեւ` մուսալեռցիների: -«Դըքըր նէյր չուկը, հընէյն ղեյմօթ չըկիդացուիր /Մինչեւ նորը չգայ, հին արժէքը չի իմացուի/»: Երեւի այս մասին էր մտածում հանգուցեալ պապս, երբ կարօտով աչքերը յառած հեռաւոր հորիզոնին` հայրենիք էր կանչում: Նա հայրենիքի մասին այլ կերպ է խօսում` արիւն, հոգի, հող ու ջուր էր նրա համար այն: Ասում էր, որ քարը խօսում է, պատմում իրեն տրորած իւրաքանչիւր արարածի կենսագրութիւն, ջուրը երգում է այն բարբառով, որով խօսել են իրեն խմողները,-ասաց լրագրող, մուսալեռցի Կ'արինէ Փանոսեանը: «Մուսալեռ» հայրենակցական միութեան վարչութեան անդամ Եսայի Չախչախեանը երկու գործօնով է պայմանաւորում մուսալեռցիների անկոտրում կամքի գաղտնիքը. «Նրանք միասնական են` անկախ քաղաքական, սոցիալական այլեւայլ պայմաններից, եւ երկրորդ` հիանալի տիրապետում են զէնքին: Միասնականութիւնը մուսալեռցիների պատգամն ու պահանջն է սերունդներին»,- ասաց նա: Ելոյթ ունեցան «Մուսալեռ» հայրենակցական միութեան քարտուղար Վարդգէս Մարդիրեանը, գրականագէտ Նորայր Ղազարեանը եւ ուրիշներ: Գոհար Ջուլհակեան
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը