Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ֆրանսահայ ուխտաւորներին
30-07-2018 13:41:22 | | Մամլո հաղորդագրություն
Հուլիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա.» կրթական կենտրոնում ընդունեց Փարիզի առաջնորդանիստ Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտավորներին, Իսի-լե-Մուլինո քաղաքի հայկական Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հովանու ներքո գործող «Արարատ» պարային խմբին և համայնքի վարչության անդամներին՝ ուղեկցությամբ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիկոպոս Հովհաննիսյանի և թեմում սպասավորող հոգևորականների:
Այցը կազմակերպվել է 2018 թվականը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Երիտասարդության տարի հռչակվելու կապակցությամբ:
Հայցելով Նորին Սրբության օրհնությունը՝ Վահան Սրբազանը ներկայացրեց ուխտավորներին, ինչպես նաև խոսեց Հայաստան այցից ստացած տպավորությունների մասին:
Այնուհետև Վեհափառ Հայրապետը, ողջունելով Մայր Աթոռ ուխտի եկած հայորդիներին, ուրախությամբ նշեց, որ նրանց այցը Հայաստան և Սուրբ Էջմիածին կատարվել է հայ ժողովրդի համար խորհրդանշական տարում, երբ ոգեկոչվում է Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ ֆրանսահայ ուխտավորները կվերապրեն այդ պատմական իրադարձությունները, կզորանան իրենց հայրենասիրության մեջ և առավել կարժևորեն անկախ պետականության գաղափարը:
Հայոց Հովվապետը կարևորեց հայ ինքնության և մայրենիի պահպանությանն ուղղված ծրագրերը, հորդորեց ֆրանսահայերին իրենց զավակներին կրթել ու դաստիարակել հայեցի ոգով, նախնյաց սուրբ հավատքով, ինչը հայի գոյության գրավականն է:
Վեհափառ Հայրապետը վստահությամբ ընդգծեց, որ այցից ստացած տպավորություններն երկար ժամանակ ուղեկիցը պիտի դառնան իրենց կյանքի և առանձահատուկ խանդավառությամբ կփոխանցվեն իրենց զավակներին, ծնողներին, ընկերներին և ազգականներին:
Հանդիպմանը Գարեգին Բ Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքը փոխանցեց առաջնորդ Վահան Սրբազանին և թեմի հոգևորականներին անձնդիր ու նվիրյալ ծառայության համար՝ մաղթելով ուժ, կորով և Սուրբ Հոգու առաջնորդությունն իրենց սրբազան առաքելության մեջ: Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց «Արարատ» պարային խմբի անդամներին իրենց ոգեշնչող ելույթի համար:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը ֆրանսահայ ուխտավորներին մաղթեց, որ հայրենիքի հանդեպ սերը երբեք չպակասի նրանց հոգիներում:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի փոխդիվանապետ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը: