Հայաստանի փոխվարչապետն ընդունել է Եւրոպական ռեգիոնների ասամբլէայի նախագահի գլխաւորած պատուիրակութեանը<br />


Հայաստանի փոխվարչապետն ընդունել է Եւրոպական ռեգիոնների ասամբլէայի նախագահի գլխաւորած պատուիրակութեանը

  • 22-09-2010 20:56:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գեւորգեանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Եւրոպական ռեգիոնների ասամբլէայի նախագահ Միշել Սաբանի գլխաւորած պատուիրակութեանը, որը Հայաստան է ժամանել ՀՀ կառավարութեան հրաւէրով` քննարկելու կազմակերպութեանը ՀՀ մարզերի անդամակցութեան հետ կապուած հարցեր: Եւրոպական ռեգիոնների ասամբլէան միաւորում է 33 երկրի 270 ռեգիոն ու 16 միջազգային կազմակերպութիւն եւ հանդէս է գալիս որպէս համագործակցութեան, հմտութիւնների ու փորձի փոխանակման իւրատեսակ ֆորումղ Ա.Գեւորգեանը կարեւորել է կազմակերպութեան հետ երկխօսութեան մեկնարկն ու յետագայ լիաժեք համագործակցութեան կայացումը` նշելով, որ Հայաստանի իշխանութիւնները մեծ նշանակութիւն են տալիս տարածքային կառավարման խնդիրներին: Տարածքների համաչափ զարգացումը ՀՀ կառավարութեան առաջնահերթություններից է, եւ այս համատեքստում մեծ ուշադրութիւն է դարձւում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին ու նրանց համագործակցութեանը միջազգային կազմակերպութիւնների եւ տարբեր երկրների ռեգիոնների հետ: Նա նշել է Եւրոպական ռեգիոնների ասամբլէային Հայաստանի մարզերի անդամակցութեան անհրաժեշտութիւնը` կազմակերպութեան դրական փորձի ընդօրինակման եւ գործակցութեան նոր հարթակ ձեւաւորելու տեսանկիւնից: Մ.Սաբանը անհրաժեշտ է համարել այցը Հայաստան եւ անդամակցութեան հետ կապուած հարցերի քննարկումը մինչ կազմակերպութեան` նոյեմբերին Ստամբուլում կայանալիք վեհաժողովը, որի ժամանակ էլ տեղի է ունենալու նոր ռեգիոնների անդամակցութիւնը: Այդ տեսանկիւնից նա օգտակար եւ արդիւնաւէտ է համարել ՀՀ մարզպետների նոյն օրը տեղի ունեցած հանդիպումը: Պատուիրակութեան կազմում գտնուող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ, Ալֆորվիլի քաղաքապետ Ռընե Ռուքեն անդրադարձել է Օշականի հետ Ալֆորվիլի համագործակցութեանը` նշելով, որ մտադիր են այն առաւել սերտացնելու: Ա.Գեւորգեանը բարձր է գնահատել ձեւաւորուած գործակցութիւնը` նկատելով, որ նմանատիպ յարաբերութիւնները նպաստում են երկու բարեկամ երկրների միջեւ կապերի ամրապնդմանը: Ըստ «ՆՏ»-ին տրամադրած մամլոյ հաղորդագրութեան, պատուիրակութիւնը Հայաստան այցի ընթացում կլինի նաեւ մարզերում:
  -   Տնտեսութիւն