Անցկացուեց սեղանի թենիսի մրցաշար Հայաստանի քաղաքացիական ծառայութեան համակարգի աշխատողների միջեւ
26-04-2011 17:04:20 | Հայաստան | Սպորտ
Ապրիլի 23-ին «Հայաստան» մարզական միութեան մարզադահլիճում տեղի ունեցաւ սեղանի թենիսի մրցաշար Հայաստանի քաղաքացիական ծառայութեան համակարգի աշխատողների միջեւ: Մրցաշարը կազմակերպել էր ՀՀ քաղաքացիական ծառայութեան խորհուրդը:
Մասնակցութեան համար յայտեր էին ստացուել ՀՀ ՔԾ խորհրդից, Բնապահպանութեան, Էկոնոմիկայի, Գիւղատնտեսութեան, Մշակոյթի, Սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութիւններից, ինչպէս նաեւ Սիւնիքի եւ Կ'ոտայքի մարզպետարաններից: Մրցաշարին չէին կարող մասնակցել միջազգային կամ հանրապետական մրցումների մասնակցած արհեստավարժ մարզիկներ:
Մրցաշարի մասնակիցներին ողջունեց եւ յաջողութիւններ մաղթեց ՀՀ քաղաքացիական ծառայութեան խորհրդի անդամ Վահան Մամիկոնեանը, նշելով, որ նման միջոցառումները համակարգի աշխատակիցներին շփուելու, միմեանց ճանաչելու հնարաւորութիւն են տալիս եւ բխում են առողջ ապրելակերպի սկզբունքից: Նա նաեւ շնորհակալութիւն յայտնեց «Հայաստան» մարզական միութեանը` մրցաշարի անցկացմանը սիրով աջակցելու համար:
Մրցաշարի եզրափակիչում ուժերը չափեցին ՀՀ քաղաքացիական ծառայութեան խորհրդի եւ ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեան ներկայացուցիչները, ովքեր զբաղեցրին համապատասխանաբար առաջին եւ երկրորդ հորիզոնականները: Երրորդ մրցանակակիր դարձաւ Կ'ոտայքի մարզպետարանի ներկայացուցիչը: Յաղթողները պարգեւատրուեցին գաւաթներով:
Ինչպէս նշուած է «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրութիւնում, սա քաղաքացիական ծառայութեան համակարգի աշխատակիցների միջեւ կազմակերպուող սեղանի թենիսի երկրորդ մրցաշարն էր: Առաջին անգամ նման միջոցառում անցկացուել է 2007 թուականին ՀՀ ՔԾ խորհրդի եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան համատեղ նախաձեռնութեամբ: