Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում ապրիլի 27-ին կ'անցկացուի «Ծաղկահաւաք» ակցիան


Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում ապրիլի 27-ին կ'անցկացուի «Ծաղկահաւաք» ակցիան

  • 26-04-2011 16:51:07   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ապրիլի 27-ին Վայրի բնութեան եւ մշակութային արժէքների պահպանման հիմնադրամը իր գլխաւոր գործընկեր «ՎիւաՍելլ-ՄՏՍ» ընկերութեան եւ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հետ համատեղ կ'իրականացնի Ծիծեռնակաբերդում հաւաքուած ծաղիկների վերամշակման գործընթացը: Միջոցառումն իրականացւում է 2-րդ անգամ: Ինչպէս նշւում է «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրութիւնում, մինչեւ 2010թ.-ը Ապրիլի 24-ից յետոյ Ծիծեռնակաբերդում հաւաքուած միլիոնաւոր ծաղիկներն ամէն տարի յուշահամալիրից հեռացւում էին որպէս աղբ: Անցեալ տարի Հիմնադրամն առաջարկեց անմեղ զոհերի յիշատակին նուիրաբերուած բոլոր ծաղիկների հաւաքման եւ յետագայ կիրառման այլընտրանքային, առաւել օգտակար, խորհրդանշական ու բնապահպանական տարբերակ: Միջոցառման շրջանակում բոլոր ծաղիկները խնամքով հաւաքւում եւ տեղափոխւում են յուշարձանի յետնամաս, առանձնացւում են ցօղունն ու ծաղկաթերթիկները: Ծաղկի ցօղուններից պատրաստւում է պարարտախառնուրդ` յուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկի չորացուած թերթիկները հիմնադրամի «Արեւորդի» էկո-ակումբների սաներն օգտագործում են թղթի վերամշակման եւ ձեռքով պատրաստուած բացիկների ձեւաւորման համար: Այդ թուղթն է օգտագործում նաեւ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը յուշագրեր, շնորհակալագրեր եւ հրաւիրատոմսեր պատրաստելու համար: Ծաղիկների վերամշակման աշխատանքներն իրականացւում են անհատ կամաւորների եւ ամենատարբեր կազմակերպութիւններ ներկայացնող կամաւորական խմբերի միջոցով: Այս տարի աշխատանքներին կը մասնակցեն շուրջ 300 կամաւորներ: Արդէն աւանդոյթ դարձած միջոցառումն այս տարի կը մեկնարկի առաւօտեան ժամը 9:00-ին եւ կը շարունակուի մինչեւ 21:00-ը:
  -   Հասարակութիւն