ՀՀ արտաքին գործերի նախարարը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը՝ ազգային առաջնորդարանում


ՀՀ արտաքին գործերի նախարարը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը՝ ազգային առաջնորդարանում

  • 16-09-2010 15:14:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ԱԼԻՔ» - 16 սեպտեմբերի «ԱԼԻՔ» - Երկու բարեկամ երկրների՝ Իրան-Հայաստան յարաբերութիւններում օրըստօրէ նոր վերելքներ են արձանագրւում՝ առաւել ամրապնդելով արդէն իսկ գոյութիւն ունեցող հիմքային կապերը, եւ այն արտացոլւում է երկու երկրների բարձրաստիճան պատւիրակութիւնների յաճախակի փոխայցելութիւններով: Այս օրերին արդէն բազմիցս անդրադարձել ենք Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի Թեհրան երկօրեայ պաշտօնական այցին: Այցի ծիրում երէկ երեկոյեան Էդւարդ Նալբանդեանը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը հիւրընկալւեցին ազգային առաջնորդարանում, ուր նրանց ընդունեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Հանդիպմանը ներկայ էին՝ Իրանի Հայ Կաթողիկէ Եկեղեցու առաջնորդ Նշան արք. Գարաքեհէեանը, Իրանի Հայ Աւետարանական Եկեղեցու հոգեւոր հովիւ Վեր. Սերգէյ Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի դիւանը, պատգամաւորներ, Թ. Հ. Թեմական եւ Կրթական խորհուրդների, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ: Սրբազան Հայրն իր խօսքում բարիգալուստ մաղթելով ՀՀ արտգործնախարարին եւ պատւիրակութեանը՝ ընդգծեց առաւել եւս Հայաստանի անկախութեանը յաջորդող տարիներին սփիւռքահայութեան զօրակցութիւնը, աշխուժութիւնը, եռանդն ու յանձնառութիւնը՝ Հայաստանի նկատմամբ, մասնաւորաբար իրանահայութեան կողմից: Նա անդրադառնալով երկու երկրների յարաբերութիւններին՝ նշեց. «Հաւատում եմ, որ ձեր յարաբերութիւնները՝ Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլ. Հանրապետութեան, որքան սերտանան, որքան ամրանան, այնքան տարածաշրջանը ինքնին խաղաղ տւեալներ կունենայ իր կեանքը շարունակելու, որովհետեւ այսօր Իրանը տարածաշրջանի ամենաուժեղ երկրներից մէկն է եւ արհամարհելի չէ դա ու նկատառելի է Հայաստանի դերը՝ այս տարածաշրջանում, յատկապէս իր բարեկամութեամբ՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան հետ»: Էդւարդ Նալբանդեանը, իր հերթին, շնորհակալութիւն յայտնեց եւ ողջունեց մէկ անգամ եւս հանդիպելու ստեղծւած առիթը: Անդրադառնալով այցի մանրամասներին՝ պրն. Նալբանդեանը նշեց. «Ինչպէս միշտ, շատ ջերմ ու անկեղծ մթնոլորտում բանակցութիւններ ունեցանք պրն. Մոթթաքիի հետ բոլոր այն հարցերի մասին, որոնք այսօր յուզում են մեզ եւ երկկողմ հետաքրքրութիւն են առաջացնում: Պրն. Մոթթաքին ինձ հետ հանդիպման ժամանակ նշեց, որ չկայ այնպիսի մի հարց, որ մենք չկարողանանք բանակցութիւնների միջոցով լուծել: Լիովին ես նրա հետ համաձայն եմ, քանի որ մեր յարաբերութիւնների բարձր մակարդակի մասին են խօսում, այն մեծ ծրագրերը, որ մենք իրականացնում ենք, կարելի է ասել՝ ռազմավարական ծրագրերը, յատկապէս՝ տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում»: Էդւարդ Նալբանդեանը նաեւ մանրամասնեց հայ-թուրքական արձանագրութիւնների թեման, ապագայ զարգացումները, անդրադարձ եղաւ նաեւ հայ-ադրբեջանական հակամարտութեան թեմային, ի մասնաւորի՝ Արցախի, ուր եւս մանրամասներ տրւեցին ընթացող գործընթացից: Քանի որ ժամանակը սուղ էր՝ ներկաների կողմից հարցերի բաժինը զեղչւեց եւ անմիջապէս իր խօսքից յետոյ բակում արդէն Եղեռնի յուշարձանին արտգործնախարարը ծաղկեպսակ դրեց եւ նախարարն ու նրա գլխաւորած պատւիրակութիւնը թողեցին առաջնորդարանը՝ ուղղւելով նախագահի նստավայր, ուր պէտք է կայանար Ահմադինեժադ-Նալբանդեան հանդիպումը: Իսկ աւելի ուշ հիւրերը արդէն հիւրընկալւելու էին «Արարատ» մարզաւանում: Պատւիրակութիւնը այսօր թողեց Իրանը:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը