Սիրիայի հայ աւետարանական համայնքը


Սիրիայի հայ աւետարանական համայնքը

  • 16-09-2010 10:29:28   | Հայաստան  |  Յօդուածներ
Սիրիայի հայ աւետարանական համայնքը տեղի Հայութեան դաւանանքային երեք շերտերից մէկն է` հայ առաքելական եւ կաթողիկէ համայնքների հետ միասին: Հայ աւետարանականների կազմակերպուածութիւնն ու ակտիւութիւնը հաշուի առնելով` յարկ է ուշադրութիւն դարձնել նրանց գործունէութեան վրայ: Սիրիայի գլխաւոր հայ աւետարանական համայնքը գտնւում է Հալէպում, որն աւանդաբար եղել է ամենահայահոծ բնակավայրը Սիրիայում: Լինելով Սիրիայի ընդհանուր հայ համայնքի կենտրոնը կամ ,մայրաքաղաքըէ` Հալէպը միաժամանակ նաեւ հայ աւետարանական համայնքի կենտրոնը կամ «մայրաքաղաքն, է: Այստեղ է կենտրոնացուած Սիրիայի հայ աւետարանականների մեծ մասը: Համաձայն պաշտօնական տուեալների` Հալէպում նրանց թիւը կազմում է 4 հազ. մարդ: Սակայն ոչ պաշտօնական տուեալների համաձայն, այդ թիւը տատանւում է 2500-3000-ի սահմաններում: Այս քաղաքում է գտնւում հայ աւետարանականների հիմնական ղեկավար կառոյցը` Հայ աւետարանական համայնքի գրասենեակը, որը գլխաւորում է համայնքապետ, վերապատուելի Յարութիւն Սէլիմեանը: Ներկայումս Հալէպն ինչ-որ իմաստով կարելի է համարել համաշխարհային հայ աւետարանականութեան կենտրոնը, քանի որ վերապատուելի Յարութիւն Սէլիմեանը միաժամանակ նաեւ Հայ աւետարանական համաշխարհային խորհրդի նախագահն է: Բացի Հայ աւետարանական համայնքի գրասենեակից, Հալէպում է գտնւում նաեւ Սիրիայի հայ աւետարանական եկեղեցիների, կրթական եւ այլ հաստատութիւնների մեծ մասը: Հայ աւետարանական համայնքներ կան նաեւ Սիրիայի այլ հայաշատ բնակավայրերում` մայրաքաղաք Դամասկոսում, Քեսապում, Հոմսում եւ այլուր: Սիրիայի հայ աւետարանական համայնքը բնութագրւում է հետեւեալ յատկանիշներով. Այն աշխարհում առաջին հայ աւետարանական համայնքներից մէկն է եւ այդ իմաստով լինելով ամենահին համայնքներից մէկը` անցել է պատմական զարգացման որոշակի փուլեր: Ունի կազմակերպուածութեան բաւական բարձր մակարդակ, ինչը թոյլ է տալիս դրսեւորել նշանակալի ակտիւութիւն: Դրա վառ արտայայտութիւնը նրա կազմակերպական կառոյցների առատութիւնն է ու բազմազանութիւնը, որոնք տարբեր բնագաւառներում ծաւալում են ակտիւ գործունէութիւն: Մեկուսացուած չէ հայ առաքելական եւ կաթողիկէ համայնքներից, այլ նրանց հետ միասին կազմում է մէկ միասնական ամբողջութիւն` սիրիահայ համայնքը: Դրա լաւագոյն վկայութիւններն են. Աւետարանական կառոյցների գործունէութեան տարածումը ողջ սիրիահայ համայնքում: Միջդաւանական սերտ համագործակութիւնը հայ առաքելական եւ կաթողիկէ համայնքների հետ: Պատմական ակնարկ Ձեւաւորուելով 19-րդ դարի կէսին եւ լինելով առաջին հայ աւետարանական համայնքներից մէկը` Սիրիայի հայ աւետարանական համայնքն անցել է պատմական զարգացման որոշակի էւոլիւցիայ: Այս համայնքի պատմութիւնը բաժանւում է երկու փուլի. նախացեղասպանական` 19-րդ դարի կէսից մինչեւ Հայոց ցեղասպանութիւնը, հետցեղասպանական` Հայոց ցեղասպանութիւնից մինչեւ մեր օրերը: Նախացեղասպանական շրջան: Սիրիայում հայ աւետարանական համայնքներ ձեւաւորուել են 19-րդ դարի կէսին, երբ այդ երկիրը մաս էր կազմում Օսմանեան կայսրութեան: Օսմանեան կայսրութեան Հայութեան շրջանում տարածում ստացող բողոքականութիւնն անմասն չթողեց նաեւ Սիրիայի հայերին, որոնք բնակւում էին հիմնականում Հալէպում եւ Քեսապում: Այստեղ էլ ձեւաւորուեցին Սիրիայի առաջին հայ աւետարանական համայնքները: Հալէպում Հայ Աւետարանական եկեղեցի հիմնադրուեց 1852թ., Քեսապում` 1853թ.: նախացեղասպանական շրջանում հայ աւետարանականութեան գործունէութիւնն ընդգրկում էր հիմնականում երկու բնագաւառ` հոգեւոր-եկեղեցական եւ կրթական: Աւետարանական եկեղեցիներին կից գործում էին դպրոցնէր: Հետցեղասպանական շրջան: Հայոց ցեղասպանութեան հետեւանքով բազմահազար հայեր, այդ թւում նաեւ` աւետարանականներ Արեւմտեան Հայաստանից եւ Կիլիկիայից գաղթեցին եւ հաստատուեցին Սիրիայում, ինչը յանգեցրեց ինչպէս տեղի հայ աւետարանական համայնքների ստուարացմանը, այնպէս էլ նորերի ձեւաւորմանը: Հալէպից եւ Քեսապից բացի հայ աւետարանական համայնքներ ձեւաւորուեցին նաեւ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում եւ Եղեռնի հետեւանքով հայաշատ դարձած այլ բնակավայրերում: հայոց ցեղասպանութեան հետեւանքով առաջացած մարտահրաւէրները, ինչպէս նաեւ Սիրիայի անկախացման արդիւնքում առաջ եկած ազատութիւններն ընդլայնեցին հայ աւետարանական համայնքի գործունէութեան շրջանակները: Հոգեւոր-եկեղեցական եւ կրթական ոլորտներին աւելացան սոցիալականը, մշակութայինը եւ այլն, ինչը ենթադրում է նաեւ կազմակերպական կառոյցների ընդլայնում թէ՛ քանակական, թէ՛ տեսակային (բազմազանութեան) առումներով: Սիրիայի հայ աւետարանական համայնքի պատմութեան վերոյիշեալ երկու փուլերի համեմատական վերլուծութիւնը թոյլ է տալիս ընդգծել դրանց հետեւեալ հիմնական առանձնայատկութիւնները. Եթէ նախացեղասպանական փուլում Սիրիան Օսմանեան կայսրութեան մաս էր կազմում եւ, հետեւաբար, տեղի հայ աւետարանական համայնքն էլ գտնւում էր թուրքական պետութեան շրջանակներում, ապա հետցեղասպանական փուլում, երբ Սիրիան արդէն ձեռք էր բերել անկախութիւն, տեղի հայ աւետարանական համայնքը գտնւում եւ գործում էր անկախ Սիրիայի կազմում, որտեղ նրա համար կային գործունէութեան աւելի ազատ պայմաններ: Եթէ նախացեղասպանական փուլում Սիրիայի հայ աւետարանական համայնքը թէ՛ քանակապես եւ թէ՛ աշխարհագրական սփռուածութեան առումով փոքր էր, ապա Հայոց ցեղասպանութեան հետեւանքով այն ընդլայնուեց: Նախացեղասպանական շրջանում Սիրիայի հայ աւետարանական համայնքն ընդգրկում էր հիմնականում Հալէպն ու Քեսապը: Հետցեղասպանական շրջանում հայ աւետարանական համայնքներ ձեւաւորուեցին նաեւ Դամասկոսում եւ Սիրիայի հայաշատ դարձած այլ վայրերում: Եթէ նախացեղասպանական շրջանում Սիրիայի հայ աւետարանական համայնքի գործունէութիւնն ընդգրկում էր հիմնականում եկեղեցական եւ կրթական ոլորտները, ապա հետցեղասպանական շրջանում նրա գործունէութեան շրջանակներն ընդլայնուեցին` ընդգրկելով նաեւ սոցիալական, մշակութային եւ այլ բնագաւառներ: Եթէ նախացեղասպանական շրջանում հայ աւետարանական համայնքի կազմակերպական կառոյցները միայն եկեղեցական եւ կրթական բնոյթի էին, ապա երկրորդ փուլում դրանք, քանակապես ընդլայնուելով, միաժամանակ ընդլայնեցին իրենց բազմազանութիւնը: Կազմակերպական կառոյցները Սիրիայի հայ աւետարանական համայնքն աչքի է ընկնում կազմակերպական կառոյցների առատութեամբ եւ բազմազանութեամբ: Դրանք կարելի է բաժանել չորս մասի. Ղեկավար Եկեղեցական Կրթական Սոցիալական Ղեկավար կառոյցները Սիրիայի հայ աւետարանական համայնքում երկուսն են` Հայ աւետարանական համայնքի գրասենեակը եւ Հայ աւետարանական կրթական խորհուրդը: Երկու հաստատութիւններն էլ գտնւում են Հալէպում եւ զբաղւում են կազմակերպչական գործունէութեամբ: Երկուսն էլ գլխաւորում է Սիրիայի հայ աւետարանականների համայնքապետ, վերապատուելի Յարութիւն Սէլիմեանը: Եկեղեցական կառոյցները Սիրիայի հայ աւետարանական համայնքում ստեղծուել են 19-րդ դարի կէսին` հայ աւետարանական համայնքի ձեւաւորմանը զուգընթաց: Առաջին Հայ Աւետարանական եկեղեցիները` Հալէպի Հայ Աւետարանական Էմանուէլ եկեղեցին եւ Քեսապի Հայ Աւետարանական Սուրբ Երրորդութիւն եկեղեցին, հիմնադրուել են համապատասխանաբար 1852թ. եւ 1853թ.: ներկայումս Սիրիայի հայ աւետարանական համայնքն ունի 11 եկեղեցի, որոնց գերակշիռ մեծամասնութիւնը կենտրոնացուած է աւանդական հայ աւետարանական համայնքներում` Հալէպում (5) եւ Քեսապում (4): Մէկական Հայ Աւետարանական եկեղեցիներ կան նաեւ Դամասկոսում եւ Հոմսում: Կրթական հաստատութիւնները Սիրիայի հայ աւետարանական համայնքում դպրոցներն են: Դրանց քանակը ներկայումս 6-ն է: Կրթական հաստատութիւնների գերակշիռ մեծամասնութիւնը` 4 հատ, կենտրոնացուած է Հալէպում: Մէկական դպրոց կայ Դամասկոսում եւ Քեսապում5: տաղանդաւոր հայ երիտասարդների արտագաղթը կասեցնելու նպատակով մտադրութիւն կայ Հալէպում հիմնել հայկական համալսարան: Սոցիալական կառոյցները Սիրիայի հայ աւետարանական համայնքում 8-ն են: Դրանք նոյնպէս գլխաւորապէս կենտրոնացուած են Հալէպում (7): Սոցիալական կառոյցներից միայն մէկը` Հայկական քրիստոնէական ջանից ամառային ճամբարն է գտնւում Հալէպից դուրս` Քեսապում: սիրիայի հայ աւետարանական համայնքի սոցիալական կառոյցները բարեգործական, առողջապահական, երիտասարդական եւ այլ բնոյթի հաստատութիւններ են: Դրանցից են, օրինակ, Ջինիշեան յիշատակի ձեռնարկի Սիրիայի մասնաճիւղը, Հովարդ Կարագեօզեան հաստատութեան Սիրիայի մասնաճիւղը, Քրիստոնէական ջանից երիտասարդական կենտրոնը եւ այլն: Կազմակերպական կառոյցների գործունէութեան համահայկական բնոյթը Սիրիայի հայ աւետարանական համայնքի կազմակերպական կառոյցների գործունէութիւնը չի սահմանափակւում միայն նեղ աւետարանական համայնքի շրջանակներում: Այն ընդգրկում է ողջ սիրիահայ համայնքը` անկախ դաւանանքային տարբերութիւններից, ինչը վկայում է Սիրիայի հայ աւետարանականների` ողջ սիրիահայութեան մէջ ինտէգրուածութեան եւ նրա անբաժանելի մասը լինելու մասին: Սիրիայի հայ աւետարանական կառոյցների գործունէութեան համահայկական բնոյթը դրսեւորւում է հետեւեալ բնագաւառներում. Հոգեւոր Կրթական Սոցիալական Հոգեւոր ոլորտ: Անգամ եկեղեցական կառոյցների գործունէութիւնն է տարածւում ոչ միայն աւետարանականների վրայ. Սիրիայի Հայ Աւետարանական եկեղեցիների այցելուների թւում են նաեւ հայ առաքելականները: Ըստ աւետարանական հոգեւորականների` գլխաւորը քրիստոնէական հաւատքն է, դաւանանքը երկրորդական նշանակութիւն ունի: Ինչպէս նշում է Դամասկոսի Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ Տաթեւ Պասմաճեանը. ,կարեւորը հայ քրիստոնեայ լինելն է: ...Վերջում, երբ Աստծու մօտ գնանք, չի հարցնելու` աւետարանակա՞ն ես, թէ՞ առաքելականե8: Կրթական ոլորտ: Սիրիայի հայ աւետարանական կրթական հաստատութիւնների համահայկական բնոյթը երեւում է երկու հանգամանքով. Հայեցի կրթութեամբ: 19-րդ դարի վերջից սկսած` արուել է ամէն ինչ հայ աւետարանական դպրոցներում հայեցի կրութիւնն ապահովելու համար: Ինչպէս նկատում է վերապատուելի Է.Քասունին. ,...Մինչեւ 1890-ական թուականները... Հայ Աւետարանական դպրոցներուն մէջ անգլերէն, հայատառ եւ արաբատառ թրքերէն կը դասաւանդուէր. հայերէնը չկար: Հայ Աւետարանականները 1893-էն ետք պարտադիր դարձուցին հայերէնի եւ կարգ մը այլ նիւթերու հայերէնով ուսուցումը իրենց այն գիւղերուն մէջ, ուր հայերը միակ բնակիչներն էինե9: Աշակերտութեան դաւանանքային կազմով: Հայ աւետարանական դպրոցներում ուսանող աշակերտների դաւանանքային կազմը չի սահմանափակւում միայն աւետարանական երեխանէով: Հայ առաքելական երեխաների կողմից բողոքական դպրոցնէր յաճախելը ընդունուած է եղել դեռեւս նախացեղասպանական շրջանում` կապուած ազգային դպրոցների անմխիթար վիճակի հետ: «...Ոչ դաւանափոխ ընտանիքներ ի վերջոյ կը յօժարին իրենց զաւակներն ալ բողոքական ու լատին վարժարանները ղրկել, որովհետեւ ազգային դպրոցները ո՛չ կանոնաւոր դասագիրք ունին, ո՛չ շէնք, ո՛չ դպրոցական իրեր եւ ո՛չ ալ բաւարար ու որակէալ ուսուցիչներ»,- գրում է Հ. Չօլաքեանը: Սոցիալական ոլորտ: Սոցիալական կառոյցների գործունէութիւնից չի կարող օգտուել միայն նեղ աւետարանական համայնքը, քանի որ դրանք ստեղծուել են ծանր կացութեան մէջ գտնուող սիրիահայերին օգնելու նպատակով: Այնպիսի հաստատութիւններ, ինչպիսիք են Հայ ծերանոցը, Հովարդ Կարագեօզեան հաստատութեան եւ Ջինիշեան յիշատակի ձեռնարկի Սիրիայի մասնաճիւղերը, Արեւիկ կենտրոնը, տեղի Հայութեանշրջանում իրականացնում են բազմաբնոյթ սոցիալական ծրագրեր: սոցիալական կառոյցների գործունէութիւնը չի կարող սահմանափակուել միայն նեղ աւետարանական համայնքի շրջանակներում նաեւ այն պատճառով, որ դրանցից որոշները տնօրինւում են Սիրիայի հայկական երեք յարանուանութիւնների կողմից: Միջդաւանական համագործակցութիւնը Սիրիահայութեան երեք դաւանանքային խմբերի մօտ էլ բարձր է ազգային ինքնագիտակցութիւնը, որը նրանց միաւորում է մէկ ընդհանրութեան` Սիրիայի հայ համայնքի մէջ: Սիրիայի հայ առաքելական, կաթողիկէ եւ աւետարանական յարանուանութիւններին բնորոշ են հայկական ինքնութեան յատկութիւնները: Օրինակ` ընդհանուր հայրենիքի գիտակցութիւնը, որը վառ արտայայտուեց 1946-48թթ. մեծ հայրենադարձութեան շրջանում: Հայրենադարձութեան խանդավառութեան ալիքը, ինչպէս վկայում է Հ.Չօլաքեանը, իր մէջ կլանեց ողջ սիրիահայութեանը` անկախ դաւանանքային տարբերութիւններից: «Ներգաղթ կը կազմակերպուի Սիրիոյ բոլոր շրջաններէն` գիւղերէն ու քաղաքներէն: Կը ներգաղթեն հայկական երեք կրօնական համայնքներու եւ բոլոր շրջանակներու պատկանող ընտանիքներ եւ անհատներ»: Սիրիայի հայ աւետարանական համայնքի` ողջ սիրիահայութեան անբաժանելի մասը լինելու վառ արտայայտութիւն են նաեւ հայ առաքելական եւ կաթողիկէ յարանուանութիւնների հետ նրա սերտ շփումներն ու համագործակցութիւնը: Միջդաւանական համագործակցութիւնը դրսեւորւում է երկու մակարդակով. Անհատական, երբ ակտիւ շփման եւ գործակցութեան մէջ են գտնւում երեք յարանուանութիւնների առանձին անհատներ: Ինստիտուցիոնալ, երբ շփումներն ու համագործակցութիւնը տեղի են ունենում Հայ առաքելական,կաթողիկէ եւ աւետարանական համայնքների միջեւ` նրանց ինստիտուցիոնալ կառոյցների միջոցով: Անհատական համագործակցութիւնը դրսեւորւում է հետեւեալ հիմնական ձեւերով. ազգային կառոյցներում երեք հայ յարանուանութիւնների ներկայացուցիչների ընդգրկուածութիւնն ու համատեղ գործունէութիւնը: Միջդաւանական համագործակցութեան այս ձեւն արմատներով գնում է դեռեւս Սիրիայի հայ աւետարանական համայնքի պատմութեան նախացեղասպանական փուլը` 1890-ական թթ.: Նման համագործակցութեան սկիզբը դրուեց հայ առաջին կուսակցութիւնների գործունէութեամբ, որոնք էլ հանդէս էին գալիս որպէս համազգային կ'առոյցնէր: Ինչպէս յիշատակում է Հ.Չօլաքեանը. «Ս.Դ.Հ.Կ.ն էր, որ ամէնէն առաջ ազգային գիտակցութիւն եւ ապրում արթնցուց դաւանական խնդիրներով այնքան բաժան-բաժան եղած ու իրարու դէմ թշնամական զգացումներ տածող համագիւղացիներու մէջ: Այդ գիւղերուն մէջ կ'ուսակցութէան անդամ էին հայ քահանան, կաթոլիկ վարդապետը, բողոքական քարոզիչն ու պատուելին, եւ նոյնիսկ լատին օտարազգի հայրը ...»: հետցեղասպանական շրջանում ակնառու է ՀԲԸՄ օրինակը: ,հայկական Բարեգործական Ընդհանուր Միութէան ներկայութիւնը Անտիոքի շրջանի միւս գիւղերուն պարագային, ինչպէս Քեսապ, բարերար դեր ունեցած է տարբեր համայնքներու զաւակները նոյն մասնաճիւղին մէջ առնելու եւ անոնց մէջ ազգային դաստիարակութէան ընդհանուր նկրտումներ ապահովելու տեսակէտէն: Հայ լուսաւորչականին հետ նոյն մասնաճիւղին մէջ մտած են նաեւ բողոքականը, կաթողիկէն եւ նոյնիսկ` լատինըէ,- վկայում է Հ. Չօլաքեանը: Համազգային միջոցառումներին երեք հայ յարանուանութիւնների ներկայացուցիչների մասնակցութիւնը: Ամենազանգուածային համազգային միջոցառումներն ամէն տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի միջոցառումներն են, որոնց հայերը մասնակցում են` անկախ դաւանանքային տարբերութիւններից: Դամասկոսի համալսարանի դասախօս Նորա Արիսեանի խօսքերով. «Այդ օրը սիրիահայերն աշխատանքի չեն գնում, նրանք փակում են իրենց խանութները եւ երեկոյեան ներկայ գտնւում միջոցառումներին: Այսինքն` ցանկացած հայ Սիրիայում իր յարգանքի տուրքն է տալիս նահատակներին»: Աշխարհիկ կարգի յարաբերութիւններում եւ գործունէութեան բնագաւառներում դաւանանքային տարբերութիւնների դերի ու նշանակութեան բացակայութիւնը: Այդ կարգի յարաբերութիւններում եւ գործունէութեան ոլորտներում ընդգրկւում են ինչպէս առաքելական, այնպէս էլ կաթողիկէ եւ աւետարանական հայերը: Լաւ օրինակ են սիրիահայ համայնքի սպորտային խմբակները, որոնցում ընդգրկւում են հայերը` անկախ իրենց դաւանանքային տարբերութիւններից: այլ օրինակ. ՌԱԿ կլոր տարեդարձներին նուիրուած միջոցառումներին, որպէս կանոն, հրաւիրւում են«...անձնաւորութիւններ, որոնք Հայ ազգին մատուցել են գնահատելի ծառայութիւններ` առանց նկատի ունենալու նրանց կուսակցական պատկանելութիւնը կամ դաւանանքը»: Ինստիտուցիոնալ մակարդակով միջդաւանական համագործակցութեան դրսեւորման ձեւերն են. Համատեղ միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը: Մէկ համայնքի կողմից կազմակերպուող միջոցառումներին միւսների մասնակցութիւնը: Համազգային միջոցառումներին երեք յարանուանութիւնների մասնակցութիւնը: Կառոյցների համատեղ հիմնումը եւ դրանց համատեղ տնօրինումը: Սիրիահայ համայնքային խնդիրների լուծման համար համատեղ պայքարը: Ինստիտուցիոնալ մակարդակով միջդաւանական համագործակցութիւնն ակտիւօրէն դրսեւորւում է քաղաքական, սոցիալական, գիտամշակութային եւ կրթական բնագաւառներում: Քաղաքական ասպարէզում Սիրիայի հայ երեք յարանուանութիւնների միջեւ համագործակցութիւնը նպատակաուղղուած է համազգային խնդիրների լուծմանը: Այս տեսակէտից բացառիկ նշանակութիւն ունի Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դատապարտման համար մղուող պայքարը: Այս հարցում Հայ Առաքելական, Կաթողիկէ եւ Աւետարանական եկեղեցիների միջեւ առկայ են սերտ համագործակցութիւն եւ փոխըմբռնում: քաղաքական ասպարէզում միջդաւանական համագործակցութիւնն ու շփումները դրսեւորւում են հիմնականում համատեղ միջոցառումների կազմակերպման եւ համազգային միջոցառումներին երեք յարանուանութիւնների մասնակցութեան ձեւով: Ամենամեայ ապրիլքսանչորսեան միջոցառումները, օրինակ, կազմակերպւում են Հայ առաքելական, կաթողիկէ եւ աւետարանական յարանուանութիւնների կողմից: համազգային միջոցառումներին համատեղ մասնակցութեան ակնառու օրինակ էր այն, որ 2010թ. ՀՀ նախագահ Ս.Սարգսեանի` Սիրիա կատարած այցելութեան ընթացքում Հայ առաքելական, կաթողիկէ եւ աւետարանական համայնքների առաջնորդները միասնաբար ուղեկցում էին ՀՀ նախագահին եւ համատեղ մասնակցում նախագահի այցի ընթացքում նախատեսուած միջոցառումներին : Սոցիալական ոլորտը շատ կարեւոր տեղ ունի միջդաւանական համագործակցութեան մէջ: Այստեղ համագործակցութիւնը դրսեւորւում է սոցիալական կառոյցների համատեղ հիմնադրմամբ եւ տնօրինմամբ: Այդպիսի սոցիալական կ'առոյցնէր են Հայ ծերանոցը, Հովարդ Կարագեօզեան հաստատութեան եւ Ջինիշեան յիշատակի ձեռնարկի Սիրիայի մասնաճիւղերը, հաշմանդամ երեխաների Արեւիկ կենտրոնը: Գիտամշակութային ոլորտում միջդաւանական համագործակցութեան ու շփումների դրսեւորման ձեւեր են համազգային միջոցառումներին համատեղ մասնակցութիւնը, համատեղ միջոցառումների կազմակերպումը, մէկ համայնքի կողմից կազմակերպուած միջոցառումներին միւսների մասնակցութիւնը: համազգային միջոցառումներին համատեղ մասնակցութեան տեսակէտից ուշադրութեան է արժանի Սիրիայում ՀՀ դեսպանութեան կողմից կազմակերպուող մշակութային միջոցառումներին Հայ Առաքելական, Կաթողիկէ եւ Աւետարանական եկեղեցիների համատեղ մասնակցութիւնը: Համատեղ միջոցառումների առումով ուշագրաւ օրինակ է հայ գրերի գիւտի 1600-ամեակի, քրիստոնէութեան ընդունման 1700-ամեակի եւ այլ նշանաւոր տարեդարձերի նշումը միասնական ուժերով: ինչ վերաբերում է մէկ համայնքի կողմից կազմակերպուող միջոցառումներին միւսների մասնակցութեանը, ապա համագործակցութեան այդ ձեւը դրսեւորւում է անգամ տարածաշրջանային մակարդակով: Օրինակ, 2009թ. հոկտեմբերի վերջին Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կողմից կազմակերպուած համագումարին` նուիրուած Ադանայի ջարդերի 100-ամեակին, մասնակցում էր եւ զեկոյցով հանդէս եկաւ Սիրիայի հայ աւետարանականների համայնքապետ, վերապատուելի Հ.Սելիմեանը19 : Կրթական ոլորտում միջդաւանական համագործակցութեան նպատակն է աջակցել հայեցի կրթութեանը: Հ.Չօլաքեանը, խօսելով 19-րդ դարի վերջի դրութեան մասին, նկատում է, որ ազգային կրթութեան եւ դաստիարակութեան հարցը անհրաժեշտութիւն է ,...բոլոր հայոց համար, ի՛նչ համայնքի ալ պատկանած ըլլային անոնքե20: այս ասպարէզում համագործակցութեան ակնառու ձեւ էր հայկական յարանուանութիւնների համատեղ պայքարը, որով նրանք միասնական ջանքերով կարողացան հասնել նրան, որ հայկական կրթական հաստա-տութիւններում թոյլատրուի հայերէնի ուսուցումը, ինչպէս նաեւ կրօնագիտութեան դասընթացներն անցկացուեն հայերէնով: Այսպիսով, Սիրիայի հայ աւետարանական համայնքի կազմակերպական կառոյցների ակտիւ գործունէութիւնն աշխուժութիւն է հաղորդում համայնքի կեանքին: Դրանց գործունէութեան տարածումը ողջ սիրիահայութեան շրջանում, միջդաւանական շփումներն ու համագործակցութիւնը տեղի Հայ առաքելականների եւ կաթողիկէների հետ վկայում են այն մասին, որ Սիրիայի հայ աւետարանական համայնքը կազմում է տեղի հայ համայնքի անբաժանելի մասը: «Նորավանք» հիմնադրամ Վահրամ Հովեան
  -   Յօդուածներ