Իրանահայ պատանիներ՝ Արգին Աբնուսեանը եւ Հայբերդ Օհանեանը՝ Գերմանիայում, Ֆրայբուրգի երաժշտական դպրոցի ցուցահանդէսում


Իրանահայ պատանիներ՝ Արգին Աբնուսեանը եւ Հայբերդ Օհանեանը՝ Գերմանիայում, Ֆրայբուրգի երաժշտական դպրոցի ցուցահանդէսում

  • 15-09-2010 16:58:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ԱԼԻՔ» 15 սեպտեմբերի Նոր Ջուղայի պատանիներից՝ Արգին Աբնուսեանը եւ Հայբերդ Օհանեանը՝ Գերմանիայի Ֆրայբուրգի ընկերութեան խորհրդի հրաւէրով, «Դիգար» մշակութային արւեստի կենտրոնի կողմից յուլիս ամսին մասնակցեցին Ֆրայբուրգի երաժշտական դպրոցում կազմակերպւած ցուցահանդէսին։ «Դիգար» մշակութային-արւեստի կենտրոնի տնօրէն տկն. Աղիլին մեզ բացատրութիւն տւեց թէ՝ այս տաղանդաւոր տղաները 2009 թւականի հոկտեմբերին մասնակցել են գրաւոր եւ բանաւոր քննութիւնների եւ քննութեան արդիւնքը նկատի ունենալով նրանց հրաւիրել ենք մասնակցել Սպահանի եւ Ֆրայբուրգի պատանիների ընկերական պրոէկտին։ Նրանք այս երկու տարիների ընթացքում մասնակցել են սոյն կենտրոնի կողմից կազմակերպւած դասարաններին, որոնց հիմնական նիւթերն էին՝ պատմութիւն, արւեստ եւ իմաստասիրութիւն: Պատանիները սկսել են իրենց աշխատանքը՝ ուսումնասիրելով աշխարհի տարբեր ազգերի, մանաւանդ հայերի, ինչու չէ նաեւ Նոր Ջուղայի համայնքի մասին եւ պատրաստել պատի թերթ։ Այս երկու հայ տաղանդաւոր պատանիները իրենց պարսիկ ընկերների հետ Ֆրայբուրգում ցուցադրել են պատրաստած պատի թերթը, որը պարունակում էր Սպահան քաղաքից պատկերներ եւ ներկայացնում նաեւ հայ ժողովրդի պատմութիւնն ու մշակոյթը։ Ցուցահանդէսի ընթացքում եղել են մեծ թւով հետաքրքրւողներ եւ տղաները նրանց տւել են համոզիչ տեղեկութիւններ։ Ճամբորդութեան ընթացքում նրանք առիթ են ունեցել շրջել Ֆրայբուրգ քաղաքում եւ այցելել տեղի տեսարժան վայրերը, նաեւ շրջագայել են Գերմանիայի միւս քաղաքները, եղել են նաեւ Փարիզում եւ Բազէլում (Շւէյցարիայի քաղաքներից մէկը)։ Մենք նախընտրում էինք հարցազրոյց վարել տղաների հետ՝ ստանալու նրանց տպաւորութիւնները, սակայն Արգինը Գերմանիայից վերադառնալուց յետոյ՝ մեկնեց Հայաստան՝ մասնակցելու Նոր Ջուղայի գերազանցիկ աշակերտների համար կազմակերպւած ճամբարին, ուստի՝ հարցազրոյցը յետաձգւեց մինչեւ Արգինի վերադարձը։ Մեզ մնում է շնորհաւորել Արգինին ու Հայբերդին, ինչու չէ նաեւ նրանց ընտանիքներին եւ մաղթել նորանոր յաջողութիւնների ձեռքբերում։
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը