Արսէն Պետրոսեան. Կօօպերացիան շատ կարեւոր ու արդիւնաւէտ կառավարման ձեւ է


Արսէն Պետրոսեան. Կօօպերացիան շատ կարեւոր ու արդիւնաւէտ կառավարման ձեւ է

  • 26-04-2011 13:36:58   | Հայաստան  |  Տնտեսութիւն
«Նախկինում պետութիւնը յայտարարում էր 348 հազար ֆերմերային տնտեսութեան մասին, իսկ այսօր` 340 հազարի: Այսինքն` մենք 5 տարուայ ընթացքում կորցրել ենք 8 հազար գիւղացիական տնտեսութիւն: Ինչի՞ հաշուին` սննկացման հաշուին»,- ապրիլի 26-ի ասուլիսում ասաց անկախ փորձագէտ, տնտեսագէտ Արսէն Պետրոսեանը: Ա.Պետրոսեանի խօսքերով` գիւղացին հասել է սահմանագծին, չի հաւատում իշխանութիւններին եւ ունի միայն մի հնարաւորութիւն` հող: Ըստ տնտեսագէտի, կառավարութիւնը նախաձեռնել է ե'ւ արտադրութեան, եւ՛ տեղափոխման, եւ՛ իրացման կազմակերպման, եւ՛ արտահանման, եւ՛ սարքաւորումների ներկրման հետ կապուած յստակ միջոցառումներ, բայց դրանք մասնակի լուծումներ էն. «Դրանք երբեք չէն կարող դառնալ միջոց` գների սահմանափակման համար: Ապացոյց` մենք ունենք գների յաջորդական աճ»: Անդրադառնալով գիւղատնտեսական վարկերին, նա կարծիք յայտնեց, որ գիւղացին դրանցով չի կարող իր խնդիրները լուծել` ժամկէտները կարճ էն, գիւղացին չունի գրաւադրման ենթակայ համապատասխան արժէքներ եւ, բացասական ելքի դէպքում, չի կարողանայ վերադարձնել գումարը, առաւել եւս` վճարել տոկոսները: Նշուեց, որ գիւղացիական ֆերմերային տնտեսութիւնները Հայաստանում գտնւում էն 866 գիւղական համայնքներում, եւ «ոչ մի տեղ չկայ ձեւաւորուած մի մարմին, որը կը շփուի կառավարութեան հետ, գիւղացիներին կը բացատրի տարբեր հարցեր, դրա համար էլ կառավարութեան ցանկացած որոշում ունենում է նուազագոյն արդիւնաւէտութիւն»: Ըստ Ա.Պետրոսեանի, գիւղացու շահերը լիարժէք պաշտպանելու համար քաղաքակիրթ երկրներում ստեղծւում էն հասարակական կազմակերպութիւններ, կօօպերատիւներ, որպէսզի գիւղացին կարողանայ իր արտադրութիւնն առաւել կազմակերպուած իրականացնել: Նրա համոզմամբ, շատ կարեւոր եւ արդիւնաւէտ կառավարման ձեւ է կօօպերացիան: Ընդ որում, կարելի է առկայ իրավիճակից դուրս գալու համար ստեղծուելիք գիւղացիական կօօպերացիաները 3 տարով ազատել հարկերից:
  -   Տնտեսութիւն