Շուտով կառավարութիւն կներկայացուի Հայագիտութեան ոլորտի զարգացման 5-ամեայ ծրագիրը<br />


Շուտով կառավարութիւն կներկայացուի Հայագիտութեան ոլորտի զարգացման 5-ամեայ ծրագիրը

  • 08-09-2010 20:32:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շուտով կառավարութիւն կներկայացուի գիտութեան առաջիկայ 5 տարիների զարգացման ռազմավարական ծրագիրը, Հայագիտութեան ոլորտի զարգացման 5-ամեայ ծրագիրը, իսկ Գիտութեան զարգացման 10-ամեայ ծրագիրն արդէն ընդունուել է: Այս մասին Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ սեպտեմբերի 8-ի հանդիպմանը յայտնեց ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան Գիտութեան պետական կոմիտէի նախագահ Սամուէլ Յարութիւնեյանը: Գիտութեան ոլորտում պետական քաղաքականութիւն մշակող եւ իրականացնող, շուրջ 3 տարի գործող պետական կառոյցի ղեկավարը կարեւոր է համարում վերջերս վարչապետին կից Գիտիտեխնիկական խորհրդի ստեղծումը, որը նպատակ ունի բարձրացնել ոլորտում ընդունվող իրաւական ակտերի արդիւնաւէտութիւնը, ձեւաւորել արդիւնաբերութեան ճիւղերի եւ գիւղատնտեսութեան զարգացման ծրագրերի ուսումնասիրութեան, տնտեսական նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշները: Խորհրդի առաջիկայ նիստերում նախատեսւում է քննութեան առնել Հայաստանում մեծ քիմիայի երբեմնի համբավը վերականգնելու, ինչպէս նաեւ գիւղատնտեսական մեքենաշինութեան հարցերը: Ս.Յարութիւնեյանը իրականացուելիք ծրագրերի թւում յատկապէս կարեւորեց «Քենդլ»-ը, որի նպատակն է Հայաստանում ստեղծել տարրական մասնիկների նոր սերնդի արագացուցիչ: Այն հնարաւորութիւն կտայ գիտութեան մի շարք ոլորտներում լուծել բեկումնային խնդիրներ: Ըստ Ս.Յարութիւնեանի, Հայաստանը յայտարարել է, որ պատրաստ է ֆինանսավորել ծրագրի արժէքի 25 տոկոսը: Ծրագրին կարող են մասնակցել նաեւ այլ երկրներ: Արդէն այս հարցով բանակցութիւններ են ընթացել ֆրանսիացի գիտնականների հետ, նախատեսւում են բանակցութիւններ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Չինաստանի գիտնականների հետ: Գիտութեան պետական կոմիտէի ղեկավարը գոհունակութիւն յայտնեց, որ էապէս աւելացել են տնտեսական ծախսերն հոգալու նպատակով գիտահետազօտական հիմնարկներին յատկացւող ֆինանսական միջոցները: Պետական միջոցներով վերջին 2 տարիներին աւելի քան 50 միջազգային գիտաժողով է ֆինանսաւորուել, մօտ 70 առաջատար գիտնականներ են գործուղուել աշխարհի տարբեր երկրներ, իրականացւում են երիտասարդ գիտնականներին աջակցութեան եւ այլ ծրագրեր:
  -   Հասարակութիւն