Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնն է բաշխել Հնդկաստան բուժման մեկնող երեք զինուորականների


Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնն է բաշխել Հնդկաստան բուժման մեկնող երեք զինուորականների

  • 10-10-2018 15:21:49   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հայրենիքի պաշտպանութեան համար ռազմական գործողութիւնների հետեւանքով հաշմանդամութիւն ստացած երեք զինուորականների` ուղեկցութեամբ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանի: Նրանք առաջիկայ օրերին կը մեկնեն Հնդկաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Կալկաթայի Սուրբ Նազարէթ հայկական եկեղեցու վարչութեան նախաձեռնութեամբ ու աջակցութեամբ ստանալու անհրաժեշտ բուժումն ու վերջոյթների պրոթեզաւորումը: Սա երկու տարուայ ընթացքում զինուորականների չորրորդ խումբն է, որ այս նպատակով մեկնում է Կալկաթայ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնութիւնը բերելով զինուորականներին, նշեց, որ հպարտութիւն է տեսնել հայրենեաց պաշտպանների, ովքեր պատրաստ են իրենց կեանքն ընծայել հայրենիքի համար: «Ձեր կողմից դրսեւորած այդ քաջարի ոգին արդէն իսկ հերոսութիւն է մեզ համար», - ընդգծեց Նորին Սրբութիւնը` փաստելով, որ Մայր Աթոռը յետագայում եւս շարունակելու է այս առումով իր զօրակցութիւնը բերել Հայոց բանակին:
Նորին Սրբութիւնը յոյս յայտնեց, որ անհրաժեշտ այս բուժումը կ'օգնի զինուորականներին կազմակերպել իրենց յետագայ կեանքը եւ ծառայութիւնը: 
Իրենց հերթին զինուորականներն երախտագիտութիւն յայտնեցին Վեհափառ Հայրապետին հոգածու վերաբերմունքի, Եկեղեցու ազգապահպան առաքելութեան եւ բանակաշինութեան գործում ունեցած մեծ ներդրումի համար, պատասխանեցին նաեւ իրենց կեանքի եւ ծառայութեան վերաբերեալ Նորին Սրբութեան հարցումներին: 
Հանդիպման աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղօթքով օրհնեց զինուորականներին` մաղթելով, որ Ամենակալ Տէրը պարգեւի նրանց ուժ եւ եռանդ նորանոր յաջողութիւններ արձանագրելու կեանքում եւ ապրելու յարատեւ  խաղաղութեան մէջ:

 
  -   Մամլո հաղորդագրություն