Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է նորաօծ եկեղեցականների հետ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է նորաօծ եկեղեցականների հետ

  • 10-10-2018 17:29:43   |   |  Հասարակութիւն

 
 
Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հոկտեմբերի 7-ին Կեչառիսի վանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ առաջնորդանիստ եկեղեցում քահանայական ձեռնադրութեան արժանացած 7 քահանաների` ուղեկցութեամբ Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամեանի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Յակոբեանի:
Մայր Աթոռի լուսարարապետը Նորին Սրբութեանը ներկայացրեց նորաօծ հոգեւորականներին` հայցելով Հայոց Հովուապետի հայրական օրհնութիւնն ու պատգամը: Այս առիթով իր ուրախութիւնն արտայայտեց նաեւ ձեռնադրող Առաքել արքեպիսկոպոսը` նորաօծներին մաղթելով բարի հովուական առաքելութիւն:
Ողջունելով քահանայ հայրերին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհութիւն յայտնեց Երկնաւորին, որ նոր մշակներ է հասցնում Հայոց Եկեղեցու անդաստանից ներս: Նորին Սրբութիւնը, ընդգծելով հոգեւորականի առաքելութեան կարեւորութիւնը, նշեց, որ բազմաթիւ համայնքներ դեռ սպասում են իրենց հոգեւոր հովիւներին: Վեհափառ Հայրապետը յոյս յայտնեց, որ քահանաները հաստատուն կը լինեն իրենց հովուական առաքելութեան մէջ եւ իրենց արդիւնաւէտ ծառայութեամբ կը նպաստեն ժողովրդի հոգեւոր կեանքի պայծառութեանը եւ Եկեղեցու շէնացմանը: 
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց ձեռնադրող Առաքել Սրբազանին իր ստանձնած պարտականութեան համար, ինչպէս նաեւ լուսարարապետ Հովնան Սրբազանին, ում հոգեւոր տեսչութեան ներքոյ քահանաներն իրենց սարկաւագական ծառայութիւնն էին բերում մինչ ձեռնադրութիւնը:
Նորընծաների անունից Արժանապատիւ Տ. Սիոն քահանայ Յարութիւնեանը երախտիքի խօսք ուղղեց Նորին Սրբութեանը` խոստանալով արդարացնել Հայոց Հայրապետի յոյսերը եւ անսակարկ ծառայել Երկնաւոր Տիրոջը եւ հայ ժողովրդին:

 
  -   Հասարակութիւն