Հարցազրոյց Համահայկական մարզական խաղերի պատասխանատու Սաքօ Ազիզեանի եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան վարչութեան նախագահ Արբի Սարգսեանի հետ:
06-09-2010 22:38:59 | | Հարցազրոյցներ
Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնած 42-րդ շրջանի Համահայկական մարզական խաղերը, որի բացումը կատարւելու է սեպտ. 11-ին, նւիրւած է Հայ մարզուհուն՝ ելնելով այն հանգամանքից, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը 2010 թւականը հռչակել է Հայ կնոջ տարի:
Հ.- Կը խնդրեմ Ձեզ ծանօթացնելով՝ արտայայտւէք խաղերի մասին:
Պ.- Շնորհակալութիւն յայտնելով «Ալիք»-ին՝ նախաձեռնած առիթի համար, նշեմ, որ ես Սաքօ Ազիզեանն եմ, 30 տարի է, ինչ անդամակցում եմ Հ.Մ.Ա.Կ.-ին, սկզբում Մարզական միութեան անդամ եմ եղել, իսկ այսօր Երէցների միութեան անդամ եմ: Շուրջ երկու ամիս է, ինչ կեանքի կոչւած յանձնախումբը աշխատանքը սկսել է, ունեցել ենք աւելի քան 10 հանդիպումներ:
Ունենք նաեւ հինգ ենթայանձնախմբեր եւ արդէն ծրագրերը հունի մէջ են: Հինգ ենթայանձնախմբերն են՝ բացման, խաղերի, բանակումի, գրասենեակի եւհանրութեան հետ կապի:
Այս շրջանի Համահայկական խաղերի յանձնախմբին անդամակցում են.
Սաքօ Ազիզեան՝ պատասխանատու, Հենրիկ Բաբա Ահարոնեան՝ պատասխանատուի տեղակալ, Ալինա Թադէոսեան՝ քարտուղարութեան պատ., Արթուր Ջրաղացպանեան՝ նիւթականի պատ., Անաշէ Զարգարեան՝ գրասենեակի պատ., Նարբէյ Իսրայէլեան՝ բանակումի պատ., Արմոնդ Սուլիխանեան՝ բացման հանդիսութեան պատ., Նարէ Կարապետեան՝ հանրութեան հետ կապի գրասենեակի պատ., Վահէ Ներսիսեան ու Գայիանէ Ազիզեան՝ խաղերի պատասխանատուներ եւ Արմէն Սաբահգիւլեան՝ Մարզական միութեան վարչութեան կապ:
Հ.- Խաղերի բացման համար ի՞նչ ծրագրեր են նախատեսւած եւ ի՞նչ աշխատանքներ են տարւել:
Պ.- Ինչպէս գիտէք, խաղերը սկսւելու են շաբաթ, սեպտ. 11-ին: Նախատեսել ենք հանդիսութեանը ունենալ պետական հիւրեր, մտադիր ենք անցեալ շրջանի խաղերից ֆիլմի ձեւով ներկայացնել կտորներ, որոնք կարտացոլեն 41-ամեայ Համահայկական խաղերի անցեալը: Խաղերը նւիրւած են հայ մարզուհուն եւ ջահակիրը լինելու է Հ.Մ.Ա.Կ.-ի աղջկանց բասկետբոլի խմբի պատասխանատու Օդետ Աղաջանեանը: Պէտք է աւելացնեմ, որ մեր աղջկանց բասկետբոլի խումբը երեք տարին է, ինչ Իրանի մակարդակում առաջին տեղն է գրաւում եւ որպէս Իրանի ներկայացուցիչ խումբ՝ այս տարի պէտք է մասնակցէր Արբիլում կայանալիք խաղերին, որը, դժբախտաբար, բեկանւեց, Արբիլի անապահով լինելու պատճառով: Նշեմ նաեւ, որ մեր ջահակրին ուղեկցելու են մեր աղջ. բասկետբոլի խմբի մարզուհիները:
Բարեբախտաբար, մինչ այսօր ծրագրերն ընթացել են այն ժամանակացոյցով, որ նախատեսել էինք:
Հ.- Պրն. Սարգսեան, որպէս Մարզական միութեան վարչութեան նախագահ՝ ինչպէս 40-րդ շրջանում էր, արդեօք այս տարի եւս նախատեսւե՞լ է մշակութային փառատօն:
Պ.- Քանի որ մտածել էինք 40-րդ շրջանը աւելի շուքով նշել, ուստի՝ մարզական ծրագրերի կողքին՝ նախատեսեցինք նաեւ մշակութային ծրագրեր: Այս տարի եւս միգուցէ ունենանք մշակութային ծրագրեր, որպէսզի է՛լ աւելի եռուզեռ ստեղծւի մարզիկ-ուհիների մօտ:
Հ.- Պրն. Ազիզեան, արդեօք այս տարի եւս, ըստ վերջին տարիների ընկալեալ սովորութեան, իրանահայ համայնքից բացի՝ լինելո՞ւ են այլ մարզիկ-մարզուհիներ:
Պ.- Արդէն հրաւէրներն ուղարկւել են Իրանի հայահոծ քաղաքներին եւ արդէն ստացել ենք դրական պատասխաններ, իսկ արտերկրից՝ դեռ ոչ:
* Այս մասին պրն. Սարգսեանը այսպէս աւելացրեց՝ բոլոր հրաւէրներն ուղարկւել են: Հրաւէրներ ենք յղել՝ Իրաք, Վրաստան, Հայաստան, Ղարաբաղ, Սիրիա եւ Լիբանան, բայց մինչ օրս յստակ պատասխան չենք ստացել:
Հ.- Պրն. Ազիզեան, ի՞նչ մարզաձեւերում են կայանալու խաղերը:
Պ.- Ըստ իւրաքանչիւր տարւայ՝ 9 մարզաձեւերում են կայանալու խաղերը՝ բասկետբոլ, ֆուտբոլ, վալիբոլ, թեթեւատլետ, թենիս, պինգ-պոնգ, բիլիարդ, լող եւ շախմատ:
Հ.- Պրն. Սարգսեան, արդեօք յստա՞կ է մասնակից մարզիկ-մարզուհիների թւային պատկերը:
Պ.- Սրանից մօտաւորապէս երկու շաբաթ առաջ հանդիպում ունեցանք թէ՛ թեհրանահայ միութիւնների, եւ թէ՛ հայահոծ քաղաքների, ինչպէս Սպահան եւ Շահինշահր ներկայացուցիչների հետ, եւ բոլորը իրենց պատրաստակամութիւնը յայտնեցին՝ մասնակցելու համար: Իսկ մարզիկ-մարզուհիների արձանագրութիւնը արդէն երեք տարի է, ինչ կատարւում է համակարգչով: Եւ արդէն արձանագրութիւնների մեծ մասն աւարտւել է:
Հ.- Պրն. Ազիզեան, այս տարւայ խաղերի խորհրդանիշը ի՞նչ էք ընտրել:
Պ.- Այս տարւայ խորհրդանիշն ընտրել ենք արծիւը եւ արդէն իսկ պատրաստ է լոգօն:
Հ.- Պրն. Սարգսեան, ի՞նչ կասէք տոմսերի մասին:
Պ.- Արդէն մի քանի տարի է, ինչ Համահայկական խաղերին աշակերտների համար տոմսերի գինը զեղչ է ունենում եւ այս տարի եւս այդպէս է լինելու: Տոմսերի գինը արդէն յստակեցւել է՝ 1500 թ., իսկ աշակերտականը՝ 1000 թ.:
Հ.- Պրն. Ազիզեան, արդեօք որեւէ խօսք ունէ՞ք միութիւններին:
Պ.- Մենք միութիւններից ուզում ենք աշխոյժ մասնակցութիւն դրսեւորել խաղերին, յատկապէս՝ բացման հանդիսութեան տողանցքին, քանզի երբ տողանցքը կարգ ու կանոնով է լինում, դա իր դրական ազդեցութիւնն է թողնում բացման հանդիսութեանը ներկայ հիւրերի եւ ի մասնաւորի երկրի մարզական պատասխանատուների վրայ. մեր խնդրանքը միութիւններին ակտիւ մասնակցութիւնն է: Նշեմ, որ խաղերը փակւելու են սեպտ. 20-ին: Պէտք է աւելացնեմ, որ այս տարի մէկ շաբաթով աւելի ուշ ենք սկսում խաղերը, որպէսզի աւարտւած լինի իսլ. ծոմապահութեան ամիսը եւ մեր պետական հիւրերը հանգիստ մասնակցեն բացման հանդիսութեանը:
Հ.- Եթէ վերջում կայ աւելացնելիք, խնդրեմ:
Պ.- Նշենք, որ այս տարւայ խաղերի ջահը վառւելու է Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում եւ օրհնւելուց յետոյ՝ մտադրութիւն կայ մարզիկների միջոցով ջահը փոխադրւի «Արարատ» մարզաւան:
ԶՐՈՒՑԱՎԱՐ՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆ
ԱԼԻՔ