Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով գտնւում է Իտալիայում
22-10-2018 13:33:16 | | Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իտալիայի հայոց հովուութեան հոգեւոր դասի եւ վարչական խորհրդի հրաւէրով մեկնեց Իտալիայի Հանրապետութիւն` հանդիսապետելու հովուութեան հոգեւոր կենտրոն Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցու կառուցման 60-ամեակին նուիրուած արարողութիւնները:
Նորին Սրբութեանն ուղեկցում են Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանը, գաւազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղայ Ծատուրեանը եւ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրեանը:
Միլանի օդանաւակայանում Վեհափառ Հայրապետին դիմաւորեցին Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ եւ Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը, Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակի փոխանորդ եւ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցու հոգեւոր հովիւ Հոգեշնորհ Տ. Թովմայ վարդապետ Խաչատրեանը, ինչպէս նաեւ եկեղեցու վարչական խորհրդի ատենապետ տիար Սարօ Խուդաւերդին, վարչականներ եւ պաշտօնեաներ:
Նոյն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբով եւ Իտալիայի հայոց հովուութեան հոգեւոր դասի ու վարչականների ուղեկցութեամբ հանդիպեց Միլանի Կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Գերաշնորհ Մարիոյ Դելպինիի հետ:
Միլանի Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդարանի եպիսկոպոսական մատուռում կատարուեց միասնական աղօթք, ապա հանդիպումը շարունակուեց առաջնորդարանի պատուոյ հիւրերի համար նախատեսուած գահասրահում:
Հայրապետական այցի առաջին օրն ամփոփուեց Միլանի Հայ տանը, ուր Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցաւ Միլանի եկեղեցու հովանու ներքոյ գործող Միլանի երիտասարդական կազմակերպութեան վարչական խորհրդի եւ բազմաթիւ երիտասարդների հետ: Հանդիպումն անցկացուեց հարց ու պատասխանի ձեւաչափով, որի ընթացքում Նորին Սրբութիւնը լուսաբանութիւններ տուեց հայորդիներին յուզող հարցերի վերաբերեալ, խօսեց Սփիւռքում հայ ինքնութեան, ազգային-հոգեւոր արժէքների պահպանման կարեւորութեան, երիտասարդութիւնից Եկեղեցու ակնկալիքների եւ եկեղեցական կեանքում երիտասարդների ներգրաւուածութեան մասին: