Հայոց ցեղասպանութեան 96-ամեակին նուիրուած յիշատակի միջոցառումներ Ֆրանսիայում


Հայոց ցեղասպանութեան 96-ամեակին նուիրուած յիշատակի միջոցառումներ Ֆրանսիայում

  • 25-04-2011 18:37:54   |   |  Քաղաքական
Ապրիլի 24-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանութեան անձնակազմը եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչութիւնը Փարիզում ծաղկեպսակներ դրեցին Կոմիտասի արձանին: Նոյն օրը Փարիզի Սբ. Յովհաննէս Մկրտիչ Հայ Առաքելական մայր եկեղեցում Ֆրանսիայի հայ եկեղեցական թեմի առաջնորդ գերաշնորհ տէր Նորուան արքեպիսկոպոս Զաքարեանի կողմից Հայոց Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին մատուցուեց ռեքուիեմ-պատարագ` Ֆրանսիայում հայ կաթողիկէ եւ աւետարանչական համայնքների առաջնորդների մասնակցութեամբ: Պատարագից յետոյ հաւաքի մասնակիցները Փարիզի Հայ Առաքելական Սբ. Յովհաննէս Մկրտիչ մայր եկեղեցուց Շանզ-էլիզէ պողոտայով երթ կազմակերպեցին դէպի Յաղթանակի կամար, ուր տեղի ունեցաւ Յիշատակի միջոցառում` Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգէն Չիտեչեանի, ֆրանսիացի քաղաքական գործիչների, բարձրաստիճան զինուորականների, քաղաքացիական եւ կրօնական գործիչների մասնակցութեամբ: Ծաղկեպսակներ զետեղուեցին Անյայտ զինուորի շիրիմին, հնչեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի պետական օրհներգերը: Արարողութեան մասնակիցները շարունակեցին երթը եւ հաւաքուեցին Շանզ-էլիզէ եւ Ժորժ 5-րդ պողոտաների անկիւնում, ուր տեղի ունեցաւ բազմահազարանոց հաւաք` նուիրուած ցեղասպանութեան զոհերի յիշատակին, ինչպէս եւ ի զօրակցութիւն մայիսի 4-ին Սենատի կողմից Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէօրէն դատապարտող օրինագծի ընդունման: Ելոյթներով հանդէս եկան ֆրանսահայ քաղաքական, հասարակական, կուսակցական գործիչներ, ֆրանսիացի պաշտօնեաներ, Սարսել, Կը լամար քաղաքների քաղաքապետները, ֆրանսիացի մտաւորականներ, Ֆրանսիայում գործող Հրէական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի ներկայացուցիչը, ֆրանսիայում ապրող յունական, կիպրական, ասորական համայնքների ներկայացուցիչներ, գերմանաբնակ թուրք լրագրող Ալի Էրթեմը: Հաւաքի մասնակիցները Ֆրանսուայ 1-ին փողոցով երթ կատարեցին դէպի Կոմիտասի արձան, ուր տեղի ունեցաւ բազմահազարանոց հանրահաւաք եւ ծաղկեպսակների տեղադրում: Ելոյթ ունեցողները հանրահաւաքի մասնակիցներին կոչ ուղղեցին ակտիւօրէն մասնակցելու մայիսի 4-ին Ֆրանսիայի Սենատի առջեւ կազմակերպուելիք հանրահաւաքին` ի զօրակցութիւն նոյն օրը Սենատում քննարկուելիք Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէօրէն դատապարտող օրինագծի ընդունման: Ապրիլի 25-ին Փարիզի Աստուածամօր տաճարի դիմաց բացուեց «Ցեղասպանութեան ոգեկոչմանը եւ ժխտողականութեան մերժմանը» նուիրուած խորագրով բացօթեայ ցուցահանդէսը: Կազմակերպիչը «Ժխտողականութեան դէմ հայկական հսկում» /Կոլեկտիւ ՎԱՆ/ կազմակերպութիւնն է` ֆրանսիական եւ միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնների աջակցութեամբ: Ցուցադրուեցին ժխտողականութեանը ո'չ ասող ցուցափեղկեր: Նոյն օրը Փարիզի Աստուածամօր տաճարում Ֆրանսիայի Հայ կաթոլիկ համայնքի եպիսկոպոս Նորին Սրբութիւն Գրեգուար Գաբրոյեանի կողմից պատարագ մատուցուեց ի յիշատակ 1915 թ. Հայոց ցեղասպանութեան զոհերի: Պատարագին ներկայ էին Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանի գլխաւորած պատուիրակութիւնը, ֆրանսիացի բարձրաստիճան այրեր, կրօնական-հասարակական գործիչներ, քրիստոնէական քոյր եկեղեցիների ներկայացուցիչներ: Ըստ ՀՀ Արտգործնախարարութեան հաղորդագրութեան, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանութեան յիշատակի միջոցառումները սկսուել էին դեռեւս օրեր առաջ: Յիշատակի միջոցառումներ տեղի ունեցան Մարսելում, Լիոնում, Վալանսում, Բորդոյում, Անտօնիում, Բանյոյում, Մեդոնում եւ այլ քաղաքներում: Յիշատակի պատարագներ մատուցուեցին Ֆրանսիայի հայկական եկեղեցիներում: Կազմակերպուեցին բանախօսութիւներ Հայոց ցեղասպանութեան եւ ժխտողականութեան մերժման վերաբերեալ թեմաներով: Ապրիլի 22-ին Փարիզի շրջակայքում գտնուող Բանեօ եւ ապրիլի 23-ին Մեդոն-լա-ֆորէ քաղաքներում քաղաքապետների մասնակցութեամբ անցկացուած յիշատակի միջոցառումներին մասնակցեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանութեան աշխատակիցները: Անցեալ տարի ապրիլի 21-ին Մեդոն-լա-ֆորէ քաղաքի կենտրոնական հրապարակում բացուել էր Հայոց ցեղասպանութեան զոհերի եւ յանուն Ֆրանսիայի ընկած հայ մարտիկների յիշատակին նուիրուած յուշաքարը: Ֆրանսիական առաջատար մամուլը (Le Figaro, Le Monde, Le Nouvel Observateur) յիշատակի օրը եւ նախօրէին անդրադարձել էն Հայոց Մեծ Եղեռնի թեմային. մասնաւորապէս` Երեւանում, Թուրքիայում եւ Ֆրանսիայում տեղի ունեցած յիշատակի միջոցառումներին, մայիսի 4-ին Ֆրանսիայի Սենատում նախատեսուած Հայոց ցեղասպանութեան ժխտման քրէականացման օրինագծի քննարկմանն առնչուող խնդրին: Ապրիլի 20-ի երեկոյեան ARTE ֆրանս-գերմանական հեռուստաալիքը ցոյց տուեց գերմանացի հետաքննող լրագրող Էրիկ Ֆրիդլերի Հայոց ցեղասպանութեան մասին պատմող «Աղէտ» փաստավաւերագրական կինոնկարի ֆրանսալեզու տարբերակը: Ֆիլմը նկարահանուել է 2010 թ. գերմանական 1-ին հեռուստաալիքի` ARD-պատուերով եւ կարճ ժամանակահատուածում արժանացել մի քանի մրցանակների, այդ թւում` Գերմանական հեռուստատեսութեան ամենահեղինակաւոր Գրիմ մրցանակին: Ֆրանսիայում գործող ԱՐԱՐԱՏ գիտութիւնների միջազգային ակադեմիայի հետ համագործակցութեամբ ապրիլի 16-ին Փարիզի Սենտ-օնորէ հիւրանոցի սրահում ցուցադրուեց Պոդսդամ-բեռլինում գործող Յոհաննէս Լեփսիուս մշակութային միութեան նախաձեռնութեամբ նկարահանուած Պատմական Հայաստանի եւ Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Փիւնիկը ծնւում է մոխրից» վաւերագրական ֆիլմը, որի գիտական խորհրդատուն եւս երջանկայիշատակ գերմանացի հայագէտ, պրոֆ. Հերման Գոլցն է: Միջոցառմանը ելոյթներով հանդէս եկան ԱՐԱՐԱՏ ակադեմիայի նախագահ պրոֆ. Յակոբ Կրկեաշարեանը, Յոհաննէս Լեփսիուս միութեան եւ Վուպերթալում գործող Արմին Թէոյ Վէգներ ընկերութեան վարչութեան անդամներ Անտյէ Ֆոլմերը եւ Համօ Պետրոսեանը:
  -   Քաղաքական