Զաւէն Եկավյան. «Բոլորս Մեսրոպ Մաշտոցի զինվորներն ենք»<br />


Զաւէն Եկավյան. «Բոլորս Մեսրոպ Մաշտոցի զինվորներն ենք»

  • 24-08-2010 16:52:00   | Հայաստան  |  Հասարակութիւն

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 24-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի է ունեցել հանդիպում «Գալուստ Գիւլբենկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունքի ղեկավար, լեզուաբան, մշակոյթային գործիչ Զաւէն Եկավյանի հետ: Ըստ Ազգային գրադարանի Հանրութեան հետ կապերի եւ միջոցառումների կազմակերպման բաժնի հաղորդագրութեան, հայ մշակոյթին` Մայր Հայրենիքում եւ ի Սփյուռս աշխարհի մատուցած անգնահատելի ծառայութիւնների համար ՀԱԳ-ի տնօրէն Դավիթ Սարգսեանը նրան շնորհել է հայ առաջին տպագրիչ Յակոբ Մեղապարտի անուան մեդալ: Իր խօսքում ՀԱԳ-ի տնօրէնը համառոտ ներկայացրել է Զ.Եկավյանի գործունէութեան շրջանակները: Բարեգործական ծրագրերից Դ.Սարգսեանը յատկապէս շեշտել է նրա մեծ ներդրումը գրահրատարակչական, գրադարանային գործում: «Այսօր Սփիւռքում առկայ ամենամեծ` հայապահպանութեան խնդիրը մենք փորձում ենք լուծել Զաւէն Եկավյանի նման անհատների միջոցով»,- ասել է նա: Զ.Եկավյանի գիտական գործունէութեան մէջ Դ.Սարգսեանը առանձնացրել է ներդրումը լեզուաբանութեան մէջ, նշելով նրա հեղինակած «Հնդեւրոպական լեզուների բառապաշարը եւ հայերէնի տեղը» (1975թ.), «Ֆրանս-հայերէն բառարանագրությունը 19-րդ դարում» (1976թ.), «Մխիթարեան միաբանութիւնը եւ բառարանագրությունը» եւ այլ աշխատութիւններ: Պատմաբան Պետրոս Յովհաննիսեանի խօսքերով, «Գալուստ Գիւլբենկեան» հիմնադրամի` Հայաստանի նկատմամբ ունեցած մեծ ուշադրութիւնը պայմանաւորուած է Զ.Եկավյանի ակտիւ գործունէութեամբ եւ ազգանվիրումով: «Նրա ջանքերով կեանքի կոչվեցին այնպիսի կարեւոր հրատարակություններ, որոնցից է Նիկողայոս Ադոնցի Երկերի 5 հատորեակը, Յակոբ Մանանդյանի Երկերի 7-րդ հատորը, մինչդեռ 6-րդը հրատարակուել է 25 տարի առաջ: Զաւէն Եկավյանն առաջարկել է տպագրել նաեւ 8-րդ հատորը»,- նշել է Պ.Յովհաննիսեանը: Զ.Եկավյանի նուիրումի, ազգասիրության, հայրենասիրութեան մասին խօսել է հասարակական-մշակոյթային սփիւռքահայ գործիչ Ժիրայր Դանիելեանը: Նրա խօսքերով, Զաւէն Եկավյան երեւոյթը հազուագիւտ է մեզանում, եւ ընդհանրապես նա սոսկ գրքի հրատարակման մեկենաս չէ, այլ հրատարակութեան նախաձեռնութեան հեղինակ: Մ.Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտի տնօրէն Ավիկ Իսահակեանը խորհրդանշական է համարեց այն փաստը, որ նման հանդիպումն անցկացնում է Հայաստանի Ազգային գրադարանը: «Այս հարկի ներքոյ շատ նշանաւոր անհատներ են հիւրընկալուել, սակայն այս մէկը բացառիկ է, քանզի Զաւէն Եկավյանի ջանքերով վերջին երեք տասնամյակներին Հայաստանը ստանում է արտերկրում հրատարակուած բարձրարժէք, հազուագիւտ հրատարակութիւնները»,- նշել է նա: Իր հերթին Զ.Եկավյանը խօստովանել է, որ յաջողութիւնների համար պարտական է Հայաստանի Ազգային գրադարանին: Նրա խօսքերով, «գրքի հրատարակութիւնը ֆինանսավորելը հերոսութիւն չէ, այլ մեր պարտքն է` պահպանել հայ գիրը, մշակոյթը»: Իսկ առանց տպագիր ժառանգութեան չի պահպանուի մեր մշակոյթը: «Մենք բոլորս Մեսրոպ Մաշտոցի զինվորներն ենք»,- ասել է Զ.Եկավյանը:
  -   Հասարակութիւն