Կան սպաներ, ովքեր հակուած են բռնարարքների եւ ունեն արատաւոր բարքեր,- ասում է պաշտպանութեան նախարարը<br />


Կան սպաներ, ովքեր հակուած են բռնարարքների եւ ունեն արատաւոր բարքեր,- ասում է պաշտպանութեան նախարարը

  • 06-08-2010 20:50:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Պաշտպանութեան նախարարութեան կոլեգիայի օգոստոսի 6-ին հրաւիրուած արտահերթ նիստում քննարկուել են զինուած ուժերում տեղի ունեցած վերջին արտակարգ միջադէպերը: Պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ այդ միջադէպերը լայն արձագանք են գտել հասարակութեան շրջանում: Բանակային որոշ ստորաբաժանումներում մահուան ելքով արձանագրուած դէպքերը վկայում են, որ նմանօրինակ պատահարները եւ միջադէպերը բացառելու ուղղութեամբ զորքերում դեռեւս պատշաճ աշխատանքներ չեն իրականացւում: Պաշտպանութեան նախարարը զու հրամանատարական կազմին հրահանգել է ամենայն մանրամասնությամբ վերլուծել կատարուածը եւ համապատասխան քայլեր ձեռնարկել` նմանաբնոյթ դէպքերից զերծ մնալու, զորքերում կարգապահությունն ամրապնդելու համար: Ս.Օհանյանը շեշտել է, որ թէեւ զինուած ուժերի ամբողջ անձնակազմը կատարում է իր ծառայողական պարտականութիւնները` ապահովելով հանրապետութեան անվտանգութեան յուսալի պաշտպանութիւնը, այնուամենայնիւ որոշ զորամասերի հրամանատարների անբարեխղճությունը հանգեցնում է դժբախտ դէպքերի, կան սպաներ, ովքեր հակուած են բռնարարքների, ունեն արատաւոր բարքեր: Կոլեգիայի նիստում զեկույցներով հանդէս են եկել ծառայողական քննությունն իրականացրած բարձրաստիճան սպաներ` ՀՀ զու ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Վալերի Գրիգորեանը, զինուած ուժերի եւ գլխաւոր շտաբի վարչութիւնների պետեր, ովքեր ներկայացրել են արտակարգ միջադէպերի մանրամասները: ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանութեան աշխատակիցների ուղեկցութեամբ նիստերի դահլիճ են բերուել այն զինծառայողները, որոնց մեղադրանք է առաջադրուած ծանր հանցագործութիւն կատարելու համար: Զեկուցողները շեշտել են, որ տուեալ զորամասերում արձանագրուել են մարտական հերթապահության կրման թերություններ, յայտնաբերուել են լուրջ խնդիրներ զինծառայողների միջանձնային յարաբերութիւններում: Արուել են համապատասխան առաջարկութիւններ բացայայտուած թերութիւնների վերացման ուղղութեամբ: Ամփոփելով կոլեգիայի նիստը, Ս.Օհանյանը նշել է, որ զորքերում առայժմ պատշաճ կերպով չեն իրականացւում գաղափարադաստիարակչական աշխատանքները, բաւարար աշխատանքներ չեն տարւում ուսումնական գործընթացը լիարժէք կազմակերպելու ուղղութեամբ, ինչը նույնպես հանգեցնում է անցանկալի պատահարների: Նախարարը հրամանատարներին հորդորել է խիստ եւ հետեւողական վերաբերմունք ցուցաբերել ենթակայ անձնակազմի նկատմամբ` միաժամանակ լինելով հոգատար, արդարացի, յարգալից: Հարկ է լուրջ աշխատանքներ տանել զինծառայողների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման համար: Այս առումով յատկապէս կարեւորվել են զորամասերի եւ զորամիավորումների հրամանատարների սերտ համագործակցութիւնը զինուորական իրավապահ մարմինների հետ, արտագնայ դատական նիստերի կազմակերպումը: Ըստ ՀՀ ՊՆ-ի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, նիստի աւարտին ընթերցուել են պաշտպանութեան նախարարի հրամանները կարգապահական տույժի ենթարկված զինծառայողների վերաբերեալ: Պաշտպանութեան նախարարի հրամաններով 8 սպաներ ազատուել են զբաղեցրած պաշտօններից, որոնցից յոթն արձակուել են պահեստազոր: Մի շարք զինծառայողներ ենթարկուել են կարգապահական տարբեր տույժերի, նշանակուել են աւելի ցածր պաշտօնների, իջեցուել են նաեւ զինուորական կոչումները:
  -   Քաղաքական