Պաշտօնական ճաշկերոյթ ի պատիւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի


Պաշտօնական ճաշկերոյթ ի պատիւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի

  • 04-02-2019 14:41:00   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Աւստրալիա կատարած հովուապետական այցի շրջանակներում, փետրուարի 3-ի երեկոյեան Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի  հայոց թեմի թեմական խորհրդի կողմից տրուեց պաշտօնական ճաշկերոյթ ի պատիւ Ամենայն Հայոց Հայրապետի: 
Ճաշկերոյթին ներկայ էին հայ համայնքի երեք հարիւրից աւելի անդամներ, բարերարներ, հայկական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, թեմի հոգեւոր սպասաւորներ, Քոյր Եկեղեցիների ներկայացուցիչներ: Հանդիսաւարն էր     թեմական խորհրդի փոխատենապետ դոկտ. Ստեփան Գրքաշարեանը:
Երեկոյին գեղարուեստական կատարումներով հանդէս եկան համայնքի պարախմբերը, նուագախմբերը, երգչախմբերն ու տաղանդաւոր ասմունքողները` մեծ ոգեւորութիւն ու ցնծութիւն պարգեւելով ներկաներին: 
 
Հանդիսութեան ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնութեան գրէր շնորհեց նորակառոյց առաջնորդարանի մի շարք բարերարների, այդ թւում նաեւ տիար Արմէն Բաղդասարեանին` եկեղեցուն եւ առաջնորդարանին մատուցած իր երկարամեայ ծառայութեան համար:
Երեկոյթն ամփոփուեց Նորին Սրբութիւն Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնութեան պատգամով:
«Գոհութիւն ենք մատուցում Աստծուն, որ քաջալերութեամբ լեցուն, պայծառ պահէր ապրեցինք ձեզ հետ միասին: Մեր աղոքները միաւորեցինք աշխարհի խաղաղութեան, Քրիստոսի Սուրբ Եկեղեցու անսասանութեան եւ մարդկութեան կեանքում Տիրոջ շնորհների առատութեան համար: Զգացինք մեր ժողովրդի սէրը Առաքելական մեր Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու մայր հայրենիքի հանդէպ եւ ուրախացանք յատկապէս՝ Հայաստանից այսքան հեռու մեր երեխաների շուրթերից լսելով մայրենի բարբառը:
Հայրապետիս համար հոգու խնդութիւն է, սիրելիներ, տեսնել ձեր եկեղեցանուէր ու ազգաշահ գործերը, որոնք շէնացնում են համայնքային կեանքը, ինչպէս նաեւ՝ ունկնդիր լինել Աւստրալիայում ապրող մեր ժողովրդի հանդէպ յարգանքի ու գնահատանքի խօսքերին, որոնց արժանանում էք այս օրհնեալ երկրում ձեր հաւատաւոր կեանքով, ձեր գործունէութեամբ ու վաստակով: Արդարեւ, հայկական համայնքների մէջ Աւստրալիայի համայնքը ամենաերիտասարդներից է, սակայն ունի ամուր արմատներ եւ աւանդներ, որոնք ձեր՝ եկեղեցական, ազգային մարմինների, բարերարների նախանձախնդրութեամբ ու բարի հաւատքով շարունակւում են ու զօրանում:
Այստեղ նոյնպէս հեշտ չի սկսուել ձեր հայրերի ու պապերի կեանքը, հեշտ չի ստեղծուել հայկական համայնքը, սակայն առաքեալի խօսքի համաձայն՝ տկարութեամբ սերմանուածը յառնել է զօրութեամբ (Ա Կորնթ. ԺԷ 43)», - ասաց Վեհափառ Հայրապետը` երախտագիտութեան խօսք ուղղելով ի դէմս ներկայ պետական այրերի Աւստրալիայի իշխանութիւններին՝ հայ ժողովրդի զաւակների հանդէպ դրսեւորած բարեհաճ վերաբերմունքի եւ աջակցութեան համար: Նորին Սրբութիւնը նաեւ գոհունակութեամբ անդրադարձաւ Աւստրալիայում առաքելութիւն իրականացնող քոյր Եկեղեցիների եղբայրական սիրուն եւ գործակցութեանը, որի դրսեւորումն էր նաեւ 2018 թուականին Աւստրալիայի քրիստոնէական Եկեղեցիների պատուիրակութեան այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ երեկոյթի մասնակիցներին տեղեկութիւններ փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունէութեան, առկայ առաջնահերթութիւնների եւ մարտահրաւէրների մասին:
«Մայր Աթոռը, սիրելի զաւակներ Մեր, առ Տէրն ապաւինութեամբ իրականացնում է իր առաքելութիւնը՝ ի սէր հայրենիքում եւ սփիւռքում մեր հոգեւոր եւ ազգային կեանքի զօրացման: Առաջնային են մնում եկեղեցականների պատրաստութիւնը, նոր եկեղեցիների կառուցումն եւ հնագոյն մեր սրբատեղիների նորոգումը, որպէսզի զօրանայ Աստծոյ խօսքի քարոզչութիւնը, հնարաւոր դառնայ աստուածպաշտական արարողութիւններում մեր ժողովրդի լիարժէք ներգրաւումը: Հոգեւոր խօսքը մատուցւում է նաեւ հեռուստաեթերով, ռադիօհաղորդումներով, գրականութեան հրատարակմամբ: Քարոզչութիւն եւ հոգեւոր սպասաւորութիւն է իրականացւում նաեւ մեր բանակում, սոցիալական կառոյցներում, իրագործւում են կրթական նախաձեռնութիւններ, աջակցութեան ծրագրեր՝ օգնելու կարիքաւորներին, ծնողազուրկ երեխաներին: Ձեռքբերումները, որ իրագործւում են նաեւ սփիւռքի հայորդեաց սատարումով եւ աջակցութեամբ, առաւել լաւատեսական են դարձնում Մայր Աթոռի գործունէութիւնը: Սփիւռքի թեմերում մեր առջեւ ծառացած կարեւոր հրամայականներ են ծուխերի ամրապնդումը, մեր Եկեղեցու կանոնական հիմքերի վրայ եկեղեցական կեանքի կազմակերպումը, տարբեր պատճառներով տեղաշարժերի արդիւնքում ծնունդ առնող ազգապահպան խնդիրների դիմագրաւումը, մեր ժողովրդի զաւակների ներգրաւումը եկեղեցական համայնքային կեանքում», - ասաց Նորին Սրբութիւնը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը խօսեց նաեւ հայրենական կեանքի եւ հայրենիքի հանդէպ պատասխանատուութեան մասին: «Այսօր, սիրելիներ, հայրենիքում եւ սփիւռքում մեր ժողովուրդն ապրում է բարի սպասումներով, որ կապուած են Հայաստանում ընթացող բարեփոխումների, մեր երկրի զարգացման ու առաջընթացի յոյսերի հետ: Հայաստանի զարգացումը կենսական կարեւորութիւն ունի շրջափակման մէջ ապրող հայրենաբնակ մեր ժողովրդի համար, նաեւ Արցախի ապահովութեան, մեր բանակի հզօրութեան, մեր սահմանների պաշտպանութեան համար: Հզօր հայրենիքը ազգային մեր կեանքի ապաւէնն է, մեր իղձերի իրագործման գրաւականը: Այժմ սփիւռքում ապրող մեր ժողովուրդը առաւել հնարաւորութիւններ ունի իր աւանդը բերելու հայրենիքի կեանքում, որպէսզի հայրենիքով միաւորուած՝ կերտի իր առաջընթացը, մարմնաւորի իր իղձերը», - շեշտեց Հայոց Հայրապետը:
Վեհափառը հայորդիներին յորդորեց զօրանալ հաւատքով եւ իրենց զաւակներին կրթել հաւատքով, սնուցել ազգի հանդէպ սիրով, երեխաներին ուսուցանել մայրենի լեզուն, ազգային աւանդները, կրթել եկեղեցասիրութեամբ, մայր հայրենիքի սիրով, որպէսզի յետոյ նոյն նախանձախնդրութեամբ մասնակցեն եկեղեցական, համայնքային ու ազգային կեանքին: Նորին Սրբութիւնը պատգամեց հաւատարիմ մնալ մեր սրբազան արժէքներին, որդիական ջերմ սիրով ու հաւատարմութեամբ լեցուն հանդէպ Հայոց Եկեղեցին եւ զօրանալ՝ իրենց հայեացքը պահելով դէպի Սուրբ Էջմիածին եւ հայրենիք, որոնցով միաւորուած մնալով մեր ժողովուրդը պիտի տեսնի իր ջանքերի արդիւնաւորումը, իր նպատակների իրագործումը, իր բարի գալիքը:
Խօսքի աւարտին օրհնելով ներկաներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղօթքով հայցեց, որ Տէրը Իր շնորհի ներքոյ պահպանի հայոց ազգը եւ օրհնի հայորդեաց ջանքերը` յանուն մեր Սուրբ Եկեղեցու, մեր նուիրական հայրենիքի, մեր ներկայի ու գալիքի: 

 
  -   Մամլո հաղորդագրություն