Պաշտօնական ընդունելութիւն նահանգապետարանում ի պատիւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի


Պաշտօնական ընդունելութիւն նահանգապետարանում ի պատիւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի

  • 05-02-2019 10:53:34   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Փետրուարի 4-ին Աւստրալիայի Նիւ Սաութ Վելսի նահանգային խորհրդարանում տեղի ունեցաւ պաշտօնական ընդունելութիւն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Աւստրալիա կատարած հովուապետական այցի առիթով:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին խորհրդարանում դիմաւորեց նահանգապետուհի Գլադիս Բերեջիկլեանը:
Ընդունելութեան ընթացքում Վեհափառ Հայրապետին բարիգալստեան խօսքով ողջունեցին տիկին նահանգապետուհին եւ նահանգային խորհրդարանի պետարանի նախագահ տիար Ջոն Աջական: 
Այնուհետեւ ընդունելութեան մասնակիցներին, նաեւ տարբեր Եկեղեցիների ու հայկական կազմակերպութիւնների ներկայացուցիչներին սրտագին բարեմաղթանքներով ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը`  շնորհակալութիւն յայտնելով հանդիպման բարեպատեհ հնարաւորութեան համար: 
 
«Ձեր միասնական ներկայութիւնը այս հանդիպմանը գեղեցիկ վկայութիւն է հայ ժողովրդի, Հայ Եկեղեցու հանդէպ յարգանքի եւ բարեկամութեան: 
Աստծոյ կամօք Մենք վերստին առիթն ունեցանք այցելելու Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի Մեր սիրելի ժողովրդին՝ բերելու նրանց հայրենիքի, Սուրբ Էջմիածնի լոյսն ու օրհնութիւնը, հայրական Մեր սէրը եւ քաջալերանքը՝ հոգեւոր միասնութեան, քրիստոնէական արժէքներին հաւատարմութեան մէջ շարունակելու իրենց ազգային-եկեղեցական կեանքի առաջընթացը: 
Մենք եկել ենք նաեւ Հայ Եկեղեցու եւ Մեր ժողովրդի երախտագիտութիւնը յայտնելու Աւստրալիոյ կառավարութեանը, նահանգային, քաղաքային բարեսէր իշխանութիւններին, որ բարեացակամութեամբ աջակցում են հայ համայնքին այս գեղատեսիլ մայրցամաքում կազմակերպելու ու զօրացնելու հայոց ազգային-եկեղեցական կեանքը: Աւստրալաբնակ հայորդիները, ի գնահատումն իրենց հանդէպ դրսեւորուած բարեկամական ու սիրառատ վերաբերմունքի, իրենց ձեռքբերումներն ու յաջողութիւնները ծառայեցնում են հիւրընկալ այս պետութեան բարգաւաճմանը, հասարակական կեանքի զարգացմանը, մշակոյթին ու գիտութեանը: Այսպիսի հիանալի օրինակ է Նիւ Սաութ Ուելս նահանգի վարչապետի բարձր պաշտօնը ստանձնած մեծազնիւ տիկին Գլադիս Բերեջիկլեանի գովարժան եւ արդիւնաւոր գործունէութիւնը, ով մեր ժողովրդի դուստրը եւ մեր Սուրբ Եկեղեցու հարազատ զաւակը լինելով՝ իր կարեւոր գործունէութեամբ տարիներ շարունակ մեծ ներդրում է բերում Աւստրալիայի քաղաքական եւ հասարակական կեանքի առաջընթացին: Մենք մեծ ուրախութեամբ տիկին Գլադիս Բերեջիկլեանին հանդիպել ենք հայրենի մեր երկրում՝ զգալով նրա հաւատքի ու աստուածսիրութեան ջերմութիւնը, ազգասիրութիւնն ու հայրենասիրութիւնը: Հպարտ ենք, որ մեր ժողովուրդն ունի այսպիսի օրհնեալ զաւակներ, ովքեր իրենց կեանքով ու գործով յաւելում են պատիւն ու հեղինակութիւնը մեր ժողովրդի:
Մեզ համար, սիրելիներ, որպէս Հայ Եկեղեցու հոգեւոր պետի եւ առաջին սպասաւորի, հոգու բերկրանք է տեսնել այն սէրն ու յարգանքը, որ մեր ժողովրդի զաւակները` իբրեւ արժանաւոր եւ օրինապահ քաղաքացիներ, վայելում են Աւստրալիայում», - ասաց Վեհափառ Հայրապետը: 
Իր խօսքում Նորին Սրբութիւնն անդրադարձ կատարեց նաեւ դարերի ընթացքում հայ ժողովրդի կողմից դիմագրաւած փորձութիւններին եւ հայրենիքի առջեւ ներկայիս ծառացած մարտահրաւէրներին: «Դարերի ընթացքում մեր ժողովուրդը քրիստոնական իր հաւատքով ստեղծեց բարձր մշակոյթ, գիր ու դպրութիւն, յաղթահարեց բազում փորձութիւններ ու աւերներ, վերապրեց Օսմանեան կայսրութեան կողմից իրականացուած ցեղասպանութիւնը եւ այսօր իր նոր կեանքի յաղթանակներն ու յաջողութիւններն է կերտում: Լինելով վերստին անկախացեալ երիտասարդ պետութիւն, դիմագրաւելով արդի ժամանակի մարտահրաւէրներն ու խնդիրները, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակումը, Հայաստանի ու Արցախի սահմաններում պատերազմական իրավիճակը՝ Հայաստանն իր հաստատուն քայլերն է կատարում` որպէս ազատ, ժողովրդավար եւ իր հարեւանների հետ խաղաղութեան ու համերաշխութեան ձգտող պետութիւն: Հայ ժողովրդի առջեւ կանգնած է նաեւ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման եւ արցախահայութեան ազատ ու անկախ կեանքի արդար իրաւունքի հաստատման կարեւորագոյն խնդիրը: Արցախի պետութիւնը պատմական Հայաստանի մաս եւ հայոց հող լինելով՝ Խորհրդային իշխանութիւնների կողմից բռնակցուել էր Ադրբեջանին, սակայն ինքնորոշման արդար սկզբունքով Արցախը հաստատեց իր անկախութիւնը եւ այսօր պայքարում է ազատ ապրելու իր իրաւունքը պաշտպանելու համար», - նշեց Վեհափառ Հայրապետը:
Խօսելով աւստրալիահայ համայնքի ազգային ու հոգեւոր կեանքի մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ հայորդիների աշխոյժ գործունէութիւնը նաեւ մեծ ու կարեւոր նպաստ է Հայաստանի եւ Աւստրալիայի փոխյարաբերութիւնների եւ փոխգործակցութեան ամրապնդմանը: Վեհափառը յոյս յայտնեց, որ երկրների բարեկամութիւնն ու համագործակցութիւնն առաւել կարդիւնաւորուի դիւանագիտական առաքելութիւնների գործունէութեամբ եւ Հայաստանի Հանրապետութեան եւ Աւստրալական Միութեան պատկան մարմինները առաջիկայում համապատասխան քայլեր կը նախաձեռնեն դիւանագիտական կապերի հաստատման համար: 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տէրն Իր երկնառաք շնորհները բաշխի Աւստրալիային եւ նրա ժողովրդին` պահելով սիրոյ, խաղաղութեան եւ համերաշխութեան մէջ:
###

 
  -   Մամլո հաղորդագրություն