<br /> Դ Ի Մ Ու Մ Հ Ա Ն Ր Ա Յ Ի Ն Խ ՈՅ Ր Հ Ր Դ Ի Ն<br />



Դ Ի Մ Ու Մ Հ Ա Ն Ր Ա Յ Ի Ն Խ ՈՅ Ր Հ Ր Դ Ի Ն

  • 30-07-2010 13:43:52   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՀ Հանրային խորհրդի յարգելի՛ նախագահ, Յարգելի՛ խորհրդականներ Այս տարուայ ապրիլից սկսած` հայրենական կառավարութեան` լեզուի եւ կրթութեան ոլորտներում օրէնսդրական մտադրուած փոփոխութեան նախաձեռնութիւնը զանգուածային արդար ցասումի ու բողոքի ալիք է առաջացրել: Հայութեան ու հայոց անկախ պետութեան ճակատագրով մտահոգ մեր հայրենակիցները տագնապի մէջ են` ի տես միատարր ազգաբնակչութիւն ունեցող երկրի ներսում այդ բնակչութեանը պետական մակարդակով ուծացնելու ձեռնարկումների: Ցաւալի է, երբ կառավարութեան ղեկավարը հեռուստատեսութեամբ յղում է կատարում մասնագիտական տեսակէտից խոցելի ուսումնասիրութեան վրայ, որը իրականացուել է մեծամասնութեամբ խնդրին անիրազեկ մարդկանց միջավայրում: Այստեղ մենք կարեւորում ենք կենտրոնական հեռուստակայաններով ամբողջական տեղեկատուութեան տրամադրման անհրաժեշտութիւնը` դէմ եւ կողմ արտայայտուողների մասնակցութեամբ: Խորհրդային կարգերի ամբողջ ժամանակահատուածում Հայաստանում պետական լեզուն հայերէնն էր: Ինչու՞ չպիտի անկախ հռչակուած Հայաստանում գործի հանրաքուէով ընդունուած ՀՀ Սահմանադրութեան 12-րդ յօդուածը: Հէնց նշուած յօդուածը, ի պաշտպանութիւն հայոց պետական լեզուի, թոյլ չի տալիս լեզուի օրէնքի փոփոխութիւն: Առնուազն տարակուսելի է, որ իրենց կոչումով այդ օրէնքը պաշտպանելու կոչուած վարչապետն ու ԿԳ նախարարը դժգոհում են այն բանից, որ նոյն օրէնքը խանգարում է Հայաստանում օտարալեզու դպրոցնէր բացելուն, փոխանակ իրենց ոչ միայն դժգոհութիւնը, այլեւ նպատակային ձեռնարկումներն ուղղեն հանրապետութեան տարածքով մէկ ապօրինաբար վերաբացուած բազմաթիւ օտարալեզու դպրոցների դէմ, փոխանակ սանձեն մեր քաղաքները ողողած օտարանուն ու օտարագիր ցուցանակների ու գովազդների անսանձ տէրերին: Իսկ լեզուի օրէնքն իրօք օտարամոլ ոտնձգութիւնները խանգարելու համար է ընդունուել: Եթէ այս տարրական բանը չեն հասկանում կամ չհասկանալու են տալիս բարձրաստիճան պաշտօնեաները, ապա պիտի փոխուեն իրե՛նք, ո՛չ թէ օրէնքը, որովհետեւ յիշեալ փոփոխութիւնը, որ դժբախտաբար ընդունել է Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ, այլ կերպ հնարաւոր չէ բնորոշել, քան պետութեան` հայրենիքի անթաքոյց դաւաճանութիւն: Մենք տեղեակ ենք, որ Հանրային խորհուրդ են հասնում նաեւ օրէնսդրական այդ փոփոխութիւնը գովերգող շինծու նամակներ: Վստահ լինելով Հանրային խորհրդի` այս հարցում որդեգրած վճռականութեանը` Հայաստանի գրողների միութեան Լոռու մարզային բաժանմունքի, Վանաձորի մտաւորականների եւ ,մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանըէ նախաձեռնող խմբի համատեղ ժողովն իր զօրակցութիւնն է յայտնում այդ խորհրդին` յորդորելով համաձայնեցուած գործողութիւններով մէկընդմիշտ փակել մեր անկախ պետութեան հիմքերը խարխլող նախագծերի ճանապարհը: Հաւատացած ենք, որ Հանրային խորհուրդը բոլոր շահագրգիռ կազմակերպութիւնների ու նուիրեալների աջակցութեամբ կը հասնի այն բանին, որ Ազգային ժողովում տեղի չունենայ լեզուի ու կրթութեան օրէնսդրական փոփոխութեան երկրորդ ընթերցում, եւ կառավարութիւնը կը հրաժարուի իր ձախաւեր մտադրութիւնից, որը պախարակում է հայութեանը թէ՛ իր, թէ՛ բոլոր ազգերի աչքին: Ինչ վերաբերում է միջազգային չափանիշով բարձրակարգ դպրոց ստեղծելուն, ապա բնաւ դէմ չենք. բոլո'ր դպրոցները թող համապատասխանեցուեն այդ չափանիշին` հայոց պետական լեզուով. սա` նաեւ ի լուր ,դիլիջանէ միջազգային դպրոցի նախաձեռնողղների: Նահանջելու տեղ չունենք: Մինչեւ հիմա մեր նկատմամբ սպիտակ ջարդի քաղաքականութիւն են իրականացրել օտարները, այսօր դա իրագործել են փորձում մեր արիւնակիցները` զոհասեղանին դնելով հայ ազգի ինքնութիւնը: Յանուն այդ ինքնութեան ու նրա պահպանութեան, յանուն Հայաստանի անկախութեան ու Սահմանադրութեան պաշտպանութեան` պայքարելու ենք գիշերուզօր: Հայաստանի գրողների միութեան Լոռու մարզային բաժանմունքի, Վանաձոր քաղաքի մտաւորականների, ,մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանըէ նախաձեռնող խմբի համատեղ ժողովի մասնակիցնէր ք. Վանաձոր, 28. 07. 2010 թ. Չաթինեան Գեւորգ Ենոքի, Վպմի-ի պատմութեան ամբիոնի դասախօս, ազատամարտիկ Ջաղինեան Նինա, ՀՀ Գրողների եւ լրագրողների միութիւնների անդամ Անթառնեան Լենա, ՀԳՄ անդամ Կռոյեան Նարինէ, ՎՊՏՔ դասախօս, արձակագիր Ղեւոնդեան Արա, նկարիչ Գասպարեան Խորէն, ՀՀ Գրողների եւ լրագրողների միութիւնների անդամ Գիւլզադեան Դաւիթ, բ.գ.թ, դոցենտ Էդուարդ Արզումանեան, ուսանող Դաւթեան Նելլի, լրագրող Սարգսեան Լէուն, լրագրողների միութեան անդամ Մուրադեան Ռաֆայէլ, Ազգային նոր պահպանողական շարժում Քապեան Աննա, Ազգային նոր պահպանողական շարժում Յովհաննիսեան Արմէն, լրագրող Ապատեան Արամ, ծրագրաւորող
  -   Հասարակութիւն