ՊԱՅՔԱՐ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ


ՊԱՅՔԱՐ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ

  • 27-07-2010 12:44:26   | Հայաստան  |  Յօդուածներ
2010թ. մայիսին Բրազիլիան, Թուրքիան եւ Իրանը Թեհրանում ստորագրեցին յուշագիր` իրանական միջուկային ծրագրի հետ կապուած խնդիրները խաղաղ ճանապարհով կարգաւորելու վերաբերեալ: Այս համաձայնագրում ամենակարեւորը հէնց Բրազիլիայի եւ Թուրքիայի փաստացի մարտահրաւէրն էր Վաշինգտօնին, որը ոչ միայն չէր արտօնել նման գործողութիւնները, այլեւ բաւական կոշտ կերպով արձագանքեց «ինքնագործունէութեանը»: Վերջին շրջանում Թուրքիայի յաւակնութիւնների մասին բաւական շատ է խօսւում, այնինչ Բրազիլիայի վերելքը եւ առհասարակ Լատինական Ամերիկայում տեղի ունեցող շեշտակի փոփոխութիւնները նոյնպէս ունեն վերլուծութեան եւ գնահատման կարիք: 21-րդ դարի սկզբին Լատինական Ամերիկայի պետութիւնների հասարակական կեանքի բոլոր ոլորտները խորքային փոփոխութիւնների ենթարկուեցին: Տնտեսութեան մէջ, ներքաղաքական կեանքում, արտաքին քաղաքական ոլորտում տեղի են ունենում այնպիսի զարգացումներ, որոնք փոխակերպում են Լատինական Ամերիկայի ամբողջ պատկերը` նոր հեռանկարներ առաջ բերելով եւ միաժամանակ ծնելով նաեւ լրացուցիչ մարտահրաւէրներ: Լատինական Ամերիկան հարուստ է նաւթի եւ գազի հսկայական պաշարներով, վերականգնուող էներգիայի աղբիւրներով, տիրապետում է խմելու ջրի համաշխարհային պաշարների 13-15%-ին: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ցոյց տուեց լատինամերիկեան տնտեսութիւնների ուժը, արտաքին հարուածներին դիմագրաւելու նրա ունակութիւնը: Թէեւ 2003–2008թթ. զարգացման աննախադէպ տեմպերը նուազեցին, սակայն տնտեսութիւններում խուճապահար տրամադրութիւններ չարձանագրուեցին, ինչպէս դա պատահել էր նախկինում: Բրազիլիայի յաւակնութիւնները Թեհրանի համաձայնագիրը դարձաւ ժամանակակից միջազգային յարաբերութիւններում Բրազիլիայի յաւակնութիւնների արտացոլումը: Երկու հարիւր միլիոն բնակչութեամբ հսկայական երկիրն այլեւս չի բաւարարւում տեղական, տարածաշրջանային առաջնորդի դերով եւ փորձում է իր ազդեցութիւնը տարածել Լատինական Ամերիկայի սահմաններից դուրս: Վերջին մէկ ու կէս տասնամեակի քաղաքական եւ տնտեսական կայունութիւնը, ամրապնդուած ժողովրդավարութիւնը եւ քաղաքացիական ինստիտուտների ձեւաւորումը, տնտեսական աճի կայուն տեմպերը եւ աղքատութեան կրճատումն ապահովեցին երկրի արագացուած արդիականացումը եւ հնարաւոր դարձրին նրա ակտիւ մասնակցութիւնը միջազգային տնտեսական եւ ֆինանսական համակարգի ժամանակակից ճարտարապետութեան ձեւաւորմանը: Օգտակար հանածոներով հարուստ Բրազիլիան (երկաթի, ինչպէս նաեւ մի շարք այլ հանածոների` ցինկ, նիկել, տիտան, նիոբիում, պաշարներով երկիրն առաջինն է աշխարհում) վերջին տարիներին ակտիւօրէն ներգրաւուում է ածխաջրածինների արդիւնահանման ոլորտ, ինչը, հզօր գիւղատնտեսութեան առկայութեան հետ մէկտեղ, ապահովում է շարունակական ընթացք դէպի հռչակուած` 2020թ. աշխարհի հինգերորդ տնտեսութիւն դառնալու նպատակը: Բրազիլիան, որն անուանում էին ,ննջող հսկաէ, «արթնացել» է նաեւ աշխարհաքաղաքական առումով: Յատկապէս տպաւորիչ են երկրի արտաքին քաղաքական ձեռքբերումները Լուիս Ինասիոյ Լուլայ դա Սիլվայի նախագահութեան շրջանում (2003-2010), որին ԱՄՆ նախագահ Բ.Օբաման անուանեց ,աշխարհի ամենահեղինակաւոր նախագահըէ, եւ որի վարկանիշը նախագահութեան երկրորդ ժամկէտի աւարտին աննախադէպ բարձր` 80 տոկոս է: Աճող տնտեսական հզօրութիւնը թոյլ է տալիս Բրազիլիային մշտապէս սեփական, ուրոյն կարծիք ունենալ համաշխարհային նշանակութեան բոլոր հիմնախնդիրներում: Յաճախ այդ կարծիքը, ինչպէս, օրինակ, իրանական խնդրի պարագայում, չի համընկնում գերտերութիւնների դիրքորոշումների հետ: Վերջին տարիներին Բրազիլիան հանդէս է գալիս ՄԱԿ քաղաքական եւ տնտեսական կառոյցների լայնամասշտաբ բարեփոխումների պահանջով: Խօսքն, առաջին հերթին, ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի մշտական անդամների քանակի աւելացման մասին է` Բրազիլիան իրեն տեսնում է նոր մշտական անդամներից մէկի դերում: Երկիրն արդէն այսօր մասնակցում է աշխարհի գլոբալ կառավարմանը` հիմնականում G20 շրջանակներում: Նոր եւ բաւական լուրջ ներուժ ունեցող նախաձեռնութիւն է նաեւ BRIC-ը, որը միաւորում է արագ զարգացող չորս հսկայի` Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան: BRIC-ի անդամ պետութիւններում ապրում է մարդկութեան 40%-ը` 2,8 մլրդ մարդ: Բրազիլիան նաեւ մի շարք տարածաշրջանային նախաձեռնութիւնների հեղինակ է, որոնց նպատակն է միաւորել Լատինական Ամերիկան մէկ միասնական տնտեսական եւ գուցէ նաեւ քաղաքական միաւորման մէջ` Բրազիլիայի ղեկավարութեամբ: Սա յստակ հակադրւում է ԱՄՆ թելադրանքի տակ գործող, ամերիկեան բիզնեսի համար ռեսուրսներ եւ մենաշնորհային շուկաներ ապահովող համամայրցամաքային միաւորումների գաղափարին: Ստեղծուել է Մերկոսուր-ը, որը սկզբնական շրջանում մէկ տնտեսական օրգանիզմի մէջ միաւորեց նախկին մրցակիցներին` Բրազիլիային եւ Արգենտինային, յետագայում նաեւ Պարագուային եւ Ուրուգուային` ներառելով Հարաւային Ամերիկայի տարածքի 60%-ը եւ ՀՆԱ 50%-ը: Մէկ այլ «մաքուր լատինամերիկեան» միաւորում է «Ռիոյի խումբը», որը համախմբեց արդէն ամբողջ Լատինական Ամերիկայի երկրները` հանդիսանալով տարածաշրջանի երկրների քաղաքական խորհրդակցութիւնների եւ հաւաքական դիւանագիտութեան իւրօրինակ մեխանիզմ: 2010թ. փետրուարին յայտարարուեց նաեւ Լատինական Ամերիկայի եւ Կարիբեան աւազանի պետութիւնների միութեան ստեղծման մասին, որի անդամ են դառնում 32 պետութիւն: Բրազիլիայի աճող հեղինակութեան վկայականն է նաեւ այն, որ հէնց այս երկրին է վստահուել անցկացնել 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնը եւ 2016թ. ամառային Օլիմպիական խաղերը: Ձախ արշաւ Մէկ այլ տպաւորիչ միտում է տարածաշրջանի շրջադարձը դէպի ձախ քաղաքական կողմնորոշում: 90-ականների ազատական բարեփոխումները սոցիալական խիստ բեւեռացում առաջացրին, ինչը բերեց բնակչութեան քաղաքական տրամադրութիւնների կտրուկ փոփոխութեան: Մէկը միւսի յետեւից տարբեր հարաւամերիկեան երկրներում իշխանութեան գլուխ անցան ձախ քաղաքական ուժերի ներկայացուցիչները. Վենեսուելայում` Ուգոյ Չաւեսը (1998), Արգենտինայում` Նեստոր Քիրշները (2002), Բրազիլիայում` Լուլան (2002 եւ 2006), Ուրուգուայում` Տաբարէ Վասքեսը (2003), Բոլիւիայում` Էւոյ Մօրալեսը (2005), Էկուադորում` Ռաֆայէլ Կ'որրէան (2006), Նիկարագուայում` Դանիէլ Օրթեգան (2006), Չիլիում` Միշել Բաչելեթը (2006), Կոստա Ռիկայում` Օսկար Արիասը (2006): Նրանք բոլորը սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական կամ առնուազն սոցիալական ուղղուածութեան կուսակցութիւնների առաջնորդներ են: Ձախ շրջադարձը երկրների մեծ մասում ուղեկցւում էր սեփական ինքնութեան կառուցման, վերարժեւորման եւ ընդգծման գործընթացներով: Դրան գումարւում էր տեղաբնիկների քաղաքական ինքնագիտակցութեան շեշտակի աճը` այսպէս կոչուած ,հնդկացիական վերածնունդըէ: Որպէս հետեւանք` առաջացաւ նոր, այլընտրանքային ճանապարհով շարժուելու ձգտումը: Այս շարժման ամենամեծ ջատագովը Վենեսուելայի խարիզմատիկ առաջնորդ Ուգոյ Չաւեսն է, որը հսկայական նաւթային պաշարներից ստացուող եկամուտների հաշուին ոչ միայն իր ազդեցութիւնն է տարածել հարեւանների, մասնաւորապէս` Կ'ուբայի, Էկուադորի, Բոլիւիայի, Ուրուգուայի եւ Նիկարագուայի վրայ, աջակցել հակակառավարական զինուած միաւորումներին Կոլումբիայում, այլ նաեւ փորձում է աւելի լուրջ դերակատարում ունենալ համաշխարհային քաղաքականութեան մէջ: Նրա քաղաքական գործընկերների շարքում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լիբիան, Սիրիան, Ալժիրը, Իրանը եւ Բելառուսը: Վենեսուելայի կարեւորագոյն գործընկերը Ռուսաստանն է, որը 2008թ. ընդունեց Չաւեսի առաջարկը եւ սեփական տարածքային ջրերից դուրս (Սառը պատերազմի աւարտից յետոյ առաջին անգամ) Վենեսուելայի հետ համատեղ ռազմածովային զօրավարժութիւններ անցկացրեց: Վենեսուելան նաեւ ռուսական զէնքի ամենամեծ գնորդներից է, ինչպէս նաեւ այն եզակի երկրներից, որը ճանաչել է Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի անկախութիւնը: Ուգոյ Չաւեսի արտաքին քաղաքականութիւնը եւ ամբողջ հռետորաբանութիւնը խարսխուած են Ամն-ի դէմ պայքարի գաղափարի վրայ: Նոյնիսկ Հաիթիում տեղի ունեցած երկրաշարժից յետոյ, երբ Ամն-ը որոշեց 16 հազար զինուորական տեղափոխել այդ երկիր` մարդասիրական օգնութիւն ցոյց տալու եւ կարգ ու կանոնը պահպանելու համար, դա Չաւեսի կողմից որակուեց իբրեւ Հաիթին օկուպացնելու ԱՄՆ ծրագիր: Մնալով ԱՄՆ նաւթի ամենամեծ մատակարարը` Չաւեսը միաժամանակ ձգտում է նուազեցնել եւ հնարաւորութեան դէպքում բացառել Վաշինգտօնի ներգրաւուածութիւնը Լատինական Ամերիկայի գործերին: Այս խնդիրը, սակայն, չափազանց դժուարիրագործելի է` հաշուի առնելով տարածաշրջանում ԱՄՆ ներկայութեան աւանդոյթները: Մոնրոյի դոկտրինի սասանումը Ամն-ն իր յատուկ շահերը Արեւմտեան կիսագնդում հռչակեց դեռ 1823թ., երբ նախագահ Մոնրոյի անունը կրող դոկտրինը յայտարարեց ,ամերիկան` ամերիկացիների համարէ սկզբունքը եւ յորդորեց եւրոպական տէրութիւններին զերծ մնալ Հարաւային Ամերիկայում սեփական ազդեցութեան տարածման եւ գաղութացման փորձերից: Սկսուեց մայրցամաքում ԱՄՆ գերիշխանութեան մի դարաշրջան, երբ ոչ մի նշանակալի զարգացում տեղի չէր ունենում առանց ԱՄՆ իմացութեան եւ թոյլտուութեան: Վաշինգտօնը խառնւում էր նոյնիսկ լատինամերիկեան պետութիւնների ներքին գործերին` իրեն առաւել յարմար վարչակարգեր իշխանութեան բերելով: Միակ պետութիւնը, որը կարողացաւ դիմագրաւել այս ճնշմանը, Կ'ուբան էր, որը մինչեւ այսօր հակաիմպերիալիստական պայքարի խորհրդանիշ է շատերի համար: Սառը պատերազմի աւարտից յետոյ Ամն-ը, զբաղուած լինելով այլ տարածաշրջաններում սեփական ազդեցութիւնը տարածելով, որոշ չափով ուշադրութիւնից դուրս թողեց Հարաւային Ամերիկան, վստահ լինելով սեփական դիրքերի ամրութեան վրայ: Նոյնիսկ Վենեսուելայում ,անցանկալիէ վարչակարգի յայտնուելը մեծ հաշուով չանհանգստացրեց նրան. Վաշինգտօնն ընտրեց Չաւեսին մեկուսացնելու, նրա դէմ ընդդիմութեան ելոյթներ հրահրելու քաղաքականութիւնը: Վաշինգտօնը չսթափուեց նոյնիսկ, երբ 2003թ. Չիլին եւ Մեքսիկան հրաժարուեցին աջակցել ՄԱԿ Ախ-ում ԱՄՆ դիրքորոշմանն Իրաքի հարցում: Արդիւնքում` տարածաշրջանը կարծես դուրս է գալիս ԱՄՆ վերահսկողութիւնից: Իրավիճակը փրկելու փորձերն աւելի են վատթարացնում դրութիւնը: Կոլումբիայի հետ ,պաշտպանութեան եւ անվտանգութեան ոլորտում համագործակցութեան եւ տեխնիկական աջակցութեան մասինէ պայմանագիրը, որը թոյլ տուեց այս երկրում առնուազն 7 ռազմաբազայ տեղակայել, վատ ընդունուեց մայրցամաքի այլ պետութիւնների կողմից: Մօրալեսը դա համարեց «հայրենիքի դաւաճանութիւն»: 2009թ. Հոնդուրասում տեղի ունեցած յեղաշրջման կազմակերպումը նոյնպէս վերագրում են Ամն-ին: Թէեւ նախագահ Օբաման խիստ քննադատեց կատարուածը` անուանելով այն ապօրինի գործողութիւն, որը կարող է ,սարսափելի նախադէպէ դառնալ տարածաշրջանի համար, սակայն պաշտօնանկ արուած նախկին նախագահ Մանուէլ Սելայայի սերտ բարեկամական կապերը Ուգոյ Չաւեսի հետ, ինչպէս նաեւ ԱՄՆ բացայայտ աջակցութիւնը նորընտիր նախագահին կասկածները շատ հիմնաւոր են դարձնում: Այսպիսով, ԱՄՆ ազդեցութիւնը Հարաւային Ամերիկայի նկատմամբ աւելի խնդրահարոյց է դառնում: Հակառակ դրան, աւելանում է լատինամերիկեան համայնքի ազդեցութիւնը Ամն-ում: 21-րդ դարի սկզբին իսպանախօս ամերիկացիները, գերազանցելով սեւամորթ ամերիկացիներին, դարձել են ԱՄՆ ամենամեծ փոքրամասնութիւնը: Այս համայնքի քաղաքական ազդեցութիւնը (հակապես մեքսիկական ծագում ւնեցող) զգալիօրէն մեծացել է: Դէպի ԱՄՆ չաւարտուող արտահոսքն աստիճանաբար ուժեղացնում է արդէն ձեւաւորուած լատինամերիկեան լոբբին, որը հիմնականում ներքաղաքական խնդիրների լուծմանը միտուած գործիքից ձեւափոխւում է արտաքին քաղաքական որոշումների վրայ ազդեցութեան լծակի: Մէկ այլ ազդեցութեան գործօն է թմրաբիզնեսի եւ թմրանիւթերի շրջանառութեան աճը: Ամն-ը թմրանիւթերի աշխարհի ամենամեծ սպառողն է, իսկ Կոլումբիան, Պերուն, Բոլիւիան եւ Մեքսիկան` խոշորագոյն մատակարարներ: Թէեւ թմրաբիզնեսի դէմ պայքարը յայտարարուել է Ամն-ում ,ամերիկեան ազգի ապագայի հետէ անմիջականօրէն կապուած ազգային անվտանգութեան առաջնային խնդիրներից մէկը, այն էական արդիւնք չի տալիս: Այս պայմաններում արձանագրւում է նոր դերակատարների (Եւրամիութիւն, Չինաստան եւ այլն) աճող հետաքրքրութիւնը, որոնք փորձում են շահաւէտ ներդրումային հնարաւորութիւններ ստեղծել իրենց համար եւ աշխարհաքաղաքական առաւելութիւն ստանալ ԱՄՆ հարեւանութեամբ: Եւրամիութիւնը, հիմնականում ոչ ֆորմալ կերպով, գործում է Իսպանիայի եւ որոշ չափով Պորտուգալիայի միջոցով` փորձելով շահարկել էթնոլեզուական ընդհանրութիւնները եւ ընդհանուր պատմական անցեալը: Չինաստանը չափազանց հետաքրքրուած է տարածաշրջանի օգտակար հանածոներով եւ առեւտրական յարաբերութիւնների զարգացմամբ: 2009թ. այն դարձաւ Բրազիլիայի գլխաւոր առեւտրական գործընկերը` առաջ անցնելով Ամն-ից: «Նորավանք» Սուրէն Մանուկեան
  -   Յօդուածներ