««Մէկ ազգ, մէկ մշակոյթ» փառատօնին մասնակցութիւնը մրցակցութիւն չէ, այլ հպարտութիւն է, միջոց տարբեր երկրներից հայերի համախմբման համար», - ասում են փառատօնի մասնակիցները<br />


««Մէկ ազգ, մէկ մշակոյթ» փառատօնին մասնակցութիւնը մրցակցութիւն չէ, այլ հպարտութիւն է, միջոց տարբեր երկրներից հայերի համախմբման համար», - ասում են փառատօնի մասնակիցները

  • 27-07-2010 10:20:09   | Հայաստան  |  Մշակոյթ
Չափազանց յագեցած էր «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական մշակութային 4-րդ փառատօնի «Կատարողական արուեստի օրեր»-ի յուլիսի 26-ի ծրագիրը: Նոյն օրը եւ Երեւանում, եւ Ստեփանակերտում եւ Հայաստանի երկու մարզերում անցկացուեցին համերգներ եւ թատերական ներկայացումներ: Երեւանի Արամ Խաչատրեան համերգասրահում տեղի ունեցաւ Լիբանանի Համազգայինի «Գայիանէ» եւ Երեւանի «Ամբերդ» պարախմբերի համերգը, Պատանի հանդիսատեսի թատրոնում` Իրանի հայ մշակութային «Արարատ» միութեան «Արամայիս Աղամալեանի» անուան թատերախմբի, իսկ Վանաձորում` Արցախի Վահրամ Փափազեանի անուան պետական դրամատիկական թատրոնի ներկայացումները: “բարեկամութեան համերգ-հանդիպումներ” անցկացուեցին Երեւանի Գ.Սունդուկեանի անուան ազգային ակադեմիական թատրոնում, Երեւանի Նոր Նորք համայնքում, Եղէգնաձորում եւ Ստեփանակէտրում: Երեւանի «Արամ Խաչատրեան» համերգասրահում տեղի ունեցած կամերային-դասական երաժշտութեան համերգին, մասնաւորապէս, մասնակցեցին Հայաստանի Հանրապետութեան երիտասարդական նուագախումբը, Թբիլիսիից (Վրաստան) ժամանած Ռեգինա եւ Քրիստինա Մեհրաբովաները, Մոսկուայից (Ռուսաստանի Դաշնութիւն) ժամանած Ալեքսէյ Ֆեօդորով-խաչատրեանը, Լոս Անջելեսից (Կ'ալիֆոռնիայ, ԱՄՆ) Յովիկ Քէոշկերեանը եւ այլոք: Մինչ իրենց ելոյթները երաժիշտները շատ էին յուզուած, սակայն ինչպէս լրագրողների հետ զրոյցում խոստովանեց Ռեգինա Մեհրաբովան, դահլիճից եկող ջերմութիւնն իրեն շատ օգնեց ելոյթի ժամանակ: Հանդիսատեսը շատ տպաւորուած էր սփիւռքահայ կատարողների վարպետութեամբ եւ հայ կոմպոզիտորների ստեղծագործութիւնների նման խորը ընկալմամբ: Յատկապէս մեծ տպաւորութիւն էր ստացել հանդիսատեսը Սփիւռքի ժամանած հայ երեխաների ելոյթներով: Եղան նաեւ առաջարկներ մրցանակներով ոգեւորել լաւագոյն կատարողներին: «Հայաստան-սփուռք-արցախ մշակութային միասնականութեանը նպաստող «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական փառատօնը կայացած իրողութիւն է», - Երեւանի Գ.Սունդուկեանի անուան մայր թատրոնի բեմում յուլիսի 26-ին տեղի ունեցած Համազգայինի Լիբանանի «Գայիանէ» պարային խմբի համերգի աւարտին իր ողջոյնի խօսքում նշեց «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամի գործադիր տնօրէն Թամարա Պողոսեանը։ Նա նկատեց, որ այսօր հայ ինքնութեան պահպանման գործում անգնահատելի է հայկական պարարուեստի դերը, որն առաւել մեծ ընդգրկում ունի Սփիւռքում, այն ազգային մշակոյթի ամենազանգուածային, ամենակենսունակ, ամենաներկայացուցչական ուղղութիւններից մէկն է։ «Մենք հարուստ մշակութային ժառանգութիւն ունեցող ազգ ենք, բայց շատ քիչ է լինել այդ մշակութային ժառանգութեան յետնորդը. մեզ համար շատ աւելի կարեւոր է, որ հակական սերունդը լինի այդ մշակոյթի կրողը։ Այսօր մենք բոլորս միասին երջանկութեամբ փաստում ենք, որ այս սերունդը ոչ միայն այդ ժառանգութեան տէրն է, այլեւ այդ ժառանգութեան կրողը։ Այն ազգը, որ ունի այսպիսի յիշողութիւն, այսպիսի մշակոյթ եւ այսպիսի համախմբուածութիւն, նրա բոլոր իղձերը իրականանալի են»,- ասաց Թ.Պողոսեանը։ Նա գոհունակութիւն յայտնեց Համազգայինի ակտիւ մասնակցութեան կապակցութեամբ եւ ցանկութիւն յայտնեց, որ բոլոր համահայկական կազմակերպութիւնները նոյնպիսի ջանքեր գործադրեն հայ մշակոյթը ներկայանալի դարձնելու ուղղութեամբ։ Համերգին ներկայ «Վիւասել-մտս»-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը մեծապէս կարեւորեց համահայկական մշակութային այս փառատօնի շարունակական լինելը. Ըստ նրա, «այն պէտք է մշտապէս անցկացուի, որ մենք կարողանանք միշտ ապացուցել, թէ որքան հարուստ է մեր մշակոյթը, յատկապէս պարարուեստը»։ Ռ. Յիրիկեանի գնահատմամբ, մանուկների, պատանիների, երիտասարդների կողմից ներկայացուող պարարուեստը արթնացնում է ազգային պատկանելութեան, ազգային ինքնութեան զգացումները, իսկ «մենք անպայման, ով որքան կարող է, որքան հնարաւորութիւն ունի, պէտք է աջակցի, օգնի, օժանդակի, կողքը կանգնի այսպիսի փառատօների, այսպիսի պարախմբերի, որեւիցէ քայլի, որն աւելի է բարձրացնում մեր ազգային մշակոյթը»,- ասաց Ռ.Յիրիկեանը։ «Ազդակ» լիբանանեան թերթի գլխաւոր խմբագիր Շահան Կ'անդահարեանի վբնորոշմամբ, 4-րդ համահայկական մշակութային փառատօնը բաւականին ճանապարհ է անցել։ «Կարեւոր է բարձրորակ կատարողական արուեստ ներկայացնելը, սակայն առաւել գնահատելի է դրա խորհուրդը՝ այն հրաշալի առիթ է մշակութային ոլորտում Հայաստան-սփիւռք համագործակցութեան համար»,- ասաց նա։ Սփիւռքից մշակութային խմբերի ժամանումը Հայրենիք, Հայաստանի եւ Սփիւռքի երեխաների, երիտասարդների միջեւ շփումները նպաստում են հայկական արուեստը զարգացնելուն, ոչ միայն հայկական ժառանգութեանը տէր կանգնելուն, այլեւ նոր մշակոյթ եւ նոր ժառանգութիւն ստեղծելուն եւ այդ գործը միասնաբար կատարելուն։ Համազգայինի Լիբանանի «Գայիանէ» պարի խմբի գեղարուեստական ղեկավար Անդրանիկ Գրիգորեանը յայտնեց, որ «Գայիանէ» պարի դպրոցը ստեղծուել է 1989թ.: Ինքը՝ Անդրանիկ Գրիգորեանը, գեղարուեստական ղեկավարի պաշտօնը ստանձնել է 4 տարի առաջ։ Դպրոցն ունի 340 աշակերտ՝ 12 դասարաններով, ովքեր օտար երկրում հեռու տեղերից գալիս են եւ մասնակցում են բոլոր փորձերին։ Հայաստան ժամանած պարային դպրոցի 35 սաների վկայութեամբ, իրենց համար աւելի հոգեհարազատ է հայաստանեան բեմում հանդէս գալը։ «Շատ տարբեր զգացինք, որովհետեւ մենք մեր ճիշտ տեղն ենք, մեր տեղը հոս է, մենք հոս պէտք է պարէնք»,- ասաց պարախմբի անդամ երեխաներից մէկը, «Ճիշտ է, որ մենք Սփիւռքի մէջ ենք ապրում, բայց մենք հայ ենք, մենք այստեղ ենք եկել ցոյց տալու, որ ուրիշ երկրի մէջ էլ կայ Հայաստան, փոքր Հայաստան»,- ասաց միւս լիբանանահայ երեխան: «Մենք մեր Հայրենիքի մէջ աւելի լաւ, աւելի ճոխ կպարէնք»,- աւելացրեց պարային խմբի միւս անդամը։ Ըստ Ա.Գրիգորեանի, մասնակցութիւնը փառատօնին շատ մեծ պատիւ է դպրոցի համար. շփումը տարբեր երկրներից ժամանած հայօդրենրին միջեւ նպաստում է հայկական ոգով լիցքաւորուելուն, փորձի եւ գիտելիքների փոխանակմանը։ Փառատօնին մասնակցող «Գայիանէ» պարային խմբի 35 պարողները Լիբանան վերադառնալով այս տրամադրութիւնը կը փոխանցեն դպրոցի 340 սաներին։ Ըստ պարուսոյցի, մասնակցութիւնը մրցակցութիւն չէ, այլ հպարտութիւն է, միջոց տարբեր երկրներից հայերի համախմբման համար։ Ինչ առաջարկներ ունէք յաջորդ փառատօնին անելու հարցին ի պատասխան Ա.Գրիգորեանը նշեց, որ կազմակերպիչները շատ ճոխ ծրագիր են կազմել, «միայն շատ կ'ուզենայի, որ տարածուէր այս հաճելի մթնոլորտը տարբեր երկրներում»։ «Մէկ ազգ. մէկ մշակոյթ» հիմնադրամի գործադիր տնօրէն Թամարա Պօղոսեանը կարեւորեց փառատօնային մթնոլորտը, ընդհանուր ոգեւորութիւնը, ինչպէս նաեւ այն, որ միջոցառումները անցնում են, ոչ միայն դահլիճներում, այլեւ Երեւանի բոլոր համայնքներում։ Թ.Պօղոսեանը գոհունակութիւն յայտնեց նաեւ փառատօնի նորամուծութիւնների՝ Հայաստանը՝ Սփիւռքին եւ Սփիւռքը՝ Հայաստանին համերգային ծրագրերի անցկացման կապակցութեամբ։ Նա ընդգծեց, որ «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» նախագիծը կարող է եւ պէտք է լինի միայն Հայաստանում, ինչը փառատօնի ամենակարեւոր առանձնայատկութիւններից մէկն է՝ «մենք հիւրընկալում ենք մեր հայրենակիցներին, այն, ինչ տեսնում էք Հայրենիքում, չէք տեսնի ոչ մի երկրում»,- ասաց Թ.Պողոսեանը։ Մինչ փառատօնի փակումը մնացել է երկու օր՝ յուլիսի 29-ին Երեւանի Ալ.Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կ'ունենայ «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական մշակութային 4-րդ փառատօնի «Կատարողական արուեստի օրեր»-ի փակման հանդիսութիւնը, իսկ մինչ այդ՝ յուլիսի 27-ին եւ 28-ին փառատօնի մասնակիցները Երեւանում եւ մարզերում կը շարունակեն իրենց «Բարեկամութեան համերգ-հանդիպումները»:
  -   Մշակոյթ