Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ

  • 21-03-2019 12:31:37   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Մարտի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցաւ եկեղեցականների վերապատրաստման հերթական դասընթացների քսան մասնակիցների հետ, որոնք ժամանել են Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի տարբեր թեմերից: 
 
Դասընթացների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսեանը Նորին Սրբութեանը տեղեկացրեց, որ այս հաւաքը թուով 11-րդ է եւ մինչ օրս վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 198 եկեղեցական: 
 
Հոգեւոր հովիւների հետ զրոյցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդգծեց Մայր Աթոռում կազմակերպուող այս դասընթացների կարեւորութիւնն իրենց ծառայութեան առաւել արդիւնաւէտ իրագործման համար` այս համախմբումները լաւագոյն առիթը նկատելով Աստծոյ եւ Ս. Էջմիածնի հետ իրենց ուխտի վերանորոգման, հաւատքի եւ հոգեւոր կեանքի մէջ զօրացման: 
 
Վեհափառ Հայրապետն արձանագրեց, որ այսօր Հայոց Եկեղեցու առջեւ հայրենիքում եւ սփիւռքում ծառացած են բազում մարտահրաւէրներ, որոնց յաղթահարման համար եկեղեցականը պէտք է լինի ըստ ամենայնի պատրաստուած ու զինուած համապատասխան հովուական գիտելիքներով, պէտք է հաւատարմօրէն առաջնորդուի Աստծու պատուիրաններով:
 
Նորին Սրբութիւնը քահանայ հայրերին յորդորեց բոլորանուէր իրականացնել իրենց հոգեփրկչական եւ ազգային ինքնութեան պահպանութեան սրբազան առաքելութիւնը աշխարհասփիւռ հայ համայնքներում:  
 
Իր հայրական օրհնութիւնը բերելով հոգեւորականներին՝ Հայոց Հովուապետը նրանց մաղթեց Աստծոյ օգնականութիւնն ու Սուրբ Հոգու առաջնորդութիւնը իրենց պատասխանատու ծառայութեան մէջ:
 
  -   Մամլո հաղորդագրություն