Իտալական «Ինտերի» գլխաւոր մարզիչ Լէոնարդոն, ազգային առաջնութեան 34-րդ տուրի հանդիպումից յետոյ, Football Italia պարբերականին տուած հարցազրոյցում, իր կարծիքն է յայտնել խաղի վերաբերեալ: Նշենք, որ «Ինտերին» յաջողուել է սեփական հարկի տակ 2:1 հաշուով առաւելութեան հասնել հռոմէական «Լացիոյի» նկատմամբ:
-Սա իւրայատուկ յաղթանակ էր մեզ համար: Մինչեւ մրցաշրջանի աւարտը կարող է պատահել ամէն ինչ: Ես նոյնիսկ հաւատում եմ, որ «Ինտերը» դեռ կարող է չեմպիոն դառնալ, - յայտարարել է Լէոնարդոն:
Միաժամանակ նա խօսել է նաեւ ներկայումս թիմում տիրող իրավիճակի մասին:
-Այս մրցաշրջանը շատ բարդ ստացուեց «Ինտերի» համար: Թիմը գրեթէ ամբողջութեամբ փոխուեց. փոփոխութիւններ` մարզչական կազմում, ֆուտբոլիստները վնասուածքներ ստացան եւ այլն: Միակ բանը, որ մնացել է «Ինտերում» դա յաղթական ոգին է, որը թիմն երբեք չի կորցրել եւ չի կորցնի: Մի խօսքով, ցանկանում եմ նշել, որ իմ թիմը կարող է դեռ չեմպիոն դառնալ, եւ ես այստեղ եմ եկել միայն բարձրունքներ նուաճելու համար, - յայտարարել է «Ինտերի» գլխաւոր մարզիչը: