Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել էԳերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատուիրակութեանը


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել էԳերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատուիրակութեանը

  • 13-05-2019 10:44:20   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Մայիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատուիրակութեան անդամներին՝ առաջնորդութեամբ Եպիսկոպոսական ժողովի Միջեկեղեցական յանձնաժողովի նախագահ եւ Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգէ եպիսկոպոսի: Եպիսկոպոսաց ժողովի պատուիրակութիւնը Մայր Աթոռ էր ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաւէրով:
 
Պատուիրակութեանն ուղեկցում էին Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը եւ Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը: 
Սերովբէ եպիսկոպոսը Նորին Սրբութեանը ներկայացրեց հիւրերին՝ անդրադառնալով Գերմանիայում Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի եւ հայոց թեմի միջեւ ձեւաւորուած գործակցութեանը եւ տեղեկացնելով Հայոց Եկեղեցու հետ յարաբերութիւններն առաւել խորացնելու պատրաստակամութեան մասին: 
 
Այնուհետեւ այցի առիթով իր գոհունակութիւնը յայտնեց Հայոց Հովուապետը`  ուրախութեամբ արձանագրելով Հայաստանեայց Առաքելական եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ առկայ սերտ կապերը եւ համագործակցութեան լայն եւ բովանդակալից ընդգրկումը: Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ Մայր Աթոռը համագործակցում է Կաթոլիկ Եկեղեցու տարբեր կառոյցների եւ Գերմանիայի մի շարք բարեգործական կազմակերպութիւնների հետ: Այս կապակցութեամբ Նորին Սրբութիւնն իր գնահատանքը յայտնեց Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին ցուցաբերուող այն աջակցութեան համար, որի շնորհիւ Մայր Աթոռի մի շարք միաբաններ հնարավարութիւն են ունեցել եւ այսօր էլ շարունակում են իրենց աստուածաբանական բարձրագոյն կրթութիւնը ստանալ Գերմանիայի կաթոլիկ համալսարաններում: 
Իր հերթին Եպիսկոպոսական ժողովի Միջեկեղեցական յանձնաժողովի նախագահ եւ Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգէ եպիսկոպոսն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի ատենապետ եւ Միւնխենի արքեպիսկոպոս Ռայնյարդ Մարքսի ջերմ ողջոյններն ու բարեմաղթանքները: Ֆայգէ եպիսկոպոսը կարեւորեց երկու Եկեղեցիների փոխյարաբերութիւնների խորացումն ու զարգացումը տարբեր ոլորտներում: Վերջինս փաստեց, որ Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եւ Հայոց թեմի միջեւ բարեկամական կապերը շարունակ սերտանում եւ ամրապնդւում են: 
 
Սրբազան Հայրը, անդրադառնալով նաեւ Հայոց Ցեղասպանութեան սոսկալի ոճրագործութեանը, Նորին Սրբութեանը տեղեկացրեց, որ պատուիրակութիւնն այցելելու է Ծիծեռնակաբերդ՝ յարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակին:
Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետը ներկայացրեց Հայոց Եկեղեցու վերջին տասնամեակների ձեռքբերումները հոգեւորականների պատրաստութեան, քրիստոնէական դաստիարակութեան, Եկեղեցու սոցիալական ծառայութեան եւ եկեղեցաշինութեան ոլորտներում, պատասխանեց պատուիրակութեան անդամների հարցերին, որոնք վերաբերում էին վանական կեանքի վերականգնմանը եւ հասարակութեան մէջ Աւետարանի քարոզչութեանը:
 
Առաջիկայ օրերին պատուիրակութիւնը կ'այցելի Հայոց Եկեղեցու զանազան կառոյցներ` ծանօթանալով Հայոց Եկեղեցու լայնածաւալ գործունէութեանը, կը լինի Հայաստանի մի շարք սրբավայրերում:

 
  -   Մամլո հաղորդագրություն