Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Աւստրիայից ժամանած պատուիրակութեանը
13-05-2019 12:16:43 | | Մամլո հաղորդագրություն
Մայիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կենտրոնական Եւրոպայի եւ Շուէդիայի Հայրապետական պատուիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսեանի եպիսկոպոսական ձեռնադրութեան եւ օծման առիթով Աւստրիայից Հայաստան ժամանած պատուիրակութեանը, որի կազմում էին «Պրոյ Օրիենտէ» (Pro Oriente) եկեղեցական կազմակերպութեան անդամներ, Աւստրիայի Կաթոլիկ եւ Ասորի Ուղղափառ Եկեղեցիների հոգեւորականներ եւ Վիեննայի Պետական համալսարանի կաթոլիկ աստուածաբանութեան ֆակուլտետի, ինչպէս նաեւ պետական զանազան կառոյցների ներկայացուցիչներ:
Զրոյցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ փաստեց, որ Հայ Եկեղեցին ջերմ յարաբերութիւններ ունի Աւստրիայի եկեղեցական, միջեկեղեցական եւ միջպետական կառոյցների հետ եւ իր նպաստն է բերում դրանց առաւել զարգացման ու ամրապնդման գործին: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախութեամբ ընդգծեց նաեւ Մայր Աթոռի եւ «Պրոյ Օրիենտէ» եկեղեցական կազմակերպութեան միջեւ ձեւաւորուած փոխգործակցութիւնը:
Նորին Սրբութիւնը վստահութիւն յայտնեց, որ Կենտրոնական Եւրոպայի եւ Շուէդիայի Հայրապետական պատուիրակի ջանքերի միջոցով Հայ Եկեղեցու եւ Աւստրիայի եկեղեցական կառոյցների միջեւ յարաբերութիւններն առաւել կը խորանան եւ կը զարգանան:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքն փոխանցեց Աւստրիայի իշխանութիւններին՝ Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման հարցում որդեգրած քաղաքականութեան եւ այդ առումով հայ ժողովրդին բերած զօրակցութեան համար:
Հայոց Հովուապետը խօսեց նաեւ հայ ժողովրդի կեանքում քրիստոնէական հաւատքի եւ Հայ Եկեղեցու կարեւոր դերակատարութեան մասին՝ շեշտելով, որ հայ ժողովուրդը պատմութեան ընթացքում իր զօրաւոր հաւատքի շնորհիւ յաղթահարել է բազմապիսի փորձութիւններ ու դժուարութիւններ` կերտելով ազգային իր կեանքն ու առաջընթացը: