Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի ուխտաւորներին
17-06-2019 10:45:06 | | Մամլո հաղորդագրություն
Յունիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցաւ ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի հնագոյն համայնքներից Մինեսոտայ նահանգի 36 ուխտաւորների հետ, որոնք երկշաբաթեայ այցով հայրենիք էին ժամանել Սուրբ Սահակ եկեղեցու հոգեւոր հովուի` Արժանապատիւ Տ. Թադէոս քահանայ Բարսեղեանի առաջնորդութեամբ:
Ողջոյնի իր խօսքում Թադէոս քահանան տեղեկացրեց, որ ուխտաւորների մեծ մասն առաջին անգամ է Հայաստանում` ուրախութիւն յայտնելով, որ այցը սկսւում է Հայոց Հայրապետի օրհնութեամբ: Տէր Հայրը Նորին Սրբութեանը ներկայացրեց համայնքային կեանքի ձեռքբերումները` յաւելելով, որ համայնքը տարէցտարի աւելի է մեծանում, աւելանում է նաեւ հայկական ամենօրեայ եւ կիրակնօրեայ դպրոցների սաների թիւը:
Հայրական իր օրհնութիւնը բերելով ամերիկաբնակ հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորեց ուխտագնացութիւնների կազմակերպումը դէպի հայրենիք, որոնք նորոգում են հայորդիների ազգային, հոգեւոր ապրումները՝ հաղորդ դարձնելով սեփական ինքնութեանը, հայ ժողովրդի հերոսական անցեալին: Նորին Սրբութիւնը նշեց, թէ քրիստոնէական հաւատքի եւ հայրենասիրութեան շնորհիւ է, որ Սփիւռքում ապրող իւրաքանչիւր հայ շարունակում է ազգային-հոգեւոր արժէքներով կրթել եւ դաստիարակել մատաղ սերնդին՝ ակտիւ պահելով հայ համայնքը:
Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց նաեւ Սուրբ Էջմիածնի խորհրդին` նշելով, որ Էջմիածինը բոլոր հայերի սրտում եւ աղօթքներում է, եւ պատմութեան ամենադժուար պահերին քրիստոնէական հաւատքն ու յոյսն են օգնել աշխարհասփիւռ հայութեանը դիմագրաւել ազգի ու Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրաւէրներին: Նորին Սրբութիւնը մասնաւորապէս խօսեց Հայրենիքի եւ Սփիւռքի կեանքում առկայ դժուարութիւնների ու խնդիրների եւ դրանց յաղթահարման ուղիների մասին:
Այս առիթով Հայոց Հովուապետն ի դէմս Տէր Թադէոսի իր գնահատանքը բերեց Սփիւռքի հայոց թեմերում սպասաւորող եկեղեցականներին` իրենց հոգեւոր առաքելութիւնը նախանձախնդրութեամբ եւ նուիրումով իրականացնելու եւ ազգային արժէքները պահպանելու համար:
Հանդիպումից յետոյ ուխտաւորները մասնակցեցին Սուրբ եւ Անմահ Պատարագին: