Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է միաբանական համագումարի մասնակիցների հետ
17-06-2019 18:05:24 | | Մամլո հաղորդագրություն
Յունիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցաւ յունիսի 18-22-ը Մայր Աթոռում անցկացուելիք միաբանական համագումարի առիթով Սուրբ Էջմիածին ժամանած միաբանների (ծայրագոյն վարդապետ, վարդապետ եւ աբեղայ) հետ: Համագումարին մասնակցում են նաեւ ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնից եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութիւնից:
Միասնական Տէրունական աղօթքից յետոյ Նորին Սրբութեանը եւ ներկայ միաբաններին ողջունեց ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի Լաս Վէգաս քաղաքի Սուրբ Կիրակոս եկեղեցու հոգեւոր հովիւ Հոգեշնորհ Տ. Սասուն ծայրագոյն վարդապետ Զմրուխտեանը: Իր խօսքում Հայր Սուրբը գոհունակութեամբ ընդգծեց, որ իւրաքանչիւր միաբանի համար ուրախութիւն է վերադառնալ Մայր Աթոռ` ծնրադիր իր աղօթքը բարձրացնելու առ Աստուած հայոց հաւատքի օրրանում եւ ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնութիւնը:
Այնուհետեւ համագումարի մասնակիցներին ողջունեց եւ իր օրհնութիւնը բաշխեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայոց Հովուապետը գոհունակութեամբ նշեց, որ Արարատեան տօների շրջանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների համախմբումը Մայր Աթոռում գեղեցիկ աւանդոյթ է դարձել: Նորին Սրբութիւնը կարեւոր նկատեց միաբանական համագումարի պարբերական կազմակերպումը միաբանական ուխտի վերանորոգման, հոգեւոր կեանքի զօրացման եւ միջանձնային շփումների շնորհիւ եղբայրասիրական ոգու ամրապնդման համար: Նորին Սրբութիւնը միաբանական հաւաքը պատեհ առիթ նկատեց խորհրդածելու ազգային կեանքը յուզող խնդիրների ու Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրաւէրների շուրջ, նաեւ միմեանց հետ կիսուելու հովուական փորձառութեամբ:
Իր գնահատանքը բերելով եկեղեցականներին` Հայոց Հովուապետը հաստատեց, որ միաբանների նուիրեալ ծառայութեան շնորհիւ այսօր զօրանում է Եկեղեցու առաքելութիւնը ժողովրդի կեանքում: Նորին Սրբութիւնը մաղթեց, որ առաջիկայ շաբաթը լինի արդիւնաւէտ աշխատանքի եւ համատեղ աղօթական կեանքի հոգենորոգ մի շրջան:
Զրոյցի ընթացքում Վեհափառ Հայրապետն ու միաբանները անդրադարձան հոգեւոր առաքելութեան իրականացման ճանապարհին առկայ խնդիրներին, ազգային եւ հայրենական կեանքը յուզող հարցերին: