Յունիսի 18-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնեց Սուրբ Գայանեանց կոյսերի յիշատակը:
Տօնի առիթով առաւօտեան Մայր Տաճարից եկեղեցականների հանդիսաւոր թափօրը Էջմիածնի Հայորդեաց տան սաների թմբուկների զարկերի ներքոյ առաջնորդուեց Սուրբ Գայանէ վանք: Թափօրը մինչեւ Ս. Գրիգոր Լուսաւորչի կամար գլխաւորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ նահատակ սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը մասունքակիր Աջը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Յակոբեանին:
Ս. Գայանէ վանքի առջեւ թափօրը դիմաւորեցին Մայր Աթոռի Վանորէից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանեանը, վանքի հոգեւոր սպասաւորներն ու բազմաթիւ ուխտաւորներ:
Սուրբ Գայանէ վանքում, հանդիսապետութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Յառիճավանքի Թրբանճեան ընծայարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Ղեւոնդ աբեղայ Սաղաթելեանը:
Օրուայ խորհրդի շուրջ քարոզ խօսեց Եգիպտոսի Հայոց թեմի հոգեւոր սպասաւոր Հոգեշնորհ Տ. Դերենիկ աբեղայ Սահակեանը:
Հայր Սուրբը, անդրադառնալով Սուրբ Գայանեանց կոյսերի հաւատաւոր կեանքին եւ նահատակութեան պատմութեանը, մասնաւորապէս նշեց. «Սուրբ Գայանեանց տօնական այս պատարագը, իր մէջ ոչ միայն պատարագի սրբութիւն ունի, այլ նաեւ սրբազան խորհուրդ: Սրբերը տարբերւում են մարդկանցից այն պարզ եւ միեւնոյն ժամանակ անհաս բաղձալի խորհրդով, որ գտան Քրիստոսին եւ չկորցրեցին Նրան: Այսօրուայ տօնի մէջ ամենամեծ խորհուրդն այն է, որ սուրբ կոյսերը կտտանքի, չարչարանքի, անմարդկային տանջանքների ենթարկուելու ընթացքին չկորցրեցին Քրիստոսին:
Սիրելինե՛ր, այսօր տօնին ընդառաջ մենք մեզ մէկ հարց պէտք է տանք՝ արդեօ՞ք մենք ունենք Քրիստոսին, արդեօ՞ք գտել ենք Քրիստոսին: Եւ կամ երբ նայենք մեր անցած կեանքին, նայենք ամենայն ուշադրութեամբ, կը տեսնե՞նք, որ շատ անգամներ ենք կորցրել Քրիստոսին:
Թերեւս Քրիստոս կորցնելու մէջ հակոտնեայ զգացում կայ: Երբ ասում ենք կորցնել Քրիստոսին, միանգամից մեր աչքի առաջ են գալիս նախ Յուդան եւ յուդայատիպերը, այնուհետեւ՝ անառակ որդին եւ անառակութիւն անողները՝ իբրեւ Քրիստոսից հեռացած, Քրիստոսի ճշմարիտ ճանապարհներից շեղուած մարդիկ՝ եկեղեցի չյաճախող, Աստուած հայհոյողներ: Բայց սխալուած կը լինենք, եթէ այդքան պարզ պատկերացնենք Քրիստոս կորցրածներին: Մենք Քրիստոսին կարող ենք կորցնել ոչ թէ վերը նշուած աստուածուրացութեան պահին, ցոփ ու շուայտ կեանք վարելու պահին, այլ հէնց աղօթքի պահին, եկեղեցու մէջ, բարի գործ անելու ժամանակ, մեր Եկեղեցու փառքի համար մտահոգութեան պահին, անգամ ամենամեծ սուրբ խորհրդի ժամանակ: Թէեւ սիրում ենք Քրիստոսին եւ, վստահաբար, բնաւ չէինք ուզենայ կորցնել նրան, սակայն մեր մարդկային հողաշէն բնութեանը յատուկ է կորցնել Քրիստոսին՝ սկսեալ Ադամից մինչեւ այս պահին ծնուող մանուկը»:
Հայր Դերենիկը կոչ արեց հաւատացեալներին Քրիստոսին չկորցնելու համար լինել առաւել զգուշաւոր եւ ուշադիր, զօրանալ հոգեւոր կեանքի մէջ:
Վերջում Հայր Սուրբը յորդորեց հաւատացեալներին անկեղծ աղօթքով հայցել Սուրբ Կոյս Գայիանէի բարեխօսութիւնը, որպէսզի իր շնորհներով զարդարի նրանց միտքը, հոգին ու սիրտը՝ Քրիստոսին գտնելու եւ Նրան երբեւէ չկորցնելու համար:
Ս. Պատարագի աւարտին Ս. Գայանէ վանքի բակում Արտակ եպիսկոպոսի նախագահութեամբ կատարուեց սրբուհու մասունքակիր Աջով հաւատացեալների օրհնութիւն եւ Անդաստանի կարգ:
Սուրբ Պատարագին մասնակցում էին միաբանական համագումարի առիթով աշխարհի բոլոր կողմերից Սուրբ Էջմիածին ժամանած Մայր Աթոռի միաբանները: