Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիւրընկալել է ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի զօրամիաւորումների եւ Արմաւիրի կայազօրի սպաներին՝ իրենց ընտանիքներով
24-06-2019 18:38:02 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Յունիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, «Քրիստոնեայ ընտանիք՝ պաշտպանուած հայրենիք» խորագրով հոգեւոր, ազգային-մշակութային միջոցառումների շրջանակներում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի զօրամիաւորումների եւ Արմաւիրի կայազօրի սպաներին՝ իրենց ընտանիքներով:
Սա Ամենայն Հայոց Հայրապետի օրհնութեամբ 2019 թուականն ընտանիքի տարի հռչակելու առիթով ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդութեան կազմակերպած առաջին ուխտագնացութիւնն էր դէպի Սուրբ Էջմիածին: Սպաներն իրենց ընտանիքներով նախ ճանաչողական այցելութիւն կատարեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ՝ հաղորդակցուելով հայոց դարաւոր հոգեւոր սրբութիւններին, որից յետոյ հանդիպում ունեցան Նորին Սրբութեան հետ:
Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ ՀՀ ԶՈԻ հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանը` շնորհակալութիւն յայտնելով Նորին Սրբութեանը մշտապէս Հայոց բանակի կողքին լինելու եւ աջակցելու համար:
Այնուհետեւ Վեհափառ Հայրապետն իր մասնաւոր գնահատանքը բերեց հրամանատարներին, սպաներին եւ նրանց ընտանիքներին իրենց հայրենասիրութեան ու աստուածսիրութեան համար: նորին Սրբութիւնը մասնաւորաբար սպաների ուշադրութեանը յանձնեց այն հանգամանքը, որ աստուածսիրութիւնից է բխում հայրենասիրութիւնը: «Մեծագոյն պատուիրանը, որ Աստուած տուեց մեզ, դա սիրոյ պատուիրանն է. սէր ինչպէս միմեանց նկատմամբ, այնպէս էլ հայրենիքի, ազգի ու ընտանիքի հանդէպ: Ամէն բան իբրեւ մնայուն արժէք կերտուել է սիրով: Բոլոր մնայուն արժէքները ստեղծուել են մեր հոգում հանդէպ մեր հայրենիքը, մեր Եկեղեցին ու մեր Աստուած ունեցած սիրուց», - նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` յաւելելով, որ հայ զինուորի ու հրամանատարի ծառայութիւնն ու պայքարը իրենց զաւակների, հայրենիքի ապահով եւ խաղաղ կեանքն է:
Գարեգին Բ Վեհափառը կարեւորեց նաեւ Հայոց Եկեղեցու ամուր կապը եւ գործակցութիւնը ՀՀ Զինուած Ուժերի հետ` մասնաւորապէս անդրադառնալով իւրաքանչիւր սպայի կեանքում հոգեւոր սպասաւորների դերին, քանի որ վերջիններս ամենօրեայ ծառայութիւն են իրականացնում հայ սպաների հետ՝ նրանց քրիստոնէական ոգին մշտավառ պահելու եւ հոգեւոր արժեքներով սնելու համար:
Իր սէրն ու խոնարհումը բերելով ներկայ սպաներին իրենց հայրենանուէր ծառայութեան համար` Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ Հայոց բանակի քաջարի զինուորները, հրամանատարները եւ նրանց ընտանիքները հանապազ իր աղօթքներում են:
Վերջում Նորին Սրբութիւնը մաղթեց, որ Տէրն Իր մշտական օրհնութեան ներքոյ պահի հայ զինուորականներին եւ նրանց ընտանիքներին, որպէսզի հաւատով եւ քաջեռանդ շարունակեն իրենց նուիրեալ ծառայութիւնը:
ՀՀ Զու 5-րդ բանակային կորպուսի անունից ելոյթ ունեցաւ նաեւ կորպուսի հրամանատար գնդապետ Անդրանիկ Փիլոյեանը՝ շնորհակալութիւն յայտնելով ՀՀ Զինուած Ուժերի հանդէպ Վեհափառի մշտական ուշադրութեան համար:
Հանդիպումն աւարտին հոգեւոր եւ ազգային երգերի կատարումներով հանդէս եկաւ Արարատեան Հայրապետական թեմի Սուրբ Աննա եկեղեցու «Գանձեր» երգչախումբը: