Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցաւ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ
27-06-2019 16:22:49 | | Մամլո հաղորդագրություն
Յունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Հնդկաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սանգուան Եօգեշուարին, ով աւարտում է իր պաշտօնավարումը մեր երկրում:
Ամենայն Հայոց Հայրապետը բարձր գնահատեց դեսպանի ներդրումը հայ-հնդկական կապերի ամրապնդման գործում: Հայոց Հայրապետը նշեց, որ Հայաստանը եւ Հնդկաստանը ունեն բազմադարեայ բարեկամական յարաբերութիւններ, իսկ Հնդկաստանում հայ համայնքի պատմութիւնը հարուստ է բազում գեղեցիկ իրագործումներով ու վկայութիւններով:
Վեհափառ Հայրապետը նաեւ իր գոհունակութիւնը յայտնեց Մայր Աթոռի նկատմամբ դեսպանատան կողմից դրսեւորուող ուշադրութեան, ինչպէս նաեւ Կալկաթայում գործող Հայոց Մարդասիրական ճեմարանի սաներին ու աշխատակազմից ցուցաբերուող զօրակցութեան համար:
Շնորհակալութիւն յայտնելով գնահատանքի խօսքերի համար` պրն. Սանգուան Եօգեշուարը նկատեց, որ Հայաստան-Հնդկաստան յարաբերութիւնները ներկայումս բարձր մակարդակի վրայ են գտնւում եւ յետագայ զարգացման մեծ ներուժ ունեն: Դեսպանը Նորին Սրբութեանը ներկայացրեց Հայաստանում եռամեայ ծառայութեան իր տպաւորութիւնները:
Հանդիպման աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեսպանին մաղթեց յաջողութիւններ իր յետագայ գործունէութեան մէջ: