Ֆիլադելֆիայի հայ ուխտաւորներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


Ֆիլադելֆիայի հայ ուխտաւորներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • 01-07-2019 18:13:02   |   |  Հասարակութիւն

 
 
Յունիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայի Միացեալ Նահանգների Ֆիլադելֆիայ քաղաքից ուխտաւորաբար հայրենիք ժամանած հայորդիներին՝ ուղեկցութեամբ ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի Ֆիլադելֆիայի Սուրբ Երրորդութիւն եկեղեցու հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տէր Յակոբ քահանայ Գեւորգեանի:
Ողջոյնի իր խօսքում Յակոբ քահանան տեղեկացրեց, որ ուխտաւորների մի մասն առաջին անգամ է Հայաստանում` ուրախութիւն յայտնելով սակայն, որ կան մարդիկ, որ երկրորդ, երրորդ անգամ են մասնակցում դէպի հայրենիք ուխտագնացութեանը: 
Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հայրական իր օրհնութիւնը բերելով ամերիկաբնակ հայորդիներին, ողջունեց սփիւռքի տարբեր համայնքներից ուխտագնացութիւնների կազմակերպումը՝ ընդգծելով, որ նմանատիպ այցելութիւնները հայրենիքը տեսնելու եւ ուխտը նորոգելու լաւագոյն առիթ են դառնում: Այդ հարցում Նորին Սրբութիւնը կարեւոր նկատեց Հայաստանում հասակ առած հոգեւոր սպասաւորի առաքելութիւնը սփիւռքում, որի ծառայութեան շնորհիւ օտարութեան մէջ ապրող հայը շարունակում է սնուել ազգային-հոգեւոր արժէքներով: 
Գարեգին Բ. Հայրապետը գոհունակութիւն յայտնեց, որ սփիւռքի հեռաւոր անկիւններում ապրող իր զաւակներն իրենց հայեացքներն ուղղել են դէպի հայրենիք՝ պատգամելով նրանց շարունակել զօրացնել համայնքի ազգային կեանքը եւ հայրենանուէր ծառայութիւնը՝ Եկեղեցու ու մշակոյթի միջոցով պահպանելով ազգային ինքնութիւնը:
Նորին Սրբութիւնը նաեւ պատասխանեց ուխտաւորների հարցերին, որոնք վերաբերում էին հոգեւորականների պատրաստութեանը, հայրենական կեանքին, Հայաստանին եւ Սուրբ Էջմիածնին իրենց ծառայութեամբ օգտակար լինելու ուղիներին:
Վերջում Նորին Սրբութիւնը իր օրհնութիւնն ու ջերմ բարեմաղթանքները փոխանցեց ուխտաւորներին եւ Ֆիլադելֆիայի հայ համայնքին` առանձնակի կերպով գնահատելով նրանց ազգային ոգին ու հաւատարմութիւնը Մայր Եկեղեցու հանդէպ: 

 
  -   Հասարակութիւն