Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիւրընկալել է Տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողների


Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիւրընկալել է Տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողների

  • 09-07-2019 18:34:19   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Յուլիսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցաւ Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողական խորհրդի անդամների եւ միջբուհական «Յաղթանակած» երիտասարդական նախաձեռնութեան ներկայացուցիչների հետ՝ ուղեկցութեամբ  հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միութեան (ՀԵՀԵՄ) հոգեւոր տեսուչ եւ կենտրոնական գրասենեակի տնօրէն Հոգեշնորհ Տ. Թովմայ վարդապետ Խաչատրեանի:
 
Հանդիպմանը Թովմայ վարդապետը Նորին Սրբութեանը տեղեկութիւններ հաղորդեց ՀԵՀԵՄ-ի եւ ՀՊՏՀ-ի ուսանողական խորհրդի միջեւ ձեւաւորուած համագործակցութեան եւ նախանշուող համատեղ նոր ծրագրերի մասին: 
 
Այնուհետեւ երիտասարդները Վեհափառ Հայրապետին հանգամանօրէն ներկայացրեցին իրենց գործունէութիւնը՝ ընդգծելով, որ իրենց առաքելութեան կարեւորագոյն ուղղութիւններից է նաեւ ազգային գաղափարախօսութեան տարածումը:
 
Իր խօսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութիւն յայտնեց ՀԵՀԵՄ-ի եւ բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների ու ազգային կառոյցների միջեւ առկայ կապերի առնչութեամբ՝ հաստատելով, որ այդ շփումը հնարաւորութիւն է ընձեռում ուսանողութեանը լաւագոյնս ճանաչելու Հայոց Եկեղեցին: Նորին Սրբութիւնը նշեց, որ Հայ Եկեղեցու մասին պատկերացումները յաճախ սահմանափակւում են ծիսապաշտական արարողութիւններով, մինչդեռ, ըստ Հայոց Հովուապետի, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կրողն է հայ ժողովրդի հոգեւոր եւ ազգային մշակոյթի հսկայական ժառանգութեան, որի նպատակն է եղել բոլոր ժամանակներում աստուածաճանաչողութիւնը հասանելի դարձնել հայորդիներին: 
 
Նորին Սրբութիւնը վերահաստատեց, որ Հայ Եկեղեցու առաքելութիւնն է ըստ ամենայնի աջակցել հայ երիտասարդին կանգնելու աստուածաճանաչողութեան ճանապարհին եւ ընթանալու դրանով` հաւատարիմ ժառանգորդները լինելով իրենց հայրերի կերտած հոգեւոր ու մշակութային արժէքների: 
 
Վեհափառ Հայրապետը անդրադարձ կատարեց երիտասարդութեան հոգիները փոթորկող ժամանակակից մարտահրաւէրներին եւ տարածուող կործանարար կեղծ գաղափարախօսութիւններին` դրանց յաղթահարման գործում կարեւորելով ինքնաճանաչողութիւնը, ծանօթութիւնը Հայոց Եկեղեցու վարդապետութեանը եւ քարոզած արժէքներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուսանողների հետ զրուցեց նաեւ հոգեւոր կեանքի նկատմամբ ուշադրութեան, յաճախակի եկեղեցի այցելելու, աղօթական կեանքով ապրելու անհրաժեշտութեան եւ լաւ ուսանելու կարեւորութեան մասին: 
 
Վերջում Նորին Սրբութիւնը երիտասարդ ուսանողներին պատգամեց իրենց ձեռք բերած գիտելիքներն ի սպաս դնել հայրենիքին` ապահովելով նրա առաջընթաց ու բարօր կեանքը:

 
  -   Մամլո հաղորդագրություն