Արմէն Այվազեան. Թուրքիայի ռազմական հայեցակարգը եւ թուրքական վտանգը


Արմէն Այվազեան. Թուրքիայի ռազմական հայեցակարգը եւ թուրքական վտանգը

  • 23-04-2011 15:24:56   | Հայաստան  |  Յօդուածներ
2010 թ. հոկտեմբերին Թուրքիայի ազգային անվտանգութեան խորհուրդն «Ազգային անվտանգութեան ռազմավարութեան» մէջ մտցրեց մի շարք փոփոխութիւններ, որոնք կը գործեն առաջիկայ հինգ տարուայ ընթացքում: Թուրքիայի համար արտաքին սպառնալիք ներկայացնող պետութիւնների ցուցակից հանուեցին Սիրիան, Իրանը, Բուլղարիան, Վրաստանն ու Հայաստանը: Իսրայէլն առաջին անգամ անուանուեց «հնարաւոր թշնամի»: Նոյն անփոփոխ կարգավիճակում մնաց Ռուսաստանը, չնայած վերջին շրջանում այդ երկու երկրների միջեւ գոյութիւն ունեցող աննախադէպ ջերմ յարաբերութիւններին, որոնք համեմատելի էն միայն 1920-ական թթ. հետ: Մինչդեռ 2007թ. դեկտեմբերին ընդունուած Հայաստանի Հանրապետութեան ռազմական հայեցակարգը (պաշտօնապէս` դոկտրինը) Թուրքիան համարում է «հնարաւոր վտանգ», ինչը 2008 թ. այդ փաստաթղթի միջազգային փորձաքննութեան ժամանակ առաջացրեց Նատօ-ի մասնագէտների կշտամբանքն ու նախատինքը: Թուրքական կողմի` Հայաստանի նկատմամբ վերոյիշեալ քայլի անլրջութիւնն ու զուտ հռչակագրային բնոյթ կրելը կարելի էր ցուցադրել թէկուզ միայն այն բազմաթիւ յայտարարութիւններով, որոնք թուրք բարձրաստիճան դիւանագէտներն ու պաշտօնեաներն արել էն Ադրբեջանին Հայաստանի դէմ հնարաւոր պատերազմում օժանդակելու Թուրքիայի վճռականութեան վերաբերեալ: Այսուհանդերձ, սոյն յօդուածում այդ հարցը կը քննենք Թուրքիայի իրական Ռազմական հայեցակարգի համատեքստում: Մինչեւ ԽՍՀՄ փլուզումը Թուրքիայի ռազմական հայեցակարգն ունէր հիմնականում պաշտպանական բնոյթ եւ կառուցուած էր սովորական սպառազինութիւններով վարուելիք պատերազմում ուժերի հաշուարկների վրայ: Միջուկային զէնքի կիրառման հետ կապուած հարցերը վերապահուած էին Նատօ-ին կամ Ամն-ին: Սառը պատերազմի տարիներին Նատօ-ում բանավիճում էին այն մասին, թէ խորհրդային եւ Վարշաւայի պայմանագրի բանակների յարձակման դէպքում թուրքական զօրքերը որքա՞ն տարածք կը կարողանան պահպանել` մինչեւ դաշնակից ուժերն անցնէն հակագրոհի: Թուրք զինուորականները յոյս ունէին հակառակորդին դիմագրաւել սահմանին եւ այնուհետեւ կազմակերպուած նահանջել: Ամերիկեան ծրագրաւորողները պակաս լաւատէս էին. 1950-ական թթ. վերջի հաշուարկներով` թուրքերն արագ շպրտուելու էին մինչեւ Միջերկրական ծով` Իսկենդերունի շրջանը: Թէեւ այս հաշուարկները ժամանակի հետ փոփոխւում էին, 1990 թ. թուրքական գլխաւոր շտաբը տակաւին անվտանգութեան հիմնական խնդիր էր համարում երկրի տարածքի բազմաճակատ պաշտպանութիւնը: 1990-ական թթ. առաջին կէսին այս մտայնութիւնը դեռ չէր վերանայուել: 1997 թ. թուրք ռազմական մեկնաբանները, հիմնուելով Ռուսաստանի, Յունաստանի, Իրաքի, Իրանի եւ Սիրիայի` կռուի դաշտ սովորական ուժեր հանելու կարողութիւնների վրայ եւ նրանց վերագրելով տարածքային յաւակնութիւններ` այդ պետութիւնները համարում էին անվտանգութեան գլխաւոր սպառնալիքներ: Ամն-ում Թուրքիայի նախկին դեսպան Շիւքրու Էլեքդաղն իր ,երկուսուկէս պատերազմի ռազմավարութիւնէ յայտնի յօդուածում, արտայայտելով ռազմական գերատեսչութեան տեսակէտները, ընդգծում էր, որ Թուրքիան պէտք է ծրագրի եւ պատրաստ լինի խոշորածաւալ պատերազմ մղել միաժամանակ երկու տարբեր ճակատներով (օրինակ` Սիրիայի եւ Յունաստանի դէմ) ու մէկ ներքին պատերազմ` քրդական ապստամբութեան դէմ: Այս հայեցակարգով թուրքական զինուած ուժերը պէտք է կազմակերպուէին, մարզուէին եւ սպառազինուէին` ունենալով երկու հիմնական խնդիր. ա) Թուրքիայի ցամաքային եւ օդային ուժերը պէտք է կարողանային կասեցնել զրահատանկային հուժկու ներխուժումներն արեւելքից (ԽՍՀՄ/Ռուսաստան) ու հարաւից (Սիրիայ, Իրաք), ապա անցնէին խոր էշելոնային պաշտպանութեան. բ) բանակը եւ ներքին զօրքերը (ժանդարմերիան) պէտք է պատրաստ լինէին վարելու հակապարտիզանական պատերազմ` յենուելով ամրացուած շրջանների եւ արագ արձագանքման շարժուն ուժերի վրայ: Նաւատորմին վերապահուած էր Բոսֆորի նեղուցի հսկողութիւնը: Այսպիսով, զինուած ուժերից պահանջւում էր մարտավարական շարժունութիւն, մինչդեռ ռազմավարական շարժունութիւնը եւ թշնամու խորքը հարուածելու կարողութիւնը պակաս կարեւոր էին համարւում, քանզի ակնկալւում էր, որ պատերազմն ընթանալու է Թուրքիայի տարածքում: Մինչեւ վերջերս Թուրքիայի զինուորականութիւնը, հաւատարիմ մնալով Քեմալ Աթաթուրքի առաջադրած այն տեսակէտին, ըստ որի` Թուրքիայի ճակատագիրը կապուած է միմիայն Արեւմուտքի հետ, մահմեդական արեւելքում ազդեցութիւնը մեծացնելու փորձերը գնահատում էր իբրեւ իսլամականների յետադիմական ձգտումներ, որոնք կարող էն վտանգել երկրի արեւմտամէտ ուղին: Սակայն 1999 թ. սկզբին պաշտպանութեան նախարարութիւնը հրապարակեց ,սպիտակ տետրակ. պաշտպանութիւն 1998է պաշտօնական տեղեկագիրքը, որում, շեղուելով արտաքին քաղաքականութեան եօթանասնամեայ աւանդոյթից, Թուրքիան դիտւում է արդէն իբրեւ «եւրասիական երկիր», որը «պարտաւոր է պահպանել ու ընդլայնել կապերը եւ՛ Արեւմուտքի, եւ՛ Արեւելքի հետ»: Տեղեկագիրքը շարադրում է նաեւ Թուրքիայի ռազմական քաղաքականութեան պաշտօնական գլխաւոր սկզբունքները. (1) Զսպում (deterrence). ռազմական այնպիսի ուժի պահպանում, որն ի զօրու է սաստել արտաքին եւ ներքին սպառնալիքներ յարուցողներին. (2) Կոլեկտիւ անվտանգութիւն. գործուն մասնակցութիւն միջազգային եւ տարածաշրջանային դաշինքների եւ կազմակերպութիւնների աշխատանքներին` յատկապէս Նատօ-ի եւ Արեւմտաեւրոպական միութեան շրջանակներում. (3) Առաջ մղուած պաշտպանութիւն (forward defense). հնարաւոր զաւթողականութեան (ագրեսիայի) բովանդակութիւնն առաւել վաղ յայտնաբերելու եւ այն դրսից կանխելու կարողութիւն. (4) «Խաղաղարարութիւն». Հակամարտութիւններին միջամտելու եւ խաղաղարար գործողութիւններին մասնակցելու կարողութիւն: Այս դրոյթներին պէտք է աւելացնել նաեւ Թուրքիայի գլխաւոր շտաբի նախկին պետ Յուսէին Կ'իւրիկօղլուի` «նախայարձակ ճակատամարտի» (forward engagement) դրոյթը, ըստ որի` զինուած ուժերը պէտք է պատրաստ լինէն կանխելու Թուրքիայի շահերի դէմ եղած սպառնալիքները` մինչեւ դրանց Թուրքիայի սահմաններից ներս թափանցելը: Կ'իւրիկօղլուի միտքը պարզաբանուած է «Սպիտակ գրքում». «2000-ական թթ. ընդհանուր օպերատիւ հայեցակարգով պահանջւում է վերահսկելի դարձնել այն շրջանը, որտեղ գտնւում է ագրեսորը եւ նրան պարտութեան մատնել իր խոր թիկունքում ու ռազմադաշտի մատոյցներում: Այդ նպատակին հասնելու համար կարեւոր էն գերակշիռ կրակային ուժով եւ զօրաշարժային (մանյովրային) կարողութիւններով զօրքեր ունենալը, ագրեսորի ամենաթոյլ տեղի ճշտումը, նշանակէտերի ճանաչումն ու յայտնաբերումը, նախազգուշացման համակարգերի, զօրքերի ղեկավարման, էլեկտրօնային պատերազմի եւ կապի ու տեղեկատուական համակարգերի համադրուած եւ արդիւնաւէտ կիրառումը»: Այսպիսով` անգամ պաշտօնական փաստաթղթերում թուրքական հրամանատարութիւնը ծրագրում է ապագայ պատերազմները մղել Թուրքիայի սահմաններից դուրս: Ամն-ի բանակի հեղինակաւոր «Փարամիթըրզ» հանդէսում վերլուծելով այս նիւթերը` նոյն եզրակացութեանն է յանգում թուրքական զինուորականութեան հարցերով մասնագիտացած ճանաչուած մի հեղինակ` Մայքլ Հիքոքը. «Անկարան ընդունել է գործողութիւնների այնպիսի մի հայեցակարգ, որով զինուորականութիւնը ձգտելու է վերացնել Թուրքիայի դէմ սպառնալիքները նրա ինքնիշխան տարածքից դուրս: Թուրքական զինուած ուժերը ոչ միայն ընդունակ էն, այլեւ ցանկանում էն գործել իրենց սահմաններից դուրս»: Այս նպատակին էն ուղղուած նաեւ թուրքական զինուած ուժերի վերազինման չափազանց յաւակնոտ ծրագրերը, որոնք մասամբ իրականացուել էն: Դեռեւս 1998 թ. օգոստոսին, մինչեւ գլխաւոր շտաբի պետ նշանակուելը, Թուրքիայի ցամաքային զօրքերի հրամանատար գեներալ Կիւրիկօղլուն, շեշտելով, որ «զօրքերի արագ ծաւալումը հեռաւոր շրջաններում կենսական նշանակութիւն ունի այն ռիսկերի եւ պատասխանատուութիւնների համար, որ մենք, հնարաւոր է` ստանձնենք», այնուհետեւ շարադրեց արդիականացման մի ծրագիր, որը Թուրքիային պէտք է ընձեռէր համատեղ գործողութիւնների ռազմավարական շարժունութիւն եւ երկրի սահմաններից դուրս հարուած հասցնելու կարողութիւն: Այդ ծրագրի իրականացումը, գեներալ Կ'իւրիկօղլուի հաւաստմամբ, կը բերի նրան, որ թուրքական բանակը կ'ունենայ ,այնպիսի զէնքերի համակարգեր, որոնք առաւելութիւն կը հաստատեն թշնամու վրայ` նրա տարածքի խոր թիկունքում, կը կիրառեն ,խելացիէ զէնք` ներառեալ «երկիր-երկիր» հեռահար հրթիռներ` ապահովելով կրակակէտերի շարունակական ու լուրջ քօղարկումը: Բանակը նաեւ կ'ունենայ նորագոյն զրահով պատուած արդիական տանկեր եւ արդիւնաւէտ հակատանկային զէնքերի համակարգեր, դրանց կից հակաօդային պաշտպանութեան միջոցներ, ինչպէս նաեւ դեսանտային զօրքեր տեղափոխող ուղղաթիռներ… Տեղեկատուութեան հաւաքման համակարգերը հնարաւորութիւն կը տան ստորաբաժանումներին բոլոր մակարդակներում յայտնաբերել, ճշտորոշել եւ ճանաչել թշնամուն իրենց կարողութեան շառաւիղի մէջէ: Դատելով ՀՀ պաշտպանութեան նախարարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Աղաբեկեանի մի ելոյթում բերած փաստերից եւ գնահատականներից` հայկական բանակի հրամանատարութիւնը` թուրքական ռազմական հայեցակարգի դրոյթների մասին ունէր լրացուցիչ սեփական տեղեկատուութիւն. «[Ադրբեջանից բացի] լուրջ սպառնալիք է շարունակում ներկայացնել եւ Թուրքիան: Վերջին` 1998թ. խմբագրութեամբ ընդունուած «Ազգային ռազմական հայեցակարգում» Հայաստանը դիտւում է որպէս Յունաստանից յետոյ թուով երկրորդ հաւանական հակառակորդը: Թուրք ռազմագէտների կողմից Հայաստանի ներկայ իշխանութիւնները դիտւում էն իբրեւ ,ծայրայեղ ազգայնական ուժերէ: Աւելին, Թուրքիան արդէն իսկ ուղղակիօրէն ներքաշուած է հայ-ադրբեջանական հակամարտութեան մէջ: Նա իր վրայ է վերցրել Ադրբեջանի զինուած ուժերի վերակառուցման, մարտական կարողութիւնների բարձրացման, կադրերի պատրաստման ու վերապատրաստման խնդիրները»: Ի մի բերենք: Թուրքիայի ռազմավարական մտածողութիւնն այնպիսի վերափոխութիւն է ապրել, որ անգամ թուրք եւ ամերիկացի վերլուծաբանները խօսում էն «նոր (նէոյ) օսմանեան օրակարգի» հաստատման մասին: Նրանց հետ համամիտ էն ռուսաստանցի մեկնաբանները, նշելով, որ ,մենք ականատեսն ենք Բարձր Դռան սրընթաց վերածննդին` սրանից բխող աշխարհաքաղաքական բոլոր հետեւանքներով հանդերձէ: 1999 թ. դեկտեմբերի 3-ին Վաշինգտօնի ինստիտուտներից մէկում Թուրքիայի պաշտպանութեան նախարար Հիքմեթ Սամի Թիւրքի կարդացած զեկուցման մէջ եղած դրոյթների մի վերլուծութիւն էլ չի բացառում Թուրքիայի ուղղակի ռազմական ներխուժումն Այսրկովկաս, յատկապէս, ղարաբաղեան հակամարտութեան կապակցութեամբ: Այսպիսով` Կենտրոնական Ասիայից մինչեւ Բալկաններ գերիշխան դեր ստանձնելու իր նոր օսմանեան դիրքորոշումներով Թուրքիան առաւել վտանգաւոր է դարձել իր հարեւանների եւ առաւել անկանխատեսելի` իր դաշնակիցների համար: Իրապաշտութիւնը պահանջում է ընդունել, որ, ինչպէս նախկինում, այսօր եւս Թուրքիան սպառնում է Հայաստանի բուն գոյութեանը: Ուստի` ՀՀ Ռազմական հայեցակարգում փոփոխութիւններ պէտք է արուէն ոչ թէ թուրքական վտանգի նուազեցման, այլ դրա է՛լ աւելի յստակ ներկայացման եւ հայկական պաշտպանական-ազատագրական առաւել արդիւնաւէտ ռազմավարութեան մշակման ուղղութեամբ: Արմէն Այվազեան Քաղաքական գիտութիւնների դոկտոր «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ», #15 (178), 22 ապրիլի, 2011 թ.
  -   Յօդուածներ