Մայր Աթոռում տեղի ունեցաւ գիտաժողով` նուիրուած երանաշնորհ Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսին


Մայր Աթոռում տեղի ունեցաւ գիտաժողով` նուիրուած երանաշնորհ Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսին

  • 23-09-2019 19:14:39   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Սեպտեմբերի 22-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում տեղի ունեցաւ գիտաժողով՝ երջանկայիշատակ Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի ոգեկոչման առիթով:
 
Մինչ գիտաժողովը հիւրերը հնարաւորութիւն ունեցան դիտել կրթական կենտրոնում կազմակերպուած Գարեգին Ա Հայրապետի կեանքի ու գործունէութեան մասին լուսանկարների եւ արխիւային նիւթերի ցուցահանդէսը:
 
Գիտաժողովը սկսուեց Տէրունական աղօթքով, որից յետոյ ներկաներին իր օրհնութեան խօսքը բերեց Գարեգին Երկրորդ Հայրապետը:
«Երջանկայիշատակ Գարեգին Ա. հայրապետը նուիրեալ ու շնորհալի ծառան էր Տէր Յիսուս Քրիստոսի, ով աստուածպարգեւ իր կեանքը ի սպաս բերեց Կենաց Խօսքի քարոզութեանը մեր ժողովրդի կեանքում: Իր աշխատութիւններից մէկում նա այսպէս է բնորոշում հաւատքի մասին իր ընկալումը. «Հաւատքը արժէք ունի, երբ մեր կեանքում կը ներգործէ: Հաւատքը տեսութիւն չէ, գաղափար չէ, զարդ ու յարդարանք չէ, պարագայական խօսք չէ, չորացած, ձևականացած աւանդութիւն չէ: Կեանք է, ապրում»: Մէկ այլ յօդուածում էլ նշում է. «Հաւատալ եւ ապրիլ բառերը հոմանիշներ են»: 
 
Հոգելոյս Գարեգին Ա Կաթողիկոսի կեանքն ու գործունէութիւնը իր հաւատքի արտայայտութիւնն էր: Նա հովուական գաւազանն իր ձեռքն էր վերցրել, որովհետեւ հաւատում էր Բարձրեալի սպասաւոր լինելու՝ իր վերնային կոչմանը: Նա աղօթում ու գործում էր, քարոզում ու ստեղծագործում, հովուական խնամք մատուցում հաւատացեալներին, կրթում աշակերտի՝ ծառայութեան միջոցով իր հաւատքին մարմին հաղորդելով:  Բարեյիշատակ Հայրապետը, իր իսկ խօսքերով, ապրում էր, որովհետեւ հաւատում էր: Նա շուրջ կէս դար իր կարելին ներդրեց մեր Սուրբ Եկեղեցու առաքելութեան արդիւնաւորմանը, ջանաց մեր ժողովրդի կեանքում Քրիստոսի լոյսը առատացնել, Տիրոջ պատգամների ու պատուիրանների հանդէպ հաւատարմութիւնը զօրացնել, ձգտեց իր խօսքով ու իր անձնական օրինակով հաւատքը կեանքի վերածելու գիտակցութիւնը ձեւաւորել:
 
Լուսահոգի Հայրապետը հովուական, կրթական ու աստուածաբանական մեծ ու հարուստ ժառանգութեամբ ամրագրեց իր անունը եկեղեցական արդի պատմութեան մէջ»,- ասաց Վեհափառ Հայրապետը` ընդգծելով, որ նրա հովուական, աստուածաբանական, քարոզխօսական եւ բազմաթիւ այլ աշխատութիւնների միջոցով տակաւին բազում սերունդներ պիտի ճանաչեն շնորհաշատ Հայրապետին, հաղորդ դառնան նրա հոգու ապրումներին ու աստուածաբանական մտքին, քարոզչական ու մեկնողական աստուածշնորհ կարողութիւններին, նրա տեսիլքներին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց, որ Աստուած երկնային երանաւէտ օթեւաններում հանգստութիւն պարգեւի երջանկայիշատակ Հայրապետի լոյս հոգուն եւ նրա պէս բազում շնորհաշատ մշակներ  հասցնի Հայոց Եկեղեցու լոյս անդաստանում՝ ծառայելու ի փառս Աստուծոյ եւ ի մխիթարութիւն հաւատաւոր մեր ժողովրդի:
 
Այնուհետեւ երանաշնորհ Հայրապետի կենսագրութեանն ու հոգեւոր գործունէութեանը բանախօսութեամբ անդրադարձաւ Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը: 
Ապա ներկաները դիտեցին «Շողակաթ» հեռուստաընկերութեան պատրաստած «Ամենայն Հայոց 131-րդ Կաթողիկոսը» փաստավաւերագրական ֆիլմը:
 
Բանախօսութիւններ ներկայացրին նաեւ ԳԱԱ Հ. Աճառեանի անուան լեզուի ինստիտուտի առաջատար գիտաշխատող բ.գ.դ., դոցենտ Հայկանուշ Մեսրոպեանը («Գարեգին Քեսաբցի Կաթողիկոսը որպէս հայագէտ») եւ «Սփիւռքի գիտաուսումնական կենտրոնի» տնօրէն բ.գ.դ., պրոֆէսոր Սուրէն Դանիէլեանը («Գարեգին Առաջին՝ անջրպետ երկնահաս բարձունքի եւ երկրի միջեւ»): 
 
Սիմպոզիումի աւարտին Վեհարանի նորակառոյց հանդիսութիւնների սրահում կատարումներով հանդէս եկաւ Երեւանի պետական կամերային երգչախումբը` ղեկավարութեամբ ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ Յարութիւն Թօփիկեանի: 
 
Հանդիսութեան ընթացքում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը ազգային մեծ բարերար Հայկ Տիտիզեանին փոխանցեց դեռեւս 2015 թուականին նրան շնորհուած «Ասպետ Սուրբ Էջմիածնի» Հայրապետական շքանշանը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի յաւէտ պայծառութեանը որդիական սիրով եւ նախանձախնդրութեամբ բերած բացառիկ աւանդի եւ աստուածահաճոյ ծառայութիւնների համար: 
 
Տիար Հայկ Տիտիզեանն իր սրտի խօսքն ուղղեց ներկաներին՝ ի մասնաւորի շնորհակալութիւն յայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին իրեն նման պատուոյ բարձրագոյն շքանշանի արժանացնելու համար:
 
Արարողութիւնն աւարտուեց Հայրապետական մաղթերգով:

 
  -   Մամլո հաղորդագրություն