Տաշիրի տարածաշրջանում մեծ թիւ են կազմում գիւղնշանակութեան հողամասերից հրաժարուելու դէպքերը


Տաշիրի տարածաշրջանում մեծ թիւ են կազմում գիւղնշանակութեան հողամասերից հրաժարուելու դէպքերը

  • 22-04-2011 18:57:21   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանն ապրիլի 22-ին խորհրդակցութիւն անցկացրեց Լոռու մարզի Տաշիրի քաղաքապետարանում, որին մասնակցում էին մարզպետ Ա. Քոչարեանը, Հանրային խորհրդի, արդարադատութեան նախարարութեան, ԿԱՅ անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէի, շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետարանների հողաշինարարներ, տարածաշրջանի համայնքապետեր: Խորհրդակցութեան հիմնական թեման վերաբերում էր քաղաքացիների եւ իրաւաբանական անձանց կողմից հողամասից կամովին հրաժարուելու դէպքերին եւ հողամասի նկատմամբ իրաւունքների դադարեցման իրաւական կարգաւորումներին: Տարածքային կառավարման նախարարութեան կատարած ուսումնասիրութիւնների արդիւնքներով պարզուել է, որ մասնաւորապէս Տաշիրի տարածաշրջանում մեծ թիւ են կազմում գիւղնշանակութեան հողամասերից հրաժարուելու դէպքերը: Գործող «Հողային օրէնսգրքի» համաձայն` քաղաքացու կամ իրաւաբանական անձի` հողամասից կամովին հրաժարուելու մասին դիմումն ստանալուց յետոյ, համայնքի ղեկավարը հողամասը համայնքային սեփականութիւն ճանաչելու վերաբերեալ որոշում պէտք է կայացնի 15-օրեայ ժամկէտում: Սակայն, ըստ ուսումնասիրութիւնների արդիւնքների, այդ հողամասերի մեծ մասի պետական գրանցումը որպէս համայնքային սեփականութիւն չի իրականացուել` համայնքների ֆինանսական միջոցների սղութեան պատճառով: Խնդիրն այն է, որ պետական գրանցման համար պահանջւում է վճարել պետտուրք եւ կատարել կ'ադաստրային այլ վճարումներ, որոնց ընդհանուր գումարը կազմում է մօտ 8000 դրամ, իսկ նախատեսուած ժամկէտում օրէնսդրական պահանջը չկատարելու համար վարչական մեխանիզմներ սահմանուած չեն: Փոխվարչապետն ստեղծուած իրավիճակը շտկելու կարեւորութիւնը դիտարկեց հողային ռեսուրսների արդիւնաւէտ կառավարման տեսանկիւնից եւ անհրաժեշտ համարեց հարցի իրաւական կարգաւորումը: Խորհրդակցութեան ընթացքում Սիւնիքի մարզպետարանի ներկայացուցիչները տեղեկացրին խնդրի կարգաւորման ուղղութեամբ մարզում կիրառուած փորձի մասին: Քննարկումների արդիւնքում որոշուեց ամփոփել հնչեցուած կարծիքներն ու առկայ փորձը, եւ դրանց հիման վրայ վերջնական լուծումների վերաբերեալ առաջարկութիւններ ներկայացնել կառավարութեանը: Քննարկուեցին նաեւ հողամասի նկատմամբ իրաւունքների հարկադիր դադարեցման հիմքերը եւ դրանց իրաւական կարգաւորման հետ կապուած հարցեր: Ըստ «Հողային օրէնսգրքի»` հողամասերը երեք տարուայ ընթացքում ոչ նպատակային նշանակութեամբ օգտագործելու կամ հողի հարկի պարտաւորութիւնները երեք տարի չկատարելու դէպքում հողամասի նկատմամբ իրաւունքները կարող են հարկադիր կարգով դադարեցուել: Քննարկման մասնակիցները հանդէս եկան յօգուտ սեփականութեան իրաւունքի դադարեցման կամաւոր եղանակի` բացառութեամբ այն պարտադիր դէպքերի, որոնք սահմանուած են օրէնսդրութեամբ: Խորհրդակցութիւնից յետոյ փոխվարչապետն այցելեց նաեւ «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինութիւն» ծրագրով վերակառուցուող Ստեփանաւանի թիւ 6 դպրոց, ծանօթացաւ շինարարական աշխատանքների ընթացքին: Տեղեկացուեց, որ ձմեռային շրջանից յետոյ շինաշխատանքները ներկայումս իրականացւում են լայն թափով, ժամանակացոյցից շեղումներ չկան: Արդէն կատարուել է աշխատանքերի 65 տոկոսը, եւ նախատեսւում է, որ դպրոցը պատրաստ կը լինի նոր ուսումնական տարում: Փոխվարչապետը յատուկ նշեց աշխատանքների որակով իրականացման կարեւորութիւնը:
  -   Տնտեսութիւն