Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան շնորհուել է բարերար, բժիշկ Կարօ Դերձակեանին


Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան շնորհուել է բարերար, բժիշկ Կարօ Դերձակեանին

  • 01-10-2019 11:31:54   |   |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ, տեղի ունեցաւ շքանշանի յանձնման հանդիսաւոր արարողութիւն: 
 
Հայաստանում բժշկութեան առաջընթացի ու զարգացման, մեծ վաստակի, հայրենանուէր, եկեղեցասէր ու ազգաշահ իրագործումների համար Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատուոյ բարձր շքանշան յանձնուեց Մայր Աթոռի բարերար, բժիշկ Կարօ Դերձակեանին (Կալիֆորնիա, ԱՄՆ):
 
Արարողութիւնը բացուեց Տէրունական աղօթքով, որից յետոյ ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Դիւանատան Ներեկեղեցական յարաբերութիւնների գրասենեակի տնօրէն Արժանապատիւ Տ. Պարոյր քահանայ Աւետիսեանը: Մեծարեալի կեանքին ու ազգանուէր գործունէութեանն անդրադարձաւ Մայր Աթոռի «Իզմիրլեան» բժշկական կենտրոնի ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար, ՀՀ Ուրոլոգների ասոցիացիայի նախագահ բ.գ.թ., դոցենտ Արթուր Գրաբսկին:  
 
Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողութեան ներքոյ բերուեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը:  
 
Կոնդակում ի մասնաւորի ասուած է. «Մեծարգոյ պարոն Դերձակեան, գոհունակութեամբ ենք անդրադառնում արժանաւոր հայորդուդ աստուածահաճոյ առաքելութեանը, որ արդիւնազարդ է բժշկութեան ոլորտում տասնամեակների ծառայութեան բարի արգասիքներով: Բժշկութեան լայն ասպարէզում մեծապէս յայտնի է Ձեր անունը: Տարիներ շարունակ Դուք Ձեր կարողութիւնները ազնուօրէն ծառայեցնում էք ապաքինման կարօտ անձանց առողջութեան վերականգնմանն ի խնդիր: Աւելի քան երեք տասնամեակներ գնահատարժան կարեւոր սպասաւորութիւն էք մատուցում հայրենի մեր երկրում բժշկութեան, ի մասնաւորի ուրոլոգիայի զարգացման գործում, հայաստանեան գործընկերներին ապահովում արդիական սարքաւորումներով, իրականացնում նոր տեխնոլոգիաներով աշխատելու փորձի փոխանակում։ Մեծապէս գովելի է, որ Ձեր գիտելիքներն ու հմուտ փորձառութիւնները շարունակաբար փոխանցում էք նոր սերնդի բժիշկներին՝ կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ։ Ուրախութեամբ ենք հաստատում, որ տասը տարիներից աւելի համագործակցում էք «Իզմիրլեան» բժշկական կենտրոնի հետ, նորագոյն արտադրութեան լազերային սարքաւորումներով ապահովում բժշկական կենտրոնի արդիւնաւոր գործունէութիւնը՝ խնամատարելու համար առողջութեան վերականգնման անհրաժեշտութիւնն ունեցող անձանց ապաքինման կարիքները»:
 
Կոնդակի հրապարակումից յետոյ Վեհափառ Հայրապետը մեծարեալին յանձնեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատուոյ շքանշանը:
 
Ապա շնորհակալական խօսք ասաց տիար Կարօ Դերձակեանը՝ ընդգծելով, որ այս իրողութիւնը բժշկագիտութեան ոլորտում Հայաստան-Սփիւռք համագործակցութեան լաւագոյն ապացոյցներից է: Բարերարն ընդգծեց նաեւ, որ իրեն մշտապէս հնարաւորութիւն է ընձեռնուել իր ջանքերը ներդնելու ի նպաստ Հայաստանում ուրոլոգիայի զարգացմանը: Մեծարեալը երախտագիտութիւն յայտնեց Հայոց Հայրապետին իր անձի հանդէպ դրսեւորած ուշադրութեան եւ բարձր պատուի ու պարգեւի արժանացնելու համար: 
 
Այնուհետեւ երաժշտական կատարումներով հանդէս եկան «Նոր անուններ» ծրագրի շնորհալի պատանիները:
 
Հանդիսութիւնն ամփոփուեց Նորին Սրբութեան օրհնութեան խօսքով: Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ երկար տարիներ ճանաչել է Կարօ Դերձակեանին եւ հաղորդ է նրա հայրենասիրական ոգուն: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ նշանաւոր բժիշկը Հայրենիքի հանդէպ սէրը կարողացել է վերածել օրհնութեան՝ իր մասնագիտական ոլորտում օգտակարութիւն բերելով հայրենաբնակ բժիշկներին: Նորին Սրբութիւնը նաեւ ուրախութեամբ արձանագրեց, որ Հայրենիքի նուիրեալն իր աշխատանքով մեծագոյն սէր ու յարգանք է վայելում իր գործընկերների կողմից:
 
Վերջում իր շնորհաւորանքներն ու բարեմաղթանքները բերելով տէր եւ տիկին Դերձակեաններին`  Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը մաղթեց,  որ Բարձրեալն Աստուած հանապազ պահի ու պահպանի Դերձակեան ընտանիքին Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքոյ եւ շնորհի արեւշատութիւն, նորանոր յաջողութիւններ եւ երկնահեղ ամենայն բարիք: Նորին Սրբութիւնը յորդորեց շարունակել իրենց ազգասէր ու աստուածահաճոյ գործունէութիւնն ի փառս Աստծու եւ ի բարօրութիւն Հայրենիքի:
 
 

 
  -   Մամլո հաղորդագրություն