Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետութեան ժամանակաւոր հաւատարմատարին
07-10-2019 17:28:24 | | Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Իրաքի Հանրապետութեան ժամանակաւոր հաւատարմատար Էզզադդին Ռաշիդ Հաջիին:
Վեհափառ Հայրապետը նորանշանակ ժամանակաւոր հաւատարմատարին մաղթեց արդիւնաւոր առաքելութիւն Հայաստանում` ի շահ եւ ի բարօրութիւն երկու երկրների եւ ժողովուրդների:
Հանդիպմանը Հայոց Հայրապետը խօսեց երկու երկրների միջեւ պատմականօրէն ձեւաւորուած բարեկամական կապերի մասին` յոյս յայտնելով, որ պրն. Էզզադդին Ռաշիդ Հաջիի գործունէութիւնը կը նպաստի նաեւ առկայ գործակցութեան առաւել խորացմանն ու զարգացմանը:
Անդրադառնալով Իրաքում հայ համայնքի կեանքին` Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ ընդգծեց, որ շնորհիւ Իրաքի իշխանութիւնների հոգատար վերաբերմունքի Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ երկրում ապաստան գտած հայորդիները հնարաւորութիւն են ունեցել ազատօրէն ապրելու իրենց ազգային եւ հոգեւոր կեանքով եւ իրենց նպաստը բերելու երկրի առաջընթացին:
Իր հերթին ՀՀ-ում Իրաքի ժամանակաւոր հաւատարմատարն անդրադարձ կատարեց հայ-իրաքեան համագործակցութեան արձանագրած արդիւնքներին եւ հայ համայնքի կեանքին: Փոխադարձ կապերի զօրացման գործում պրն. Էզզադդին Ռաշիդ Հաջին կարեւոր նկատեց Հայոց Եկեղեցու դերակատարութիւնը:
Զրոյցի ընթացքում խօսուեց նաեւ Մերձաւոր Արեւելքում տիրող մտահոգիչ իրավիճակի մասին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Երկնաւորի զօրակցութիւնը Իրաքի ժողովրդին, որպէսզի վերականգնի իր խաղաղ, ապահով ու բարօր կեանքի ընթացքը: